Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

Գևորգ Թամամյանը՝ Մանկական ուռուցքաբանության միջազգային միության ասիական աշխարհամասի (SIOP Asia) նախագահ

Գևորգ Թամամյանը՝ Մանկական ուռուցքաբանության միջազգային միության 
ասիական աշխարհամասի (SIOP Asia) նախագահ

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար պրոֆեսոր Գևորգ Թամամյանն ընտրվել է Մանկական ուռուցքաբանության միջազգային միության ասիական աշխարհամասի (SIOP Asia) նախագահ: Թամամյանն այս մեծ ձեռքբերումը համարում է թիմային մեծ աշխատանքի արդյունք:

«Արմենպրես»-ի հետ զրույցում նա ընդգծեց, որ սա խոսում է այն մասին,  թե Հայաստանն ինչ լուրջ ներգրավվածություն ունի Մանկական ուռուցքաբանության միջազգային միության աշխատանքներում:

OLD02129.JPG (527 KB)

«ՀՀ-ում ապրող և աշխատող մասնագետներից մի քանիսն այժմ Մանկական ուռուցքաբանության միջազգային միությունում ղեկավարում են կարևոր բաժիններ. մեր հոգեսոցիալական ծառայության ղեկավար Ալիսա Քամալյանն ընտրվել է հոգեսոցիալական աշխատանքային խմբի համանախագահ»,-նշեց նա:

Մասնագետի խոսքով՝ Մանկական ուռուցքաբանության միջազգային միությունը  միակն է, որի ջանքերն ուղղված են ամբողջ աշխարհում մանկական քաղցկեղի խնդիրների լուծմանը՝ մեկ հարթակում համախմբելով բժիշկների, բուժքույրերի, հոգեբանների, գիտնականների, բուժառուների և վերապրածների:

«Ինձ համար շատ մեծ պատիվ էր ընտրվել  Մանկական ուռուցքաբանության միջազգային միության ասիական աշխարհամասի (SIOP Asia) նախագահ։ Ընտրությանը մասնակցել են կառույցում ընդգրկված բոլոր երկրները: Այս պահին հանդիսանում եմ կառույցի  ասիական աշխարհամասի ընտրված նախագահ՝ երեք տարով։ Դրա արդյունքում նաև դառնում եմ Մանկական ուռուցքաբանության միջազգային միության տնօրենների ղեկավար խորհրդի անդամ։ Սա  մեր ոլորտի գլխավոր կառույցն է, որը մեծ հնարավորություններ է ընձեռում:

OLD02149.JPG (409 KB)

Ամեն ինչ անելու ենք, որ մեր գործունեությամբ բարելավենք քաղցկեղով հիվանդ երեխաների կյանքի որակն ու բուժման հնարավորություններն Ասիայում»,-ասաց Գևորգ Թամամյանը:

Խոսելով հնարավորություններից՝ բժիշկն ընդգծեց՝ կարևոր է Հայաստանն ավելի ներկայանալի դարձնելը, հարթակն օգտագործելով՝ փորձել լուծել ասիական աշխարհամասում ոլորտում կուտակված խնդիրները։

«Հույս ունեմ՝  կկարողանամ նպաստել, որ ասիական աշխարհամասի մասնագետներն էլ ավելի ներգրավված լինեն միության աշխատանքներում։ Այստեղ պահանջվում են համակարգային և համընդհանուր ջանքեր: Եթե հնարավոր լինի համատեղել բոլորի ուժերը՝ մասնագետների, վերապրածների, բուժառուների և նրանց ընտանիքների, շատ բան կկարողանանք փոխել թե՛ դեղերի հասանելիության, թե՛ գիտական աշխատանքների կազմակերպման, թե՛ բազմաթիվ այլ խնդիրների լուծման առումով»,-ասաց նա:

Պրոֆեսորն  ընդգծեց, որ մանկական ուռուցքաբանությունը և արյունաբանությունը Հայաստանի բժշկության ամենաարագ զարգացող և մրցունակ ճյուղերից են: Թամամյանը նշեց՝ վերջերս Հայաստան այցելած Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) պատվիրակության ղեկավարն ընդգծել է, որ իր այցելած հետսովետական բոլոր բուժհաստատությունների մեջ պրոֆ. Ռ. Հ. Յոլյանի անվան մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնը լավագույն կլինիկան է, այստեղ հավաքվել է լավագույն թիմը:

OLD02121.JPG (468 KB)

«Բազմիցս ասել եմ՝ մեր նպատակն է, որ մանկական ուռուցքաբանությունը դառնա մեր երկրի այցեքարտերից մեկը, այսինքն՝ ամբողջ աշխարհից գան այստեղ բուժում ստանալու։ Արդեն ունենք բուժառուներ Աֆրիկայից, Հարավային Ամերիկայից, հետսովետական երկրներից։ Այդ զարգացումը պետք է շարունակվի ավելի մեծ տեմպերով և ոչ միայն բժշկության մեջ պետք է դա այցեքարտ դառնա, այլ նաև մեր երկրի համար»,-նշեց նա:

Թամամյանի խոսքով՝ տարածաշրջանում և ամբողջ աշխարհում լավագույնը լինելու համար իրենց թիմը տարիներ շարունակ աշխատել է, և այսօր  էլ իրենց բոլոր ջանքերն ուղղված են Հայաստանը մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների ոլորտում լավագույնը դարձնելուն:

Հեղինակ՝ Գայանե Գաբոյան

Լուսանկարները՝ Հայկ Հարությունյանի

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am