Հանդբոլի Ալավերդու պատանեկան հավաքականը` ժամկետից շուտ Հայաստանի չեմպիոն
ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ալավերդու թիմը (մարզիչ` Աշոտ Հակոբան) Հայաստանի առաջնության ավարտից մեկ տուր առաջ իր համար ապահովել է չեմպիոնի կոչումը: Իսկ ահա, մրցանակային մյուս երկու տեղերին հավակնում են երեք թիմ: Ալավերդցիները 4-րդ անընդմեջ հաղթանակ տարան` 29:15(15:8) հաշվով առավելության հասնելով ՀՄԴ-ի թիմի նկատմամբ: Վերջինն առաջնությունում 4-րդ պարտությունը կրեց: Բոլոր խաղերը տանուլ է տվել և վաստակած միավոր չունի նաև ԼՂՀ-ի ընտրանին:
Ստուգատեսի վերջին օրն անհաջողակ երկու թիմերը կմրցեն իրար հետ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է Հայաստանի հանդբոլի ֆեդերացիան: Դրամատիկ ընթացք ունեցավ Վանաձոր-ԽՄՕՄՄ խաղը: Վանաձորի հավաքականը թեև մրցակցին մեկ գնդակի տարբերությամբ զիջեց առաջին խաղակեսում (14:15), սակայն հանգստից հետո ետ բերեց կորցրածը: Խաղն ավարտվեց 25:25 հաշվով: Մեդալների համար պայքարող երկու թիմի համար էլ ոչ-ոքի արդյունքը ձեռնտու չէր:
Ալավերդու հավաքականը վաստակել է 8 միավոր, ապա հաջորդում են Աջափնյակի (6), ԽՄՕՄՄ-ի (5), Վանաձորի (5), ԼՂՀ-ի (0), ՀՄԴ-ի (0) թիմերը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում