Երևանում՝ 11:07,   11 Մայիս 2024

Վահրամ Բաղդասարյանը Տեր-Պետրոսյանի «կոդերը» մեկնաբանեց «կոդերով»

Վահրամ Բաղդասարյանը Տեր-Պետրոսյանի «կոդերը» մեկնաբանեց «կոդերով»

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը կարծում է, որ ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի բոլոր ելույթներում կոդեր եղել են: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով մարտի 1-ի հանրահավաքի ընթացքում ՀԱԿ առաջնորդի ունեցած «կոդավորված» ելույթին, ցավով նշեց, որ նա այդպես կոդերով խոսում է իր գաղափարակից ընկերների մասին, ում հետ երկար ճանապարհ է անցել: «Մեր խնդիրը հենց դրանում է, որ նույնիսկ միմյանց հետ երկար ճանապարհ անցած գաղափարակից ընկերները նման հակասությունների մեջ են մտնում: Իսկ այն մարդիկ, ովքեր երբեք մեկը մյուսի հետ գաղափարական ուղղություն չեն ունեցել, միավորվում են և փորձում են ինչ-որ հարցեր լուծել: Ես կարող եմ բերել եռյակի օրինակը: Եթե դուք հիշում եք, ամիսների առաջ ես արդեն ասել եմ, որ եռյակը երկար կյանք չի կարող ունենալ և դատապարտված է ձախողման»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Բաղդասարյանը:

Դիտարկմանը, թե ՀՀԿ-ն ևս հակասության մեջ մտավ իր գաղափարական ընկերոջ՝ ԲՀԿ-ի հետ, Բաղդասարյանն ընդգծեց, որ «Բարգավաճ Հայաստան»-ը եղել է կոալիցիայի կազմում, ինչպես եղել են ՀՅԴ-ն ու ՕԵԿ-ը: «Եվ կոալիցիայից դուրս գալու ճանապարհը մենք չենք ցույց տվել նրանց: Մենք նրանց ցույց ենք տվել մուտքի ճանապարհը: Այսինքն՝ մարդիկ չեն բավարարվում և նրանց թվում է, որ եթե դուրս եկան կոալիցիայից, հաջորդ անգամ կարող են գալ իշխանության: Սակայն այդպես իշխանության չեն գալիս»,- նշեց Բաղդասարյանը:

Հարցին, թե ովքե՞ր են Լևոն Տեր-Պետրոսյանի գաղափարակից ընկերները, ում իր «կոդավորված» ելույթում ակնարկել է ՀԱԿ առաջնորդը, Վահրամ Բաղդասարյանը կոչ արեց իրեն էլ կոդերով խոսելու իրավունք տալ:

Վահրամ Բաղդասարյանն ընդգծեց նաև, որ երբ մարդիկ ենթարկվում են ձախողման, սկսում են մեղավորներ փնտրել, իսկ նման դեպքերում ամենահեշտն իշխանություններին մեղադրելն է: «Սա նոր դեպք չէ, և ցանկացած ձախողման դեպքում՝ լինի դա քաղաքացիական ակցիա, օրենքի նախագիծ, թե մեկ այլ բան, միշտ մեղավոր են իշխանությունները: Իսկ եթե դուք հիշեք, տարիներ առաջ, երբ Հայաստանում ցանկանում էին հանրահավաք անել, դա իշխանությունների համար ողբերգություն էր: Իսկ հիմա իշխանությունն ասում է՝ մենք չենք արգելում, ասում է ազատ արեք ձեր հավաքները, ազատ ասեք ձեր խոսքը: Ինչո՞ւ այս առաջընթացը չեք նկատում: Մամուլում մի ժամանակ ո՞վ է տեսել, որ ընդդիմադիր գործիչ լուսաբանվի, իսկ այսօր ամբողջ մամուլում միայն ընդդիմադիր գործիչներն են»,- հայտարարեց Բաղդասարյանը:

Դիտարկմանը, թե իշխանությունը չի ճնշում այնքան ժամանակ, քանի դեռ ընդդիմությունը չի անցել սահմանված ռուբիկոնը, Բաղդասարյանը հավաստիացրեց, որ իշխանությունը ճնշումներ չի գործադրում, իսկ ընդդիմությունը նրա համար է, որպեսզի ճնշումների չենթարկվի: Հարցին, թե ԲՀԿ-ն ճնշումների չի՞ ենթարկվել, Բաղդասարյանն այսպես պատասխանեց. ««Բարգավաճ Հայաստան»-ը ճնշումների չի ենթարկվել: Պարզապես նրանք ճիշտ ժամանակին հասկացան, որ այն ուղին, որ որդեգրել էին, ճիշտ ճանապարհը չէր և արեցին այդ հայտարարությունը: ԲՀԿ-ի առումով ես խորհուրդ կտայի չշտապել, քանի որ նրանք առաջիկայում իրենց համագումարը կանեն, որից հետո կտեսնենք նրանց կողմնորոշումը, և նոր միայն մենք կկարողանանք անել մեր ենթադրությունները»,- շեշտեց ՀՀԿ խմբակցության ղեկավարը:

Դիտարկմանը, թե Գագիկ Ծառուկյանն այդպես էլ Իվանիշվիլի չդարձավ, Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ դա եղել է Լևոն Տեր-Պետրոսյանի երազանքը, իսկ իշխանությունների կողմից երբեք նման համեմատություն չի հնչել: «Ամեն դեպքում, ես գնահատում եմ Ծառուկյանի այն քայլը, որ նա, առաջնորդվելով «լավ է ուշ, քան երբեք» կարգախոսով, ժամանակին կարողացավ սառը դատել և անել այն հայտարարությունը, որը պետք էր հենց իրեն և իր կուսակցությանը»,- եզրափակեց պատգամավորը:

ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը մարտի 1-ի հանրահավաքի ընթացքում ունեցած ելույթի ընթացքում խոսեց նոր միասնական ընդդիմության մասին, որը Հայստանում ցանկանում  է իրականացնել ոչ թե իշխանափոխություն, այլ ընդդիմափոխություն: Նա  հարկ համարեց նաև «գաղտնազերծել» վերը նշված նոր միասնական ընդդիմության «կոդավորված ռազմավարական պլանը»: «Դավալուից ցախավելը հեծած, «մեկ պլյուս մեկ» քայլերգը շուրթերին եւ Պուտինի հրաժարականի պահանջը կրծքի տակ, հասնում են Ազատության հրապարակ, ինքնահռչակվում որպես նոր բևեռ, ստորագրում քաղաքացիական պայմանագիրը, և  շարժվելով դեպի Բաղրամյան 26 … կարծում եմ, հասկացողը հասկացավ, իսկ չհասկացողն այս հաղթական երթը շուտով իր աչքով կտեսնի»,- ընդդիմադիր այլ առաջնորդներին «բաբելոնյան աշտարակի այս նոր շինարարներ» որակելով՝ եզրափակեց Լևոն Տեր-Պետրոսյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am