Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Ժամանակն է կոտրել լռությունը. System of a Down-ի հայտարարությունը Հայոց ցեղասպանության մասին

Ժամանակն է կոտրել լռությունը. System of a Down-ի հայտարարությունը Հայոց 
ցեղասպանության մասին

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհահռչակ System of a Down ռոք-խումբը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ կազմակերպվող համաշխարհային շրջագայությունից առաջ հայտարարությամբ է հանդես եկել: Հայտարարության մեջ խումբն անդրադարձել է Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման անհրաժեշտությանը, որը կարևոր նախապայման է ապագայում ցեղասպանությունները կանխելու գործում: Ստորև «Արմենպրես»-ը ներկայացնում է հայտարարության տեքստն ամբողջությամբ:

«20-րդ դարի առաջին ցեղասպանությունն իրականացվել է Օսմանյան թուրքերի կողմից հայ, հույն և ասորի բնակչության նկատմամբ: Ոճրագործությունը կանխարգելելու և մեղավորներին պատժելու անկարողությունը բերել է մեր ժամանակներում ցեղասպանության  կրկնությանը:

Առաջին աշխարհամարտի տարիների զանգվածային ջարդերի իրականացնողները չեն ենթարկվել Նյուրնբերգյան տեսակի հետապնդումների. ոչ մի միջազգային դատարան արդար դատավճիռ չի կայացրել մեղավորների հանդեպ կամ զոհերի իրավունքների վերականգնման և փոխհատուցման ընթացակարգ չի իրականացրել:

Արդարադատության փոխարեն Թուրքիան օգտագործել է նավթին հասանելիության իր իրավունքները և օգտագործել աշխարհաքաղաքական կապիտալը, որպեսզի արգելի Հայաստանի համար Վուդրո Վիլսոնի նախատեսած տարածքային վերականգնումն ու փոխհատուցումը: 

Թուրքական պետությունը, չկրելով պատասխանատվություն մի ամբողջ ազգ ոչնչացնելու համար, շարունակում է քաղել հանցագործության իր հարուստ պտուղները: Այդ պետության առաջնորդները, ովքեր աշխարհի կողմից խրախուսվում են իրենց անգործության համար, այսօր փորձում են կիրառել լռեցնելու քաղաքականությունը` արգելելով Միացյալ Նահանգներին և այլ երկրների կառավարություններին խոսել այս ոճրագործության մասին: 

Առաջին ժամանակակից ցեղասպանության սարսափելի պատմությունները հեղեղել են «Նյու Յորք Թայմսի» առաջին էջերը 1915-ից սկսած: Միացյալ Նահանգների մարդասիրական արձագանքն այդ ոճրագործությանը դիսևորվել է Ամերիկյան կարմիր խաչի գործունեությունից սկսած մինչև «Ամերիկյան մերձավորարևելյան նպաստամատույց կազմակերպության» քայլերը, որոնք մատնանշում են ԱՄՆ գլխավորությունը միջազգային մարդասիրության ոլորտում: Սակայն մինչ այժմ աշխարհը ձախողել է ցեղասապանության մեղավորների պատժի իրականացումը, ինչը ցեղասպանությունների չկանխարգելման վտանգավոր նախադեպ է` խրախուսելով բռնակալների կողմից` Հիտլերից մինև ալ Բաշիր, զանգվածային սպանությունների մեթոդը որպես իշխանության և ուժի գործիք կիրառումը:

Գերմանական բանակը` դաշնակցելով օսմանյան Թուրքիայի հետ և տեսնելով Թուրքիայի` պատասխանատվությունից խուսափելը, այս կոտորածներից սարսափելի դաս է քաղել այն մասին, թե ինչպես աշխարհը պատրաստ է աչք փակել պատերազմի պատրվակի ներքո մի ամբողջ ռասայի ծրագրավորված ոչնչացման վրա: Համաշխարհային պատերազմում Ադոլֆ Հիտլեր անունով մի երիտասարդ գերմանացի զինվոր ավելի ուշ նշեց` «Ո՞Վ Է ՀԻՇՈՒՄ ՀԱՅԵՐԻ ՄԱՍԻՆ»` կազմակերպելով այն, ինչն այսօր կոչվում է Հոլոքոստ: 

Մեր պատասխանն է, «ԱՅՈ, ՄԵՆՔ ԿԱՆԵՆՔ  ԴԱ»:

Մենք այլևս թույլ չենք տա բռնապետների հանցագործությունները` զուգորդված գերտերությունների ագահության, պաշարները յուրացնելու և մեր պատմությունը գրելու վերջիններիս հետաքրքրությունների հետ:

Չնայած ՄԱԿ-ի Ցեղասպանության մասին կոնվենցիային և բազմաթիվ միջազգային մասնագիտացված մարմիններին` ներառյալ ԱՄՆ Կոտորածների կանխարգելման գործակալությանը, այս մարդածին հիվանդություններից ամենավատը շարունակում է տարածվել, որովհետև աշխարհի պատասխանը ցեղասպանությանը դիտարկվում է որպես քաղաքական ընտրություն, այլ ոչ թե բարոյական անհրաժեշտություն:

Պահանջելով Հայոց ցեղասպանության հարցի ճշմարտացի և արդար կարգավորում` մենք ասում ենք` ցեղասպանություններին Այլևս Երբեք չեն կրկնվելու: Մենք այլևս երբեք կողքից չենք հետևի, թե ինչպես են մարդիկ սպանվում որևէ ռասսայի, էթնիկ կամ կրոնական խմբի պատկանելու պատճառով` ինչպես դա տեղի ունեցավ Թուրքիայում, նացիստական Եվրոպայում, Արևելյան Թիմորում, Ռուանդայում կամ Դարֆուրում:

Թուրքիայի ներսում արդեն կան քաջ ոգիներ, ովքեր քրեական հետապնդումների, հալածանքների և անգամ բռնության սպառնալիքի ներքո բացահայտորեն կոչ են անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը և փոխհատուցել դրա համար: Շատ այլ թուրք քաղաքացիներ էլ կիսում են այս մարդասիրական արժեքները, սակայն դեռևս չեն բարձրաձայնում դրա մասին` վախենալով կառավարությունից, որն արդեն երկար ժամանակ է` խոչընդոտում է խաղաղությանը, որը կարող է լինել միայն ճշմարտության և արդարության միջոցով: Ժամանակն է կոտրել լռությունը:

Հարյուրերորդ տարելիցի հիշատակման հանդիսավոր արարողությունների շրջանակներում խնդրում ենք` միացեք մեզ և Թուրքիայի բարեգութ մարդկանց ճշմարտության և արդարության համար դիրքորոշում որդեգրելու նպատակով պահանջեք նրանց նախագահից և խորհրդարանից ընդունել Թուրքիայի Հանրապետության բարոյական և նյութական պատասխանատվությունը Հայոց ցեղասպանության հարցում:  

Ձեր օգնության միջոցով, որպես Թուրքիայի ժողովրդի մարդասիրական համերաշխության ոգով ձեռնարկած պատմական քայլեր` սրտացավ կարեկցանքը և արդարությունը ոչ միայն կապաքինեն մեկ ցեղասպանության վերքերը, այլև առավել լայն իմաստով կներկայանան իբրև իրական փոխակերպող քայլ դեպի նոր փուլ` մի դարաշրջան, որը զերծ կլինի ցեղասպանությունից

Շնորհակալություն:

System of a Down»


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am