Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել ԵՄ-ին՝ ապահովել ապաստան ստանալու գաղթականների իրավունքը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել ԵՄ-ին՝ ապահովել ապաստան ստանալու գաղթականների իրավունքը

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը կոչ է արել եվրոպական երկրներին՝ ապահովել պատերազմից փախչող մարդկանց ապաստան ստանալու իրավունքը: Մեկնաբանելով Լիբիայի ափերի մոտ գաղթականների փոխադրող հերթական նավի խորտակումը՝ գլխավոր քարտուղարը Միջերկրական ծովը համարել է ամենավտանգավոր ուղիներից մեկը գաղթականների համար, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Գլխավոր քարտուղարը ցնցված է եւ խորապես վշտացած Լիբիայի ափերի մոտ նավի խորտակումից, որը փոխադրում էր շուրջ 700 գաղթականների ու փախստականների: Ողբերգությունը եւս մեկն է անցած շաբաթ տեղի ունեցած պատահարների շղթայում, որոնց հետեւանքով զոհվել են հարյուրավոր այլ գաղթականներ ու փախստականներ»,- ասված է ՄԱԿ-ի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսքով՝ հերթական ողբերգությունը «հիշեցում է Միջերկրական ծովում որոնողա-փրկարարական աշխատանքներն ուժեղացնելու խիստ անհրաժեշտության մասին»:

«Գլխավոր քարտուղարը կոչ է անում եվրոպական պետություններին եւ Եվրամիությանը՝ ուժեղացնել այն ջանքերը, որոնք նպատակամղված են այն մարդկանց դժվարին կացությանը արձագանքելուն, ովքեր ապաստան են փնտրում նրանց սահմանների մոտ»,- ասված է հայտարարության մեջ:

«Միջազգային արձագանքը պետք է լինի համապարփակ եւ համընդհանուր: Մարտահրավերը վերաբերում է ոչ միայն ծովում փրկարարական գործողությունների բարելավմանը եւ պաշտպանական միջոցներից օգտվելուն: Խոսքը վերաբերում է ամբողջ աշխարհում պատերազմից փախչող հարաաճուն թվով մարդկանց ապաստան տրամադրելու իրավունքի ապահովմանը, որոնք ապաստանի եւ անվտանգ հանգրվանի կարիք ունեն»,- նշվում է հայտարարության մեջ:

Սիցիլիական նեղուցում լույս ապրիլի 19-ի գիշերը խորտակված նավի վրա կարող էր լինել շուրջ 950 մարդ, այդ թվում՝ 40-50 երեխա եւ 200 կին: Այդ մասին Իտալիայի Կատանիա քաղաքի (Սիցիլիա կղզի) դատախազությունում հայտարարել է փրկվածներից մեկը՝ Բանգլադեշի քաղաքացին:

Նավաբեկության փաստով հետաքննություն է սկսվել: Ավելի վաղ հաղորդվել է, որ ողբերգությունը տեղի է ունեցել Իտալիայի Լամպեդուզա քաղաքից 200 կիլոմետր հարավ ընկած շրջանում:

Ձկնորսական նավը մեկնել էր Լիբիայի Տրիպոլի նավահանգստից: Դրա վրա եղել են Ալժիրի, Եգիպտոսի, Սոմալիի, Նիգերիայի, Սենեգալի, Մալիի, Զամբիայի, Բանգլադեշի եւ Գանայի բնակիչներ:

Ինչպես հայտնել է Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին, որոնողական գործողությանը մասնակցում է 18 նավ, ներառյալ Իտալիայի ռազմածովային ուժերի յոթ նավ: Բացի այդ, որոնումներում ներգրավված են երեք ուղղաթիռ եւ առափնյա պահպանության ծառայության թեթեւ ինքնաթիռ:

Իր հերթին Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել է, որ ԵՄ-ի արտաքին գործերի նախարարները ապրիլի 20-ին Լյուքսեմբուրգում կայանալիք հերթական հանդիպմանը քննարկելու են աֆրիկացի գաղթականներին փրկելու խնդիրը:

«Ապրիլի 20-ին մենք կանցկացնենք արտաքին գործերի եւ ներքին գործերի նախարարների հանդիպում՝ նվիրված միգրացիային»,- հայտարարել է նա: Այդ բանավեճի ընթացքում պլանավորվում է, մասնավորապես, «քննարկել միգրացիային նվիրված ԵՄ-ի արտահերթ գագաթնաժողով գումարելու հնարավորությունը», որն անցկացնելու կոչով արդեն հանդես է եկել Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am