Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Փերինչեքի դատավարությունը, լրատվամիջոցների արձագանքն ու ազդեցությունը միջազգային հանրության վրա

Փերինչեքի դատավարությունը, լրատվամիջոցների արձագանքն ու ազդեցությունը 
միջազգային հանրության վրա

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նորաձեւության մասին ամսագրերից մինչեւ ամենահեղինակավոր լրատվամիջոցներն անդրադարձան Մարդու իրավունքների եվրոպական դատարանում քննվող թուրք ազգայնական գործիչ Դողու Փերինչեքի դատավարությունը: Պատճառն այն է, որ ՄԻԵԴ-ը քննում էր մի գործ, որի նախադեպը դեռեւս չի եղել եւ նաեւ այն, որ, հայկական կողմի շահերը ներկայացնող իրավապաշտպաններից էին Ամալ Քլունին եւ Ջեֆրի Ռոբերթսոնը: Նրանց ելույթները հրապարակել են հեղինակավոր լրատվամիջոցները` նաեւ անդրադառնալով Հայոց ցեղասպանության խնդրին, մեկ դար առաջ տեղի ունեցած իրադարձություններին: Հեղինակավոր լրատվամիջոցների աչքից չի վրիպել անգամ այն հանգամանքը, որ Քլունին դատավարությանը եկել էր` հագուստին կրելով մանուշակագույն անմոռումը: «Դա Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընտրված խորհրդանշական ծաղիկն է»,- գրել էր Harper Bazar-ը, որի հետեւորդների թիվը միայն համացանցում անցնում է մի քանի միլիոնը:

Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի գնահատմամբ` հեղինակավոր լրատվամիջոցների արձագանքը կարող է իր ազդեցությունն ունենալ նաեւ այդ երկրներում հասարակության մեջ կարծիքի փոփոխության վրա: «Այդ հրապարակումները կարող են մեծ ազդեցություն թողնել հասարակությունների վրա: Մենք միշտ պայքարել ենք Հայոց ցեղասպանության մոռացված չլինելու համար, եւ ինչ-ինչ հանգամանքներից ելնելով` աշխարհը խոսում է այսօր այդ մասին: Մենք պետք է սովորենք այս ուշադրությանը, քանի որ օրեցօր այդ ուշադրությունն ավելի է շատանալու, բազմապատկվելու: Իսկ մեր հաղթանակներից մեկը կլինի նաեւ ՄԻԵԴ-ի Մեծ պալատի արդարացի վճռի հրապարակումը, որը, վստահ եմ, կրկին կարժանանա լրատվամիջոցների բուռն արձագանքին»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Ռուբեն Սաֆրաստյանը:

«Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանն էլ վերջին օրերին հետեւում է շվեյցարական մամուլի արձագանքին: Նրա գնահատմամբ Շվեյցարիայում շատ աշխույժ կերպով են լուսաբանում դատավարությունն ու գրեթե բոլոր հոդվածներն ավարտվում են ծավալուն background-ով (բազային ինֆորմացիա) Հայոց ցեղասպանության մասին: «Շվեյցարական, գերմանական, ֆրանսիական եւ բելգիական լրատվամիջոցները հսկայական հոդվածներով անդրադարձել են դատավարության ընթացքին: Վստահաբար առաջիկա օրերին մենք կտեսնենք տարբեր մեկնաբանական, վերլուծական հոդվածներ այս դատավարության առնչությամբ: Նրանք բոլորն էլ տեղեկություններ կտան, թե խնդրո առարկան ինչ է` տեղեկացնելով Հայոց ցեղասպանության փաստերն ու տեսակետներ կներկայացնեն»,- ասում է Ավետիքյանը` շեշտելով, որ մամուլը որպես 4-րդ իշխանություն իր գործը հրաշալի կատարեց:

Միաժամանակ, ոչ ուղղակի կերպով մամուլը նաեւ որոշակի բացասական մթնոլորտ ստեղծեց դատավարության առնչությամբ, եւ այդ մթնոլորտի ազդեցությունը խիստ նկատելի էր դատավարության ողջ ընթացքում:

