Երևանում՝ 11:07,   22 Մայիս 2024

ՄԱԿ-ի կենտրոնակայանում հայկական խաչքար է օծվել

ՄԱԿ-ի կենտրոնակայանում հայկական խաչքար է օծվել

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի կենտրոնակայանում ապրիլի 15-ին տեղի է ունեցել հայկական խաչքարի օծման արարողություն: Խաչքարը ՀՀ կառավարության նվերն է ՄԱԿ-ին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, միջոցառմանը մասնակցել են  ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Զոհրաբ Մնացականյանը, Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ-ի արևելյան թեմի առաջնորդներ Խաժակ Արքեպիսկոպոս Բարսամյանն ու Օշական Արքեպիսկոպոս Չոլոյանը, ՄԱԿ-ի անդամ պետությունների, քարտուղարության, տարբեր գործակալությունների ներկայացուցիչներ, հասարակական-քաղաքական գործիչներ, դիվանագետներ, հայ համայնքի ներկայացուցիչներ, օտարերկրյա հյուրեր, լրագրողներ։

Միջոցառման ընթացքում ունեցած ելույթում դեսպան Մնացականյանը շնորհակալություն է հայտնել  ներկաներին միջնադարյան պատմության այդ հոյակապ խորհրդանիշի` խաչքարի oծմանը մասնակցելու համար և նշել, որ 12-ից 13-րդ դարերում կերտված այդ խաչքարը խորհրդանշում է հայ ժողովրդին՝ միավորված ազգերի ընդհանուր տանիքի ներքո: Դեսպան Մնացականյանը նշել է, որ խաչքարերը, հանդիսանալով հայ ժողովրդի մշակութային ու կրոնական ինքնության անբաժան մաս, 2010թ. ընդգրկվել են ՅՈւՆԵՍԿՕ-ի հատուկ պահպանության ենթակա ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում։ Դեսպանը հավելել է, որ ՅՈւՆԵՍԿՕ-ի այդ որոշումից ընդամենը մի քանի տարի առաջ Նախիջևանում բարբարոսաբար ավերվեցին Հին Ջուղայի գերեզմանատան նշանավոր խաչքարերը։ Ըստ դեսպանի` հայոց պատմության ընթացքում եղել են ոչնչացման ու ավերածությունների փուլեր, այն ականատես է եղել սարսափելի եղեռնագործության, սակայն հայ ժողովուրդը մնացել է կանգուն, ցուցաբերել տոկունություն, սեր ու հավատ կյանքի նկատմամբ։

Ելույթ  է ունեցել նաև «Metropolitan» արվեստների թանգարանի միջնադարյան արվեստի և վանքերի բաժնի բյուզանդական արվեստի համակարգող Հ․Էվանսը, ով անդրադարձել է  խաչքարի նշանակությանը և ներկայացրել Գեղարդի վանքից բերված այդ խաչքարի պատմությունը։ 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am