Տնտեսական տարվա ցնցումներն ու ձեռքբերումներն՝ ամփոփ
12 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄՆԵՊՐԵՍ։ Անցնող տարին հարուստ էր տնտեսական նշանակալի իրադարձություններով, եղան նաև ցնցումներով։ «Արմենպրես»-ն առանձնացրել է դրանցից առավել կարևորները և ներկայացնում է դրանք ժամանակագրական հաջորդականությամբ։
Հայաստանում սկսվեց տնտեսական ինտեգրացիայի գործընթացը
Դեռևս 2013թ. սեպտեմբերի 3-ին Մոսկվայում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանըհայտարարել էր Մաքսային միությանըմիանալու Հայաստանի որոշմանմասին, իսկ դեկտեմբերի 24-ին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում հաստատվել էր ՄՄ-ին անդամակցելու՝ Հայաստանի «ճանապարհային քարտեզը»: Ինտեգրման այս գործընթացը պետք է իրականացվեր հենց 2014 թվականին։ Տարեսկզբից Հայաստանի պետական գերատեսչություններն ու Կառավարությունը ձեռնամուխ եղան «ճանապարհային քարտեզի» իրագործմանը։ Հանրապետությունում ակտիվ քննարկումներ ծավալվեցին Մաքսային միությանն անդամակցելու շրջանակում զգայուն ապրանքատեսակների մաքսատուրքերի հարցով, իսկ օրենսդիրները զբաղված էին Մաքսային օրենսդրության հստակեցմամբ:
«Գազպրոմ»-ը դարձավ «ՀայՌուսգազարդ»-ի 100% բաժնետեր
Մինչ գերատեսչությունները զբաղված էին ՄՄ-ին Հայաստանի օրենսդրության համապատասախանեցման աշխատանքներով, Կառավարությունը հավանություն տվեց «ՀայՌուսգազարդի» բաժնետոմսերի վաճառքի պայմանագրին։ Արդյունքում, «Գազպրոմ» ընկերությունը պաշտոնապես դարձավ «ՀայՌուսգազարդ» ՓԲ ընկերության 100 տոկոս բաժնեմասի սեփականատերը, իսկ ընկերությունն անվանվեց «Գազպրոմ Արմենիա»:
Կենսաթոշակային համակարգի բարեփոխումները
Միևնույն ժամանակ տնտեսության մեջ ընթանում էր ևս մեկ կարևոր գործընթաց. հանրապետությունում հունվարի 1-ից գործարկվում էր կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգը, ըստ որի` 1974 թվականից հետո ծնված քաղաքացիները պետք է կատարեին 5 տոկոսի չափով պարտադիր վճարումներ։ Սակայն համակարգի ներդրման առաջին իսկ ամիսներից բնակչության լայն շրջանակեր սկսեցին իրենց բողոքի ձայնը բարձրացնել՝ պահանջելով դադարեցնել համակարգի գործունեությունը։ Հայաստանում ձևավորվեց «Դեմ եմ» քաղաքացիական շարժումը, որը պարբերաբար ակցիաներ և ցույցեր էր կազմակերպում Երևանում։ Արդյունքը եղավ այն, որ Սահմանադրական դատարանը դատաքննություն սկսեց «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 5, 7, 8, 37, 38, 45, 49 եւ 86-րդ հոդվածների սահմանադրականության վերաբերյալ։ Ապրիլի 2-ին ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը հրապարակեց դատարանի որոշումը, որի համաձայն`Սահմանադրությանը հակասող ճանաչվեցին օրենքի մի շարք դրույթներ: Հունիսի 26-ին ՀՀ Ազգային ժողովն ընդունեց «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքը, որով պետական ոլորտի աշխատակիցներից պետք է գանձվեր նպատակային սոցիալական վճար, որը կարող էր փոխանցել իրենց կենսաթոշակային հաշիվներին: Մասնավոր հատվածի աշխատակիցներին հնարավորություն ընձեռվեց մինչև 2017թ. հուլիսի 1-ը ազատվել կենսաթոշակային վճարներից` իրենց գրած դիմումի համաձայն:
Ֆինանսական շուկան ակտիվանում է
