Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

Մորգենթաուն գրչով և հեռախոսով բացահայտեց օսմանյան կոտորածները. Wall Street Journal-ի անդրադարձը

Մորգենթաուն գրչով և հեռախոսով  բացահայտեց օսմանյան կոտորածները. Wall 
Street Journal-ի անդրադարձը

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թեպետ Թուրքիան ամեն բան անում է երկրի տարածքում 100 տարի առաջ հայերի հետ կատարվածը մոռացության տալու համար, սակայն դա անհնար է` շնորհիվ ԱՄՆ մի դիվանագետի` Հենրի Մորգենթաուի, ով շատ ավելի վաղ, քան կային սոցիալական մեդիան և տեսանյութերը, իր գրչով և հեռախոսով ամերիկացի ընկերների ուշադրությունը հրավիրեց կոտորածների վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ամերիկյան հեղինակավոր The Wall Street Journal պարբերականում տեղ գտած հոդվածում գրել է Գորդոն Քրովիցը:

Նա պատմում է, որ 1915 թվականին Մորգենթաուն Օսմանյան կայսրությունում ԱՄՆ դեսպանն էր և ականատեսն է եղել Ստամբուլի առաջադեմ հայերի ձերբակալություններին և սպանություններին: 1918 թվականին հրատարակված «Դեպսան Մորգենթաուի պատմությունը» գիրքը, որտեղ զետեղված էին թուրք պաշտոնյաների հետ քննարկումներն ու զրույցները, դարձավ արժեքավոր աղբյուր, որտեղից տարիներ հետո հնարավոր էր լինելու իմանալ կատարվածի մասին:

Սեփական տներից հայերի արտաքսումը Մորգենթաուն բնորոշել էր որպես «ռասայական ոչնչացման արշավ»: «Երբ թուրքական իշխանությունները տալիս էին այս արտաքսումների մասին կարգադրությունը, նրանք պարզապես մահվան էին դատապարտում ամբողջ ռասայի. նրանք սա շատ լավ գիտակցում էին և իմ հետ զրույցներում անգամ չնչին փորձ չարեցին կոծկելու այս փաստը»,- մեջբերում է ԱՄՆ դեսպանի խոսքերը հեղինակը:

Քրովիցը ներկայացնում է հատված Թալեաթ փաշայի հետ Մորգենթաուի խոսակցությունից, որտեղ թուրք փաշան հետաքրքրվում էր, թե ինչու է ազգությամբ հրեա դեսպանն այսքան մտահոգված քրիստոնյա հայերի ճակատագրով: Ի պատասխան նման հարցադրմանը` դիվանագետը նշել է, որ Օսմանյան կայսրությունում է գտնվում ոչ թե որպես հրեա, այլ որպես ԱՄՆ դեսպան` մի երկիր, որտեղ 97 միլիոն քրիտոնյա է բնակվում և երեք միլիոնից պակաս հրեա: Եվ, բացի այդ, դիմում է Թալեաթին ոչ միայն որպես դեսպան, այլ, պարզապես, որպես մարդ: «Մեր ժողովուրդը երբեք չի մոռանա այս կոտորածները: Նրանք միշտ կհիշեն Թուրքիայում քրիստոնյաների լիակատար ոչնչացումը»,- ավելացրել էր Մորգենթաուն:

Ներկայացնելով ԱՄՆ դեսպանի պատմությունը` հոդվածագիրը հիշեցնում է Հռոմի պապի կողմից անցկացված պատմական պատարագն ու դրան ի պատասխան Էրդողանի կոպիտ հայտարարությունը:

«Մենք պետք է մտածենք, որ ժամանակակից հաղորդակցման միջոցները մեզ ավելի տեղեկացված են դարձնում և իրադարձություններում ներգրավված, քան նախորդ սերունդներին: Եվ այսօրվա կոտորածները լավ փաստագրված են»,- գրում է Քրովիցը` հիշատակելով ԻՊ-ի վայրագությունները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am