Երևանում՝ 11:07,   17 Մայիս 2024

Պատգամավորը Հայաստանի բանակում և դպրոցներում քահանայի ներկայությունը պարտադիր է համարում

Պատգամավորը Հայաստանի բանակում և դպրոցներում քահանայի ներկայությունը 
պարտադիր է համարում

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բանակում, դպրոցներում, հասարակական բոլոր ինստիտուտներում քահանայի առկայությունը պարտադիր է: Նոյեմբերի 8-ին «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի դասաժամերի և բանակում հոգևոր ծառայության դեմ պայքարի վերաբերյալ ասուլիս-քննարկման ընթացքում այսպիսի կարծիք հայտնեց Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը: «Հիմա եկել է ժամանակը, որ մենք մեր ազգային արժեքների պահպանման համար միասնական լինենք, միավորենք մեր ուժերը: Սա նաև բխում է մեր ազգային անվտանգության ռազմավարության ծրագրից: Մեր երկրում այսօր բարոյական և հայրենասիրական դաստիարակության պակաս կա, և մենք պետք է միավորենք ջանքերը դրա դեմ պայքարելու, այդ պակասը լրացնելու համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Մուրադյանը:

Պատգամավորը հիշեցրեց, որ դարեր շարունակ հայկական դպրոցները եղել են հենց եկեղեցում, եկեղեցին է կրթել և սերունդներ մեծացրել, իսկ հիմա, երբ եկեղեցին վերադարձել է դպրոց, որևէ մեկն իրավունք չունի դրա դեմ բողոքելու և պահանջներ ներկայացնելու: Ազգային անվտանգության ռազմավարական ծրագրով երկրում բարոյական և հայրենասիրական դաստիարակության պակասն ակնհայտ է և պետք է լինի այն լրացնելուն ուղղված ծրագիր:

Անդրադառնալով դիտարկմանը, թե որոշ հասարակական կազմակերպություններ պնդում են, որ «Հայ եկեղեցու պատմություն» առարկան խոչընդոտում է ազատ դավանանքի իրավունքը, քանի որ դասագրքում այլ կրոնների մասին խոսք չկա, Ռուզան Մուրադյանն ընդգծեց, որ դասագրքում այլ կրոններին անդրադարձ կա: «Այլ հարց է, որ այլ կրոններին անդրադարձը քիչ է: Եթե այդպես է, թող գան, քննարկենք և շատացնենք, սակայն թող չպնդեն, որ մենք այդ կարևորագույն առարկան հանենք դպրոցներից կամ ինչ-որ առանձին դասընթացներ անցկացնենք»,- ընդգծեց պատգամավորը:

Նա նաև հիշեցրեց, որ Հայաստանն ընդունել է «Այլընտրանքային ծառայության մասին» օրենքը, որը հնարավորություն է տալիս այն մարդկանց, ովքեր կրոնական հայացքներից ելնելով, չեն ցանկանում զենք բռնել, բանակում ծառայելու փոխարեն կատարեն այլընտրանքային աշխատանքային ծառայություն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am