Արսեն Ջուլֆալակյանը հաղթանակը նվիրեց Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակին
ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սոֆիայի «Խրիստո Բոտև» մարզադահլիճում ապրիլի 24-ին մեկնարկեց ըմբշամարտի «Դան Կոլով և Նիկոլա Պետրով» 53-րդ միջազգային ավանդական մրցաշարը. հունահռոմեկան, ազատ ոճերի ըմբշամարտի, ինչպես նաև կանանց ըմբշամարտի մրցումներին 26 երկրի 300 ըմբիշ են մասնակցում:
Մրցաշարի 1-ին օրը հունանռոմեական ոճի ըմբշամարտի մրցումներում մեդալներ խաղարկվեցին 59 կգ, 75 կգ և 130 կգ քաշային կարգերում: Հայաստանի պատվիրակներից մրցագորգ ելավ 5 ըմբիշ, այդ թվում՝ 59 կգ և 130 կգ քաշային կարգում՝ մեկական, 75 կգ-ում ՝ երեքը:
Աշխարհի չեմպիոնին վայել ելույթով կրկին հիացրեց հեղիանակավոր ու ավանդական այս մրցաշարին մասնակցող մեր ըմբիշներից ամենափորձառուն՝ 75 կգ քաշային Արսեն Ջուլֆալակյանը: Նա 17 ըմբիշների պայքարում վստահ անցկացրեց իր բոլոր 4 գոտեմարտերը (ի դեպ բոլոր 4-ն էլ հետաքրքիր զուգադիպությամբ բուլղարացի ըմբիշների հետ), հասավ եզրափակիչ և այստեղ էլ 2:0 հաշվով առավելության հասնելով տանտերերի ևս մեկ ներկայացուցիչ Իլիան Գեորգիևի նկատմամբ՝ հռչակվեց ստուգատեսի հաղթող ու արժանացավ ոսկե մեդալին:
Ֆեյսբուքյան իր էջում Արսենը լուսանկարներ է տեղադրել, որոնցով նա հայտնում է, որ հաղթանակը նվիրում է Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն զոհերի հիշատակին: Հատկանշական է, որ օլիմպիական չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանի որդին պարգևատրման արարողությանը մասնակցել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված մարզաշապիկով:
Հաջող էր նաև այս նույն՝ 75կգ քաշային կարգում հանդես եկած Կարապետ Չալյանի ելույթը, ով նվաճեց բրոնզե պարգևը: Կարապետը նախ 8:0 հաշվով հաղթեց ալբանացի Էնյո Լիմուշային, ապա քառորդ եզրափակչում առավելության հասավ թիմակցի՝ Վարշամ Բորանյանի նկատմամբ (4:0) ու մտավ կիսաեզրափակիչ: Չալյանի առաջընթացը կանգնեցրեց բուլղարացի Իլիան Գեորգիևը, ով մեր ըմբիշին հաղթեց 4:1 հաշվով: Իսկ ահա բրոնզե մեդալի համար գոտեմարտում Կարապետը կրկին իրեն գերազանց դրսևորեց և 3:0 հաշվով պարտության մատնելով Թուրքիայի պատվիրակ Սերեֆ Թուֆենկին՝ գրավեց 3-րդ տեղը:
59 քաշային կարգում 17 ըմբիշների մրցապայքարում ելույթ ունեցած Նարեկ Խաչատրյանը, մեկնարկային գոտեմարտում 0:4 հաշվով զիջեց նորվեգացի Տիգ-Անդրե Բերգեին ու դուրս մնաց հետագա մրցապայքարից: Նորվեգացին իր հերթին կիսաեզրափակչում 0:9 հաշվով պարտվեց 2013թ աշխարհի չեմպիոն, բուլղարացի Իվո Անգելովին: Վերջինս եզրափակչում էլ 2:0 հաշվով առավելության հասնելով իր հայրենակից, 2014թ Եվրոպայի չեմպիոն Ալեքսանդր Կոստանդիովի նկատմամբ՝ դարձավ այս քաշային կարգի հաղթողը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան:
Գերծանր քաշային կարգում ստուգատեսի հաղթող դարձավ եգիպտացի Մոհամեդ Աբդելաթիֆին, ով եզրափակչում 10:0 հաշվով պարտության մատնեց ռումինացի Ալեքսիուս Ալին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում