Երևանում՝ 11:07,   24 Մայիս 2024

Սփյուռքի նախարարությունը պատրաստ է կազմակերպել հալեպահայ երեխաների հայաստանյան հանգիստը

Սփյուռքի նախարարությունը պատրաստ է կազմակերպել հալեպահայ երեխաների  հայաստանյան հանգիստը

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սփյուռքի նախարարությունը պատրաստ է կազմակերպել հալեպահայ երեխաների ամառային հանգիստը Երևանում: Նախարարության ունեցած տվյալներով՝ մայիսի 12-ին Սիրիայում ավարտվել են դպրոցական դասերն ու քննությունները: Սպասվում է, որ կլինեն դպրոցահասակ երեխաներ, ծնողներ, որոնք կցանկանան ամռան իրենց հանգիստը կազմակերպել Հայաստանում կամ վերջնականապես վերադառնալ հայրենիք: Այս մասին «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Ցավոք, վերջին շրջանում առավել վտանգված է քրիստոնյաների, մասնավորապես՝ հայկական համայնքի վիճակը Հալեպում: Տագնապալի լուրեր են ստացվել, որ օրերս Հալեպը շրջափակված էր, չկար լույս, ջուր, սնունդը ծայրահեղ անբավարար էր: Հալեպահայության գերակշիռ մասի մոտ տիրապետող էր հուսալքման և խուճապային տրամադրությունը: Սիրիահայերին մշտական օգնություն են կազմակերպում ՀՀ դեսպանատունը՝ դեսպան Արշակ Փոլադյանի գլխավորությամբ, ինչպես նաև Հալեպում ՀՀ հյուպատոս Տիգրան Գևորգյանը, համայնքային կառույցի ղեկավարները: Մեր ունեցած տվյալներով` սիրիահայության, մասնավորապես հալեպահայության մոտ տիրում են տարբեր տրամադրություններ. որոշները մտածում են տեղափոխվել Հայաստան, մյուսները` Սիրիայում ապահով այլ վայրեր կամ մնալ տեղում»,-ասված է պատասխանի մեջ:

Սփյուռքի նախարարությունից նաև տեղեկացրել են, որ ՀՀ վարչապետի որոշմամբ գործում է միջգերատեսչական հանձնաժողով, որի կազմում ընդգրկված են ներկայացուցիչներ բոլոր պետական մարմիններից: Հանձնաժողովը պարբերաբար գումարում է նիստեր, հստակեցնում սիրիահայերին առնչվող հրատապ խնդիրները, նախանշում դրանց լուծման ուղիները: «Օրերս գումարվեց գերատեսչության հանձնաժողովի նիստ, որում խնդիր դրվեց ճշգրտելու յուրաքանչյուր գերատեսչության հնարավորությունների շրջանակները, որոնք կարող են արդյունավետ լինել Հայաստան ժամանող սիրիահայերին օգնելու համար: Մեր հայրենակիցներին օգնելու նպատակով մեծ աշխատանք են տանում համահայկական և հոգևոր կառույցները, ավանդական կուսակցությունները, բարեգործական միությունները և այլ կազմակերպություններ, որոնք միավորվել են «Շտապօգնության և վերականգնման» համայնքային կառույցների մեջ: Կարևոր է հատկապես սփյուռքի համայնքներին աջակցությունը»,-նշել են նախարարությունից:

Սփյուռքի նախարարությունն ամենօրյա կապի մեջ է Սիրիայում գործող հայկական դիվանագիտական կառույցների, «Շտապօգնության և վերականգնման» մարմնի ղեկավարների, ՀՀ-ում գործող սիրիահայերի խնդիրները համակարգող հասարակական կազմակերպությունների հետ: «Մեր գործընկերներն են նաև ՄԱԿ-ի փախստականների գրասենյակը, Կարմիր խաչը, ՀՕՖ-ը, ՀԲԸՄ-ն և համահայկական այլ կառույցներ: Սիրիահայ մեր հայրենակիցներից նրանք, ովքեր կժամանեն Հայաստան, կստանան նույն կարգի օգնություն, ինչ նախորդները: Մասնավորապես՝ Հայաստան ժամանած երեխաները հնարավորություն կունենան հանգստանալու ՀՀ կառավարության ֆինանսական միջոցներով կազմակերպված ճամբարներում: Երեխաների հանգիստը կազմակերպելու պատրաստակամություն են հայտնել նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, Հայ Կաթողիկե եկեղեցին, Հայ Ավետարանական եկեղեցին և այլ կառույցներ»,-նշում են նախարարությունից:

Ինչ վերաբերում է Հալեպից հայերի տարհանմանը, ապա նախարարությունից հայտնել են, որ նման առաջարկ չեն ստացել Սիրիայից, մասնավորապես Հալեպից: «Մեր հարցումներին, թե այս պահին ինչ է անհրաժեշտ համայնքին, «Շտապօգնության և վերականգման մարմնի» ղեկավարությունը ժամանակ է խնդրել՝ հարցը քննարկելու և իրենց առաջարկներն ու պահանջները ներկայացնելու համար: Անկասկած է, որ նրանց առաջարկներին և ցանկություններին մենք պատրաստ ենք արագորեն ընթացք և լուծումներ տալ: Նկատի ունենալով Սիրիայում ներքաղաքական վիճակի բարդությունը՝ մեր յուրաքանչյուր քայլը կատարելիս, քննարկում, համաձայնեցնում ենք համայնքի հետ՝ նրանց անվտանգությունից ելնելով»,-հավաստիրացրել են սփյուռքի նախարարությունից:

Սիրիայում պատերազմի հետևանքով մահացել է 100-ից ավելի սիրիահայ: Այնտեղ գտնվող հայ համայնքը, ներկայում, 20-30 հազար է գնահատվում, մինչ պատերազմը Սիրիայում բնակվում էր ավելի քան 100 հազար հայ, նրանց մեծ մասը կենտրոնացած էր Հալեպում` շուրջ 70 հազար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am