Տարեսկիզբը հետաքրքիր էր նաև ֆինանսական շուկայում։ Փետրվարին Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորոցիան (IFC) ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (EBRD) թողարկեցին ՀՀ դրամով արտահայտված առաջին պարտատոմսերը, որոնք հաջողությամբ ցուցակվեցին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ում։ Օրեր անց ՎԶԵԲ երևանյան գրասենյակի ղեկավար Մարկ Դևիսն «Արմենպրես»-ի հետ զրույցում խոստովանեց, որ գոհ են դրամային պարտատոմսերի տեղաբաշխման արդյունքներից և հայաստանյան ֆինանսական շուկայի ակտիվությունից։
Գյուղատնտեսական «ճգնաժամը»
2014-ի գարունը անհաջող էր գյուղատնտեսության համար: Մարտի 30-ին տեղի ունեցած ցրտահարությունը վնասել էր Արարտյան դաշտի այգիներն ու ցանքատարածությունները, հատկապես ցրտահարվել էին ծիրանի այգիները։ Պաշտոնական տվյալներով` շուրջ 11 հազար 500 հեկտար տարածք վնասվել էր: Գյուղացիների կրած վնասը մեղմելու համար Հայաստանի կառավարությունը շուրջ 700 մլն դրամ հատկացրեց ցրտահարություններից տուժած գյուղացիական տնտեսությունների՝ փոխհատուցելու հողի հարկն ամբողջութամբ և ջրի վարձի 50 տոկոսը:
Կառավարությունը փոխում է իր կազմը
Ապրիլի 3-ին ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո հայտարարվեց, որ Տիգրան Սարգսյանը հրաժարականի դիմում է գրել, իսկ երկրի նախագահն ընդունել է նրա հրաժարականը։ Տասնօրյա ժամկետում Նախագահ Սարգսյանը հրապարակեց նոր վարչապետի անունը: Կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը։ Օրեր անց Կառավարությունում տեղի ունեցան նոր նշանակումներ, և Էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանին փոխարինեց Կարեն Ճշմարիտյանը։ Գյուղատնտեսության նախարարի պաշտոնը շարունակեց զբաղեցնել Սերգո Կարապետյանը, իսկ հարկային և մաքսային ծառայությունները միավորվեցին Ֆինանսների նախարարության կազմում, որն էլ ղեկավարեց Գագիկ Խաչատրյանը։
Նոր վարչապետ, նոր ծրագրեր
Նորանշանակ վարչապետը իր առաջին իսկ ելույթներում հայտարարեց, որ խոստանում է լինել սկսնակ ձեռներեցների կողքին և պայքարել տնտեսության մեջ առկա ստվերի դեմ։ «Նոր կառավարության տեսլականում աշխատատեղերի բացումն է, փոքր և միջին բիզնեսի զարգացումը, հարկային դաշտի պարզեցումը: Կառավարության քաղաքականության մեջ մեծ ուշադրություն է հատկացվելու գյուղացուն, ով ամեն օր և ամենուր զգալու է կառավարության աջակցությունը»,- հայտարարել էր վարչապետը։ Արդյունքում կատարվեցին օրենսդրական որոշ փոփոխություններ, որոնք ուղղված էին ՓՄՁ-ների գործունեության խթանմանը։ Կառավարությունն օրենսդրական փոփոխություն նախաձեռնեց` փոքր ու միջին գործարարներին առաջարկելով 3.5 տոկոսի փոխարեն վճարել 1 տոկոս հարկ, փոխարենն ապահովել ապրանքների փաստաթղթավորում։ Սակայն տնտեսվարողները դեմ արտահայտվեցին այդ փոփոխությանը, իսկ սկիզբ առած բողոքի ակցիաները ստիպեցին Կառավարությանը մինչև հաջորդ տարի հետաձգել գույքագրումը։
Էլեկտրաէներգիան թանկացավ
Ամռան ամիսներին մեծ աղմուկ բարձրացրեց էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հունիսի 3-ին սկսեց էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման գործընթաց: Հուլիսի 1-ին կայացած նիստում ՀԾԿՀ-ն ընդունեց որոշում՝համաձայն որի օգոստոսի 1-ից 3.85 դրամով պետք է բարձրացվեր էլեկտրաէներգիայի սակագինը։ Քաղաքացիական որոշ զանգվածներ փորձեցին բողոքի ակցիաների միջոցով պայքարել որոշման ընդունման դեմ, սակայն ապարդյուն։
Հայաստանը դառնում է ԵՏՄ անդամ
Տնտեսական ու քաղաքական առումով ամենակարևոր իրադարձությունը, թերևս, ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի վերջնականացումն էր։ Հոկտեմբերի 10-ին Մինսկում ստորագրվեց Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) Հայաստանի միանալու մասին պայմանագիրը, որը տարվա վերջին հաստատվեց ԱԺ-ի կողմից։ Հստակեցվեց այն ապրանքների ցանկը, որոնց գծով Հայաստանը դեռ 5 տարի կշարունակի ցածր մաքսադրույքներ կիրառել ներմուծման համար։ Սակայն ամենավիճահարույց կետերից մեկի` ՀՀ-ի և ԼՂՀ-ի միջև հնարավոր մաքսակետի հարցն այդպես էլ չհստակեցվեց:
Ամռանը շարունակվում էին Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության համար տարվող աշխատանքները, միևնույն ժամանակ Հայաստանը վերսկսեց բանակցությունները Եվրամիության հետ։ Հոկտեմբերի 10-ին Մինսկում ստորագրվեց Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու մասին պայմանագիրը։ Ստորագրված պայմանագիրն անցավ Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի ու Ղազախստանի վավերացման ազգային ընթացակարգերով, իսկ դեկտեմբերի 23-ին Մոսկվայում՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում հայտարարվեց ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի ամբողջացման մասին: Կառույցը կսկսի լիարժեք գործել 2015թ. հունվարի 1-ից: Հաջորդ իսկ օրը Հայաստանը կդառնա կառույցի լիիրավ անդամ:
Դրամի արժեզրկումը խուճապ է ստեղծում
Տնտեսական թեժ տարվա ավարտը ևս անաղմուկ չանցավ։ Նոյեմբերի 24-ին հայկական դրամը դոլարի նկատմամբ արժեզրկվեց 17 դրամով` հասնելով 435 դրամի։ Հետագա օրերին արժեզրկման տեմպն արագացավ, և մեկ շաբաթվա ընթացքում դոլարի փոխարժեքը հասավ 600-620 դրամի։ Խուճապը հասել էր իր գագաթնակետին, բանկերը դադարել էին արտարժույթով գործարքներ կատարել, իսկ փոխանակման կետերում հերթեր էին։ Արժութային շուկայում ստեղծված իրավիճակը կարգավորելու և դրամի հետագա արժեզրկումը կանխելու համար ՀՀ կենտրոնական բանկը դեկտեմբերի 8-իցսկսեց դոլար վաճառել ֆինանսական շուկայի մասնակիցներին։ Ամեն օրսակարկությունների միջոցով իրականացվում էին արտարժույթի վաճառքներ` նախապես հայտարարված առավելագույն սահմանաքանակով։ Մինչ դեկտեմբերի 15-ը օրական վաճառքի ծավալը 6 մլն ԱՄՆ դոլար էր, երկրորդ շաբաթ՝ վաճառքը հասցվեց օրական 4 միլիոնի, իսկ երրորդ շաբաթ՝ 2 միլիոնի։ Դեկտեմբերի 17-ին Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն ասուլիս հրավիրեց, որի ժամանակ հայտարարեց՝ դրամը գերարժեզրկված է։ Նա զգուշացրեց, որ ԿԲ-ն պատժելու է սպեկուլյիացիաներով զբաղվողներին։ Դեկտեմբերի 18-ին արդեն դոլարի փոխարժեքը սկսեց կարգավորվել։ Այս օրը դոլարը վաճառվում էր շուրջ 40 դրամ ցածր գնով, իսկ խուճապը որոշ չափով նվազել էր։ Հետագա օրերին ևս դրամի արժևորումը շարունակվեց, և դոլարը սկսեց տատանվել 450-460 դրամի սահմաններում։
Տարեվերջի «ոչ ավանդական» թանկացումները
Տարեվերջի ցնցումը սպառողական շուկայում էր։ Դրամի արժեզրկումից հետո թանկացումները նոր թափ էին ստացել: Եթե մինչև նոյեմբեր ամիսը գնաճ էր նկատվում հատուկենտ ապրանքների մասով, ապա դեկտեմբերի երկրորդ 10-օրյակից հետո գրեթե բոլոր ապրանքների գներըբարձրացել են: Սպառողական շուկայի գնաճը սկսեց մտահոգել նաև Կառավարությանը։ Վարչապետ Հովիկ Աբրահամյանը սկսեց շրջայց կատարել առևտրի կենտրոններում, իսկ շրջայցի ավարտին հայտարարեց, որ կան անհիմն թանկացումներ։ Հաջորդ օրերին որոշ ապրանքների գներ վերադարձան իրենց հին մակարդակին, սակայն շուկայում, ընդհանուր առմամբ, պահպանվեցին գնաճային միտումները։
Տնտեսական տարին ամփոփեց Գոհար Ավետիսյանը