Բրիտանացիները եւ ռումինացիներն ամենաառատաձեռնը կլինեն Ծննդյան տոների նվերներ գնելիս
ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի բնակիչները Եվրոպայում ամենամեծ ծախսերը կանեն Ծննդյան տոների նվերներ գնելու համար: Դա, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ցույց է տվել ING Groep NV նիդեռլանդական բանկի պատվերով Ipsos սոցիոլոգիական ծառայության անցկացրած հարցումը:
Bloomberg գործակալությունը նշում է, որ նվերների համար բրիտանացիների միջին ծախսը կկազմի 350 ֆունտ ստեռլինգ (440 եվրո):
Իսկ եթե ծախսերը համադրվեն ամսական միջին եկամտի հետ, ամենաառատաձեռնը կդառնան ռումինացիները. 110 եվրոն, որը նրանք պատրաստվում են տրամադրել նվերներին, կազմում Է նրանց աշխատավարձի մեկ երրորդը: Բրիտանացիների համար ծախսերը հավասար կլինեն աշխատավարձի մոտավորապես 17 տոկոսին, այդ ցուցանիշով նրանք երրորդ տեղն են զբաղեցնում չեխերից հետո (24 տոկոս կամ 180 եվրո):
Մեծ Բրիտանիան եւ Նիդեռլանդները նաեւ առաջատարն են այն անձանց թվաքանակով, ովքեր հայտնել են, որ անցյալ տարվա Ծննդյան տոներից հետո պարտքերի տակ են հայտնվել: Այս տարի բրիտանացիների եւ ռումինացիների մոտավորապես կեսն արդեն սկսել է փող հավաքել տոնի նախաշեմին:
Ֆրանսիայի եւ Լյուքսեմբուրգի բնակիչները երկրորդ տեղն են գրավել ING-ի վարկանիշում. նրանք պատրաստ են նվերների համար հատկացնել 300 եվրո: Պարզվում է, որ ամենատնտեսողը հոլանդացիներն են. Ծննդյան տոների նվիրատվությունները նրանց վրա կնստեն ընդամենը 25 եվրո (եկամուտների 1 տոկոսը): ING-ն դա բացատրում է նրանով, որ Նիդեռլանդների բնակիչները նախընտրում են նվերներ փոխանակել դեկտեմբերի 6-ին՝ Սուրբ Նիկոլայի օրը:
Եվրոպական երկրների բնակիչներից, որտեղ, այնուամենայնիվ, ընդունված է նվերներ անել Ծննդյան տոների կապակցությամբ, ամենաքիչ ծախսերը պատրաստվում են անել լեհերը՝ 95 եվրո (աշխատավարձի 15 տոկոսը):
Հարցմանը մասնակցել է շուրջ 12 հազար սպառող:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում