Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Կառավարությունը հաստատեց «Հայփոստ»-ը մասնավորեցնելու նախագիծը

Կառավարությունը հաստատեց «Հայփոստ»-ը մասնավորեցնելու նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կառավարությունը հավանություն տվեց հավատարմագրային կառավարման հանձնված «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերությունը մասնավորեցնելու նախագծին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը՝ ՀՀ պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը նշեց, որ «Հայփոստ»-ի մասնավորեցումը կնպաստի մասնավոր ներդրումների ներգրավմանը, ֆինանսական հոսքերի ավելացմանը, ընկերության արդիականացմանը:

«Ընկերությաւն մասնավորեցումը ենթադրում է ներդրումների իրականացում, որի արդյունքում կապահովվի «Հայփոստ» ՓԲԸ-ի ֆիզիկական ենթակառուցվածքների արդիականացումը, կիրականացվի մինչև 250 փոստային բաժանմունքների վերանորոգում, որպեսզի ընդհանուր ամբողջովին վերանորոգված լինեն մինչև 500 փոստային բաժանմունքներ, ձեռք կբերվեն շարժական փոստային մեքենաներ, որոնցով կսպասարկվեն Հայաստանի բոլոր համայնքները՝ ներառյալ այն 250 համայնքները, որտեղ փոստային բաժանմունքներ ներկայումս չկան: Հայաստանում գրանցված բոլոր 750 հազար հասցեներում կտեղադրվեն փոստարկղեր, ընկերությունում կներդրվեն ժամանակակից լավագույն տեխնոլոգիաներ, կարդիականացվեն և կբազմազանեցվեն փոստային ծառայությունները, կխթանվի միջազգային էլեկտրոնային առևտուրը»,- նշեց Սահակյանը:

Ակնկալվում է նաև, որ կընդլայնվի «Հայփոստ»-ի արտատարածքային բաժանմունքների ցանցը Սփյուռքի ընտրված կենտրոններում՝ լոգիստիկայի խթանման միջոցով բարելավելով էլեկտրոնային առևտուրը և այլն: ««Հայփոստ» ՓԲԸ -ն կվերածվի ազգաբնակչության համար կայուն, վստահելի փոստային կապի գործունեություն իրականացնող օպերատորի, որը կունենա լայնածավալ ներկայացվածություն Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում. նորարարական, արդյունավետ և շահութաբեր ընկերության, որը հնարավորություն կունենա Հայաստանի ազգաբնակչությանը մատուցել փոստային, ֆինանսական և մանրածախ ծառայություններ` ժամանակակից լավագույն տեխնոլոգիաների կիրառման միջոցով: Այն կդառնա հաճախորդին ուղղված ֆունկցիոնալ, օպերատիվ և կոմերցիոն  ընկերություն՝ նորարական ապրանքների և ծառայությունների խթանման միջոցով (զարգացնելով եռաչափ (3D) ցանցը), աշխարհի ֆիլատելիստական քարտեզում հայկական նամականիշերը պատշաճորեն ներկայացնող աչքի ընկնող կազմակերպություն»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ:

Ընկերության միակ բաժնետերը Հայաստանի Հանրապետությունն է` ի դեմս ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության: 

«Հայփոստ»-ն առավել մրցակից, թափանցիկ, արդյունավետ և հաշվետու դարձնելու նպատակով 2006թ. նոյեմբերի 30-ին ՀՀ կառավարության և «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ՓԲԸ-ի (Հավատարմագրային կառավարիչ) միջև կնքվել էր պայմանագիր, որով ընկերության բաժնետոմսերով հավաստված իրավունքը հանձնվել էր կառավարման Հավատարմագրային կառավարչին` 5 տարի ժամկետով: 2012թ. հուլիսի 10-ին կողմերի միջև կնքվել էր նոր համաձայնագիր, որով պայմանագրի գործողության ժամկետը երկարացվել է մինչև 2016թ. դեկտեմբերի 1-ը:

2015թ. հունվարի 1-ի դրությամբ  ընկերության աշխատակիցների թիվը կազմել է 2 հազար 959:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am