Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Գալուստ Սահակյանը Կանադայի Սենատի նախագահին է ներկայացրել Արցախյան հիմնախնդրին վերաբերող մանրամասներ

Գալուստ Սահակյանը Կանադայի Սենատի նախագահին է ներկայացրել 
Արցախյան հիմնախնդրին վերաբերող մանրամասներ

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խորհրդարանի ղեկավար Գալուստ Սահակյանը մայիսի 26-ին հանդիպել է Կանադայի Սենատի նախագահ Լեո Հուսակոսի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Գալուստ Սահակյանը շնորհակալություն է հայտնել հրավերի եւ ջերմ ընդունելության համար: Խոսելով երկու երկրների հարաբերությունների մասին` խորհրդարանի ղեկավարը նշել է, որ 1992 թվականից ի վեր, երբ Կանադայի եւ Հայաստանի միջեւ հաստատվել են դիվանագիտական հարաբերություններ, երկու երկրների իշխանությունները տարեցտարի զարգացրել են բարեկամական հարաբերությունները: Գալուստ Սահակյանի համոզմամբ` այժմ եկել է խորհրդարանական համագործակցության նոր փուլի ուրվագծման ու իրագործման ժամանակը:

ԱԺ նախագահը Լեո Հուսակոսին ներկայացրել է ՀՀ Ազգային ժողովի նախաձեռնությունը, որով մեկնարկել է ցեղասպանությունների կանխարգելման եւ դատապարտման խորհրդարանական հանձնախմբեր ստեղծելու գործընթացը: Գալուստ Սահակյանը նշել է, որ շուտով, երբ Հայաստանի խորհրդարանն ամբողջությամբ ավարտի այդ գործընթացը, հատուկ առաջարկով դիմելու է աշխարհի առաջադեմ երկրների խորհրդարաններին, որպեսզի նրանք էլ ստեղծեն համանուն հանձնախմբեր:

Գալուստ Սահակյանը Լեո Հուսակոսին ներկայացրել է նաեւ Արցախյան հիմնախնդրին վերաբերող որոշ մանրամասներ: Նա ցավով նշել է, որ Ադրբեջանի կողմից գրեթե ամեն օր խախտվում է հրադադարի ռեժիմը, ինչի հետեւանքով երկու կողմերը հաճախ ունենում են մարդկային կորուստներ: Ազգային ժողովի նախագահը վերահաստատել է Հայաստանի` Արցախյան հիմնախնդրին խաղաղ ճանապարհով լուծում տալու դիրքորոշումը: 
Գալուստ Սահակյանը գոհունակությամբ փաստել է, որ Կանադան հավասարակշռված մոտեցում ունի Լեռնային Ղարաբաղի հարցում:

Խոսելով Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման մասին՝ ԱԺ նախագահը նշել է. «Ցեղասպանությունների ճանաչումն ու դատապարտումը չպետք է դիտարկվեն քաղաքական հարցերի շրջանակում: Ժամանակն է, որ այդօրինակ հարցերում ոչ թե քաղաքականությունն ազդի քաղաքակրթության վրա, այլ ճիշտ հակառակը, քաղաքակրթությունը՝ քաղաքականության վրա»: 

Կանադայի Սենատի նախագահ Լեո Հուսակոսը շնորհակալություն է հայտնել Գալուստ Սահակյանին հրավերն ընդունելու եւ Կանադա այցելելու համար: Հանդիպման ընթացքում պատվիրակությունը շրջել է Սենատում եւ ծանոթացել Սենատի գործունեության ընթացակարգերին:

ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանը, Հովհաննես Սահակյանը, Ռուզաննա Մուրադյանը, Արտակ Զաքարյանը, Թեւան Պողոսյանը, Իշխան Խաչատրյանը, Հրանտ Բագրատյանը, Լյովա Խաչատրյանը եւ Աղվան Վարդանյանը, հանդիպումներ է ունեցել նաեւ Կանադայի ազգային պաշտպանության եւ մշակութային բազմազանության նախարար Ջեյսոն Քեննիի հետ, ով Կանադայում հայտնի է Հայոց ցեղասպանությունն աշխարհում ճանաչելու եւ դատապարտելու գործում իր ունեցած ավանդով: Պատվիրակությունը հանդիպել է նաեւ Կանադա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի անդամների հետ: 

Հայկական պատվիրակության պատվին Կանադայի Սենատի նախագահի կողմից տրվել է պաշտոնական ճաշ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am