Ադրբեջանական կողմը կրկին դիմել է դիվերսիոն փորձի և կորուստներ ունի /լրացված/
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական Զինված ուժերը հունվարի 11-ին` ժամը 17:30-ի սահմաններում, Տավուշի մարզի Բաղանիս գյուղի սահմանագծում կատարել են դիվերսիոն փորձ: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ հայ դիրքապահների կողմից հակառակորդի դիվերսիոն գործողության մասնակիցները ժամանակին նկատվել են, դարանակալվել, իսկ դիվերսիոն խումբը չեզոքացվել: «Այսօր ժամը 17:30 ի սահմաններում Տավուշի մարզի հայ-ադրբեջանական պետական սահմանի Բաղանիս գյուղի հատվածում ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները դիվերսիոն փորձ են իրականացրել: Հակառակորդի ստորաբաժանումների առաջխաղացումը ժամանակին հայտնաբերվել է: Հայկական բանակի արագ արձագանքման համապատասխան ստորաբաժանումը դարանակալել է և ՀՀ պետական սահմանը խախտած դիվերսիոն խմբի գործողությունները չեզոքացրել է: Հակառակորդի դիվերսիոն խմբի մեկ անդամի դիակը գտնվում է միջդիրքային տարածքում: Ցավոք փոխհրաձգության ընթաքցում զոհվել է նաև տարածքում գտնվող հովիվ Սերյոժա Նիկոլայի Սարգսյանը ծնված 1935 թ.: ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները լիովին տիրապետում են իրավիճակին: Կատարվածի ողջ պատասխանատվությունը մնում է ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարության վրա»,- նշել է Հովհաննիսյանը:
«Արմենպրես»-ի հետ զրույցում Ոսկեվանի գյուղապետ Սերյոժա Ալեքսանյանը նշեց, որ Սերյոժա Սարգսյանը հովիվ էր և գործողության ժամանակ հոտ տարել էր արածեցնելու: