Մեկնարկել է «Ամերիա Սերունդ» 4-րդ ծրագիրը
ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեկնարկել է երիտասարդների շրջանում մեծ հետաքրքրություն վայելող «Ամերիա Սերունդ» ծրագիրը, որը յուրաքանչյուր տարի կազմակերպվում է «Ամերիաբանկ»-ի կողմից: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Ամերիաբանկ» ՓԲԸ-ից, «Ամերիա Սերունդ» 4-րդ ծրագրիը նախատեսված է 20-25 տարեկան նորավարտ երիտասարդների համար, ովքեր ունեն մեծ ցանկություն և պատրաստակամություն կառուցելու իրենց կարիերան բանկային համակարգում:
«Ամերիա Սերունդ» ծրագրի ընտրական փուլը բաղկացած է 3 հիմնական ենթափուլերից` տեստավորում, խմբային, այնուհետև` անհատական հարցազրույց: Նշված փուլերը հաջողությամբ հաղթահարած դիմորդների հետ կկնքվի ուսնակության պայմանագիր 3 ամիս տևողությամբ, իսկ տեսական և գործնական ուսուցման փուլերը հաջողությամբ ավարտած ուսնակներին կներկայացվի աշխատանքի առաջարկ: Վերապատրաստման ամբողջ ընթացքում Բանկը կվարձատրի ծրագրի մասնակիցներին:
Ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է «Ամերիաբանկ»-ի պաշտոնական կայքում լրացնել համապատասխան դիմում-հայտը, կցել մոտիվացիոն նամակ, իսկ առավել ստեղծագործ երիտասարդները կարող են պատրաստել մոտիվացիոն տեսահոլովակ (մինչ 1 րոպե տևողությամբ) և մինչև 2015թ. հունվարի 18-ը ներառյալ ուղարկել generationA@ameriabank.am հասցեով:
Նախորդ տարիներին անցկացրած «Ամերիա Սերունդ» երեք ծրագրերի արդյունքում 70 երիտասարդ արդեն աշխատում է «Ամերիաբանկ»-ի տարբեր ստորաբաժանումներում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում