Հասարակական

Ստամբուլի Թաքսիմ հրապարակում Դինքի հիշատակին հազարավոր մարդիկ են հավաքվել

3 րոպեի ընթերցում

Ստամբուլի Թաքսիմ հրապարակում Դինքի հիշատակին հազարավոր մարդիկ են հավաքվել

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի հիշատակը ոգեկոչելու նպատակով Թաքսիմի հրապարակում հավաքվել են հազարավոր մարդիկ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ակոս» պարբերականը, ներկաներն իրենց առջևում պահել են մեծ պաստառ «Առերեսվեք Հրանտի հետ, Ցեղասպանության հետ» վերտառությամբ:

Քայլերթը գլխավորում են Դինքի ընտանիքը, Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշը և Ֆիգեն Յուքսեքդաղը, ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության պատգամավոր Ումութ Օրանը, Սեզգին Թանրըքուլուն, Շաֆաք Փավեյը: Մասնակիցների շարքում է նաև Գեզիի դեպքերի ժամանակ զոհված 15-ամյա Բերքին Էլվանի ընտանիքը:

Ներկաներից ոմանք իրենց ձեռքներում պահել են պաստառներ «Սա Հրանտ Դինքի պողոտան է, սա Հրանտ Դինքի քաղաքն է, սա Հրանտ Դինքի երկիրն է» և «1915-ից մինչև Հրանտ. կոտորածը շարունակվում է» գրություններով: Հավաքվածները երթով շարժվում և հավաքվում են «Ակոս»-ի խմբգրատան առջև` այն վայրում, որտեղ ութ տարի առաջ դավադիր կերպով սպանվեց Դինքը: Խմբագրատան մոտ ևս տեղադրված են պաստառներ «Բոլորս Հրանտ ենք, բոլորս հայ ենք», «Քանի դեռ մենք չենք ասել, այս դատը չի ավարտվի»:

Ստամբուլի «Ակոս» թերթի հայազգի խմբագրապետ Հրանտ Դինքը սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին` խմբագրության առջեւ նրա վրա կատարված զինված հարձակման արդյունքում:

2012 թվականի հունվարի 17-ին դատարանի որոշմամբ` Դինքի սպանության կազմակերպիչ Յասին Հայալը ցմահ բանտարկության դատապարտվեց, անմիջական հանցագործ Օգյուն Սամասթը` 22 տարվա ազատազրկման:

2014 թվականի հոկտեմբերին Ստամբուլի ծանր հանցագործությունների գործերով 5-րդ դատարանը որոշում է կայացրել Հրանտ Դինքի սպանության գործով դատավարությունը սկսել զրոյից: Այս անգամ բոլոր ամբաստանյալներին կառաջադրվի «հանցավոր խմբավորման ստեղծման եւ կառավարման կամ դրանում մասնակցություն ունենալու» մեղադրանք: Բացի այդ, Դինքի սպանության ժամանակ բարձր պաշտոններ զբաղեցրած 9 անձանց, այդ թվում Ստամբուլի նախկին ոստիկանապետ Ջելալեթին Ջերահի նկատմամբ դատական գործեր հարուցելու կապակցությամբ որշումներ են ընդունվել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում