Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Նորվեգացի գործիչները քննադատում են սեփական իշխանությունների դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցում

Նորվեգացի գործիչները քննադատում են սեփական իշխանությունների 
դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նորվեգացի տարբեր գործիչներ քննադատել են Երևանում Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառումներին դեսպանի մակարդակով ներկայանալու Նորվեգիայի իշխանությունների որոշումը:  Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով նորվեգական vg.no կայքը, պաշտոնական Օսլոն որոշում է կայացրել, որ Երևանում ապրիլի 24-ի միջոցառումներին կմասնակցի միայն Հայաստանում Նորվեգիայի դեսպան Լեյդուլվ Ատլե Նամտվեդտը, ում նստավայրը Մոսկվայում է:

«Սա պատմության ընթացքում ամենամեծ ողբերգություններից է` անկախ նրանից` այն կկոչեն ցեղասպանություն, թե ոչ: Նորվեգիան պետք է ավելի ազդեցիկ քայլ կատարի, քան դեսպանին ուղարկելն է: Ցանկացած այլ քայլ Նորվեգիայի կառավարության կողմից ստորություն և խարդախություն է»,- այս փաստի հետ կապված նշել է նորվեգացի գրող, գիտնական, ստամբուլաբնակ Օյգենե Շուլգինը:

Հայաստան բարձրաստիճան պաշտոնյայի չուղարկելու մասին որոշումը տարօրինակ է անվանել նաև նորվեգացի լրագրող Յան Օտո Յոհանսենը, ով վերջերս Հայոց ցեղասպանության մասին գիրք է հեղինակել: Նա համոզված է, որ հայերի հետ կատարվածը ժամանակակից մարդկության պատմության մեջ առաջին ցեղասպանությունն է եղել: «Նրանք, ովքեր մանրախնդիր են և կարծում են, որ տեղին չէ կիրառել «ցեղասպանություն» եզրույթը հայերի, հրեաների կամ գնչուների հարցում, չեն հասկացել, թե խոսքն ինչի մասին է: Սա փորձ է հիմարացնելու նորվեգական հասարակական կարծիքն իրենց մանրախնդրությամբ, մինչդեռ իրականությունն այն է, որ այս վերաբերմունքի հետևում Թուրքիայի հետ ունեցած տնտեսական շահերն են»,- նշել է Յոհնասենը` ով չի բացառել նաև Հայաստանի թշնամին համարվող Ադրբեջանի հետ ունեցած հարաբերությունների ազդեցությունը:

Նորվեգիայի կայացրած որոշման առնչությամբ նմանօրինակ կարծիք է հայտնել նաև նորվեգացի պատմաբան Բարդ Լարսենը: Նա տեղի ունեցածն անվանել է մեծ քաղաքական խաղ, որտեղ ցանկացած կողմ իր շահն է հետապնդում: Լարսենի խորին համոզմամբ` Նորվեգիան իր քայլերով աղճատում է իրական պատմությունը: «Եթե հետևենք այս կառավարության տրամաբանությանը, ապա Հոլոքոստը ևս ցեղասպանություն չի եղել»,- փաստել է նա:

Ի պատխան նորվեգական լրատվամիջոցի հարցման` Նորվեգիայի պետքարտուղար Բարդ Գլադ Պետերսոնը նշել է, որ նորմալ է համարում այն, որ Երևանում կայանալիք հիշատակի միջոցառումներին մասնակցելու է միայն դեսպանը: Նա չի հերքել, որ 1915 թվականին հայերի դեմ զանգվածային կոտորած է իրականացվել, սակայն կատարվածը չի անվանել «ցեղասպանություն»: Այն հարցին, թե ինչու Նովեգիան դեպքերը համապատասխան եզրույթով չի անվանում, Պետերսոնը հայտնել է, թե «կառավարությունը սխալ է համարում 1948 թվականին ՄԱԿ-ի կոնվենցիայով ընդունված որոշումը դրանից առաջ տեղի ունեցած դեպքերի վրա կիրառելը»:

«Արմենպրես»-ը կփորձի ճշտել և իր ընթերցողներին ներկայացնել Հայոց ցեղասպանության տարելիցին Նովեգիայից սպասվելիք մասնակցության մանրամասները Մոսկվայում տվյալ երկրի դեսպանատնից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am