Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Վալանսում տեղադրվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքար

Վալանսում տեղադրվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված 
խաչքար

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի Վալանս քաղաքի Իջևան հրապարակում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում ապրիլի 19-ին տեղի է ունեցել անմեղ զոհերի հիշատակին նվիրված խաչքար-հուշարձանի բացման հանդիսավոր արարողություն՝ Ֆրանսիայում գործող «Ֆրանսիա-Աշտարակ-Արմենիա» մշակութային միության նախագահ  Լևոն Չատիկյանի ջանքերով և հովանավորությամբ: Այս խաչքարը 699-702թթ. Ջուղայում տեղադրված խաչքարի կրկնօրինակն է՝ կերտված  հայկական տուֆից: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից,  խաչքարի բացման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել Վալանս քաղաքի քաղաքապետ Նիկոլա Դարագոն, Լևոն Չատիկյանը, մի շարք պաշտոնական անձիք, հոգևոր այրեր և համայնքի ներկայացուցիչներ:

Միջոցառման ընթացքում ընթերցվել է ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ողջույնի խոսքը, որում ասված է.

«Մեծահար՛գ քաղաքապետ պարոն Նիկոլա Դառագոն, Հարգարժա՛ն պարոն Չատիկյան, Հոգեշնորհ ու արժանապատիվ հայրեր, Վալանսի հայ համայնքի սիրելի՛ ներկայացուցիչներ, Թանկագին հայրենակիցներ և հյուրեր,

Այսօր, հիրավի, պատմական օր է Վալանս քաղաքի հայության համար, քանզի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին քաղաքի գեղատեսիլ վայրերից մեկում՝ Իջևան հրապարակում, տեղի է ունենում հայկական տուֆից կերտված հոյակերտ խաչքար-հուշարձանի բացման արարողությունը:

Ուրախ եմ, որ այս հիանալի միջոցառմանը ներկա գտնվելու նպատակով Վալանս են այցելել նաև Ֆրանսիայի տարբեր քաղաքներից տասնյակ հայորդիներ՝ արժանին մատուցելու այս կարևոր ձեռնարկին և միասին հիշատակելու Հայոց ցեղասպանության անմեղ զոհերին:

Այս խաչքարի տեղադրումը շարունակությունն է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված այն բոլոր ծրագրերի և նախաձեռնությունների, որոնք տարբեր ժամանակներում կյանքի են կոչվել Վալանսի հայ համայնքի և քաղաքապետարանի համատեղ ուժերով՝ շեշտելով Ֆրանսիական պետության դիրքորոշումը Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման հարցում:

Հարգելի՛ պարոն քաղաքապետ,

Իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում Ձեզ հայ համայնքին ցուցաբերած աջակցության, ջերմ վերաբերմունքի և համայնքի հետ ակտիվ համագործակցության համար: Անչափ բարձր գնահատանքի է արժանի նաև այն, որ չընկրկեցիք թուրքերի բողոք ճնշումներից և արդարորեն սատար կանգնեցիք խաչքարը քաղաքում տեղադրելու քաղաքի ավագանու կողմից կայացրած որոշմանը: Համոզված եմ, որ տարիների ընթացքում ձևավորված և բարի ավանդույթ դարձած հայ-ֆրանսիական հարաբերություններն ապագայում ևս կզարգանան և էլ ավելի կխորանան:

Շնորհակալության իմ խոսքն եմ հղում նաև «Ֆրանսիա-Աշտարակ-Արմենիա» մշակութային միության նախագահ պարոն Լևոն Չատիկյանին, ում անմիջական ջանքերի շնորհիվ Վալանսում կանգնեցվեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված առաջին խաչքարը:

Վալանսի հայ համայնքի ներկայացուցիչներ, իմ սիրելի՛ հայրենակիցներ, մի քանի օրից լրանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Այս առումով պետք է նշեմ, որ մեր պայքարը ապրիլի 24-ից հետո չի դադարելու, այլ ընդհակառակը, մենք ավելի կազմակերպված ու ծրագրված պետք է շարունակենք Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, դատապարտման և հետևանքների վերացման գործընթացը:

Վստահ եմ, որ համախմբված կերպով կշարունակեք հետամուտ լինել Հայ դատն առաջ տանելու, ինչպես առկա խնդիրները հաղթահարելու մարտահրավերներին:

Ձեզ բոլորիդ մաղթում եմ հաջողություններ՝ ի նպաստ Վալանսի հայ համայնքի զորացման, ինչպես նաև մեր երկու պետությունների և ժողովուրդների բարգավաճման»:

2014 թվականի դեկտեմբերին  Ֆրանսիայի Վալանս քաղաքի ավագանին որոշում է ընդունել քաղաքի Իջևան հրապարկում կանգնեցնել խաչքար` ի հիշատակ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Որոշման կայացմանը նպաստել է անձամբ Վալանսի քաղաքապետ  Նիկոլա Դառագոն: Որոշման դեմ բողոքել է թուրքական համայնքը, սակայն ապարդյուն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am