«Հունվարին ֆրանսիական «Շառլի Հեբդո»-ի խմբագրատան վրա կատարված ահաբեկչությունից հետո եվրոպական մայրցամաքում տիրում է ուրվական կարծիքի, խոսքի ազատության, բացարձակ ազատությունների վերաբերյալ: Այդ մթնոլորտը նպաստավոր չի կարող լինել մեզ համար»,- ասում է Ավետիքյանը` հավելելով, որ թուրքական կողմը դա շատ լավ օգտագործեց եւ դատավարության ընթացքը սկզբնակետից շեղվեց: Շատերը «Շառլի Հեբդո»-ի դեպքերից հետո ընկել են այլ ծայրահեղության մեջ եւ, անկախ ամեն ինչից, կարծիքի ազատությունը համարում են մարդու ազատություն եւ ոչ պատժելի արարք: «Այս մթնոլորտն ունեցավ իր բացասական ազդեցությունը: Լավ է, որ դատավճիռը վեց ամիս անց է  կայանալու եւ այդ ընթացքում այդ ընդհանուր մթնոլորտը կարող է թուլանալ»,- ասաց Ավետիքյանը:  

Մարդու իրավուքնների եվրոպական դատարանում Դողու Փերինչեքի գործով լսումներն ավարտվել են հունվարի 28-ին: Դատարանը լսել է Փերինչեքին, պատասխանող կողմ Շվեյցարիայի կառավարության տեսակետը եւ նաեւ գործով երրորդ կողմ հանդիսացող Հայաստանի եւ Թուրքիայի պատվիրակություններին: Հայկական կողմից Եվրոպական դատարանում հանդես են եկել Հայաստանի կառավարության լիազոր ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանը, Հայաստանի շահերը ՄԻԵԴ-ում ներկայացնող միջազգային կարգի փաստաբաններից երկուսը` Ամալ Քլունին և Ջեֆրի Ռոբերթսոնը:

2007 թվականի մարտի 9-ին շվեյցարական դատարանը Քրեական օրենսգրքի 216-րդ հոդվածով դատապարտել էր թուրք ազգայնական Դողու Փերինչեքին՝ Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար` ենթարկելով ինչպես ֆինանսական, այնպես էլ քրեական պատասխանատվության: Վո կանտոնի վերաքննիչ դատարանը և Դաշնային գերագույն դատարանը մերժել էին մարտի 9-ի դատավճռի դեմ ներկայացված բողոքը:

2013 թվականի դեկտեմբերի 17-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավասու պալատը դատավճիռ է կայացրել, ըստ որի` շվեյցարական դատարանները խախտել են բողոքարկողի՝ Փերինչեքի խոսքի ազատության իրավունքը: Շվեյցարիայի արդարադատության դաշնային գրասենյակը մարտի 11-ին հաղորդել էր, որ Շվեյցարիան պատրաստվում է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)՝ Դողու Փերինչեքի գործը Գերագույն պալատի կողմից վերանայելու պահանջով: ՄԻԵԴ-ը գործը Գերագույն պալատ էր ուղարկել մինչև մարտի 17-ը: Օգոստոսի 25-ին Հայաստանը հայտ ներկայացրեց մասնակցելու դատավարությանը: Դատավարությանը մասնակցելու հայտ է ներկայացրել նաեւ Թուրքիան:

Շվեյցարիան առաջին պետությունն է, որ քրեականացրել է Հայոց ցեղասպանության ժխտումը` մարդկության դեմ կատարած հանցանքը հերքողների համար սահմանելով ազատազրկում եւ դրամական տուգանք: Հետագայում Շվեյցարիայի օրինակին հետեւեցին նաեւ Սլովակիան եւ Հունաստանը: Այդ երկրներում նույնպես Հայոց ցեղասպանության հերքումը պատժվում է քրեորեն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am