Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

100 տարի Սանկտ Պետերբուրգում պահված հայ ոսկերիչների գանձերը կցուցադրվեն աշխարհին

100 տարի Սանկտ Պետերբուրգում պահված հայ ոսկերիչների գանձերը կցուցադրվեն 
աշխարհին

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեկ տարի առաջ հիմնադրված Հայ ոսկերիչների հիմնադրամը գլխավորում է կանադահայ Պիեռ Աքքելյանը: Նա ժամանակին Կանադայի ոսկերիչների միության նախագահն էր և հետագայում դարձավ 1997 թվականին հիմնադրված Հայ ոսկերիչների համաշխարհային միության (AJA) համահիմնադիրներից մեկը: AJA-ի ջանքերի շնորհիվ օրեր առաջ նորաբաց «Մերիդիան» ազատ տնտեսական գոտում տեղի ունեցավ  «Երևան շոու» ոսկերչական 4-րդ ցուցահանդեսը: «Արմենպրես»-ը ներկայացնում է հարցազրույց Պիեռ Աքքելյանի հետ:

-Ո՞րն է հիմնադրամի հիմնական նպատակը:

-Հայ ոսկերիչների հիմնադրամը ստեղծվել է մեկ տարի առաջ և ունի երեք նպատակ: Առաջինը հայ ոսկերիչների պատմության գրանցումն է: Դարեր ի վեր մեր ազգում շատ նշանավոր ոսկերիչներ ենք ունեցել, սակայն շատ աղոտ գիտենք մեր պատմության այդ հատվածները: Բյուզանդական կամ Օսմանյան կայսրությունների ժամանակ ասվում էր, որ այս կայսրը կամ սուլթանը սքանչելի ոսկյա իր նվիրեց մեկին, սակայն չէր ասվում, թե ով էր պատրաստել այն: Այս պատմությունը պետք է գրվի և հրամցվի աշխարհին: Մեր գործունեության երկրորդ մասը նվիրված է նրան, որ այսօր աշխարհի լավագույն ոսկերիչները հայեր են, դուք դա կհասկանաք, երբ ծանոթանաք հայտնի բրենդների ներսում աշխատող մարդկանց կենսագրությանը: Մենք աշխարհին պետք է ներկայացնենք այսօրվա մեր աստղերին: Եվ մեր երրորդ նպատակը՝ հաջորդ սերնդի պատրաստումն է:

-Ինչպիսի՞ գործունեություն է ծավալում հիմնադրամը:

-Ներկա դրությամբ մենք տանում ենք աշխատանքներ Սանկտ Պետերբուրգում հայ ոսկերիչների ցուցադրություն կազմակերպելու ուղղությամբ: Սանկտ Պետերբուրգի ազգագրության թանգարանում գտնվել է հայ ոսկերիչների պատրաստած գանձերի հավաքածու, որը ստեղծվել էր 1916 թ., սակայն հետագայում մոռացվել: Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ մենք պետք է այս հավաքածուն ցույց տանք աշխարհին: Այս հավաքածուն ստեղծել էին ռուսները` Միլլեր ազգանունով մի մարդու միջոցներով: Ռուսական ցարի արտոնությամբ նրանք եկել էին հավաքելու նմուշներ, որպեսզի թանգարանում ներկայացնեն հայերի աշխատանքը, քանի որ կար վախ, որ այն կարող էր ոչնչանալ: Եվ այդ նմուշները մենք պետք է ցուցադրենք` ի նշան մեր գոյատևման:

-Ինչպիսի՞ տպավորություններ ունեք այս տարվա ոսկերչության ցուցահանդեսից և Կանադայի համեմատ Հայաստանը զարգացման ի՞նչ հնարավորություններ ունի:

-Մենք` հայերս, ոսկերչական ազգ ենք, այն մեր ԴՆԹ-ի մեջ է: Երևանյան ոսկերչության շոուն դեռ մանուկ է, այն հասակ է առնում, սակայն համաշխարհային ոսկերչության կենտրոն դառնալու ներուժը շատ մեծ է: Հայաստանն առնվազն պետք է դառնա տարածաշրջանի կենտրոն: Անշուշտ, դեռ շատ աշխատանք պետք է տարվի:

-Որո՞նք են մեր ընդհանուր գծերը կանադական ոսկերիչների հետ, և ինչո՞վ ենք առանձնանում նրանցից:

-Համաշխարհային շուկան գաղտնիքներ չունի, սակայն ամենակարևորը գործընկերների ցանցի առկայությունն է աշխարհի տարբեր վայրերում: Հայ ոսկերիչների ներկայացրած ապրանքները միշտ լավն են, հիմնական հարցն այդ աշխատանքների` շուկա հասցնելու մեջ է, և այսպիսի միջոցառումներն այդ նպատակով անչափ կարևոր են:

-Ի՞նչն է Հայաստանում ոսկեգործության զարգացման համար խոչընդոտ:

-Ամենամեծ խոչընդոտը՝ ազատությունն է: Երբ մենք մասնակցում ենք Հոնկոնգի շոուին, այնտեղ ցանկացած ծավալի ապրանք կարող ենք ներկայացնել, վաճառել, սակայն Հայաստանում նմանատիպ գործունեություն իրականացնելու համար գոյություն ունեն շատ պարիսպներ: Եվ նմանատիպ խոչընդոտների հեռացման մեջ կառավարությունը մեծ դեր պետք է խաղա: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am