Երևանյան բեսթսելեր 2/37. Հարյուրամյա ծերուկը համալրել է վարկանիշային աղյուսակը
ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակն այս շաբաթ գլխավորում է Անտուան դը Սենտ Էկզյուպերիի «Փոքրիկ իշխանը» ստեղծագործությունը: Գիրքն առաջին անգամ հրատարակվել է 1943-ին և համարվում է Էկզյուպերիի ամենահայտնի երկը: Այն հայերեն վերահրատարակել է «Անտարես» հրատարակչությունը: «Փոքրիկ իշխանը» թարգմանվել է ավելի քան 190 լեզվով և վաճառվել ավելի քան 80 միլիոն օրինակով: Ունեցել է հայերեն մի քանի հրատարակություն:
Երկրորդ հորիզոնականում նոր գիրք է հայտնվել՝ Յունաս Յունասսոն «Հարյուրամյա ծերուկը, որ բարձրացավ պատուհանին և անհետացավ» գործը: Ծերանոցի իր սենյակում հանգիստ նստած` Ալան Կառլսոնը սպասում էր հավաքույթի, բայց այնքան էլ չէր ցանկանում, որ այն սկսվի. իր հարյուրամյա տարեդարձի հավաքույթն էր լինելու: Ներկա էր լինելու քաղաքագլուխը: Ներկա էր լինելու մամուլը: Սակայն ինչպես պարզվում է, ներկա չէր լինելու Ալանը: Նրա փախուստի պատմությանը զուգահեռ բացահայտվում է նրա անցյալը, մի կյանք, որի ընթացքում նրա մատը խառն է եղել XX դարի պատմության մի քանի նշանակալից իրադարձությունների` հետին պլանում…
Օրհան Փամուքի «Իմ անունը կարմիր է» գիրքը ևս ընդգրկվել է ցանկում: Փամուքի վեպը, հեղինակի խոստովանությամբ, իր ամենագունեղ և լավատեսական ստեղծագործությունն է: Վեպի ժանրին տիրապետելու իր հմտություններով ու կիրառված բոլոր ինքնատիպ լուծումներով հանդերձ՝ Փամուքի վեպի գրավչության ամենամեծ գաղտնիքը իր նյութի հանդեպ անսահման սերն է:
«Նաիրի» հրատարակչության լույս ընծայած` Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» գիրքն այս շաբաթ հինգերորդ հորիզոնականում է:
Հինգերորդ հորիզոնականում է Գաբրիել Գարսիա Մարկեսի «100 տարվա մենություն» վեպը, որը ռուսերենից թարգմանել է Ռուբեն Հովսեփյանը: Այն նոր հրատարակությամբ լույս է ընծայել «Բուկինիստ» հրատարակչությունը:
Բրազիլացի գրող Պաուլո Կոելյոյի լավագույն ստեղծագործություններից մեկը`«Ալքիմիկոսը» վեցերորդ հորիզոնականում է: Վեպը երազանք ունենալու և այն իրականացնելու հաստատակամության պատմություն է՝ զուգորդված սիրո, բարության, անհատականության պահպանման մոտիվներով, նոր երկիր ու նոր մշակույթ ճանաչելու հնարավորությամբ: Բնագրից հայերեն է թարգմանվում առաջին անգամ:
Էլֆրիդե Ելինեկի «Դաշնակահարուհին» ևս ընդգրկվել է բեսթսելերի ցանկում: «Դաշնակահարուհին» վեպով Ելինեկը հայտնի դարձավ աշխարհին: Վեպում ներկայացվում է բարդ հոգեբանությամբ մի կերպար, որի ներաշխարհում կանոնիկ կյանքի և սեռական ներքին ձգտումների բարդ հակադրությունն է:
Ութերորդ հորիզոնականում է Հերման Հեսսեի «Տափաստանի գայլը» ստեղծագործությունը: Գերմանացի մեծանուն գրողի այս վեպը նրա ամենաճանաչված ստեղծագործությունն է, որը ներկայացնում է 20-րդ դարասկզբի եվրոպական ճգնաժամի համապատկերը:
Գաբրիել Գարսիա Մարկեսի «Սերը ժանտախտի օրերին» գործը իններորդ հորիզոնականում է: «Մարդիկ միշտ չէ, որ ծնվում են այն օրը, երբ մայրը լույս աշխարհ է բերել. կյանքն ստիպում է, որ նրանք ծնվեն վերստին և շատ անգամ». հենց այս փիլիսոփայությունն է արծարծում տվյալ յուրահատուկ ստեղծագործությունը: Վեպը բնագրից թարգմանել է Ֆրունզիկ Կիրակոսյանը:
«Երևանյան բեսթսելերն» այս շաբաթ եզրափակում է Գուրգեն Մահարու «Չարենց-նամե» ժողովածուն: Հայ գրականությունում չկա երկու այլ անուն, որ կապված լինեն հոգեւոր և անձնական այնպիսի ամուր կապերով, ինչպես Գուրգեն Մահարին եւ Եղիշե Չարենցը: Այս ժողովածուն, ընդգրկելով 1967թ. լույս տեսած «Չարենց-նամեն», էապես տարբեր է նախկինից:
Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Նոր գիրք» (093-60-40-64), «Նոյյան տապան» (56-81-84), «Հայ գիրք» (54-07-06), «Էդիթ Պրինտ» (57-70-09), «Բուկինիստ» (53-74-13), «Նարեկ» (51-91-36 ) և «Զանգակ» (23-25-28) գրախանութները: Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը:
Տեղ | Փոփ. | Գիրք | Հրատ | Քանակ | |
1 | 0 |
Անտուան դը Սենտ Էկզյուպերիի «Փոքրիկ իշխանը» |
Անտարես | 20 | |
2 | նոր |
Յունաս Յունասսոն «Հարյուրամյա ծերուկը, որ բարձրացավ պատուհանին և անհետացավ» |
Զանգակ | 17 | |
3 | +5 |
Օրհան Փամուք «Իմ անունը կարմիր է» |
Անտարես | 10 | |
4 | +1 |
Գրիգոր Նարեկացի «Մատյան ողբերգության» |
Նաիրի | 9 | |
5 | * |
Գաբրիել Գարսիա Մարկես «100 տարվա մենություն» |
Բուկինիստ | 9 | |
6 | 0 |
Պաուլո Կոելյո «Ալքիմիկոսը» |
Անտարես | 8 | |
7 | 0 |
Էլֆրիդե Ելինեկ «Դաշնակահարուհին» |
Անտարես | 8 | |
8 | * |
Հերման Հեսսե «Տափաստանի գայլը» |
Անտարես | 7 | |
9 | * |
Գաբրիել Գարսիա Մարկես «Սերը ժանտախտի օրերին» |
Բուկինիստ | 7 | |
10 | * |
Գուրգեն Մահարի «Չարենց-նամե» |
Բուկինիստ | 7 |
Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:
«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում