Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Է. Միրզոյանի անվան լարային քառյակը ներկայացրեց հայ և ռուս կոմպոզիտորների գործերից

Է. Միրզոյանի անվան լարային քառյակը ներկայացրեց հայ և ռուս կոմպոզիտորների 
գործերից

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էդվարդ Միրզոյանի անվան լարային քառյակի նոր համերգաշրջանը մեկնարկեց համերգ-շնորհանդեսով: Ռուսական արվեստի թանգարանում հոկտեմբերի 15-ին քառյակի անդամների` ջութակահարներ Արամ Ասատրյանի, Սոնա Ազարյանի, ալտահար Արմեն Թորոսյանի և թավջութակահար Վահան Գրիգորյանի կատարմամբ ունկնդիրները լսեցին հայ և ռուս ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ: Համերգն իր ներկայությամբ պատվեց կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը: Քառյակը կատարեց նաև Մանսուրյանի գործերից: 

«Արմենպրես»-ի հետ զրույցում ջութակահար Արամ Ասատրյանն ընդգծեց, որ համերգի ընթացքում ներկայացված ծրագիրը կհնչի նաև Ռուսաստանում: «Մենք մեր ուկնդրին կներկայացնենք, թե ինչ ենք պատրաստել և ինչ ենք մեզ հետ տանելու Կալուգա, որտեղ հոկտեմբերի 18-21-ը կանցկացվի նախագիծ: Այսօր ցանկանում ենք ցույց տալ, թե ինչպիսին է ծրագիրը, որպեսզի այնտեղ ըստ արժանվույն ելույթ ունենանք»,- նշեց Ասատրյանը:

Նրա խոսքով՝ լարային քառյակը շատ ծրագրեր ունի: «Քառյակն ընտանիք է: Ընտանիք կազմելիս կամ չես մտածում, կամ էլ գուցե հոգու խորքում մտածում ես՝ լա՞վ էր, որ կազմեցի, թե՞ ոչ: Պիտի ասեմ, որ իրար հետ շատ լավ ենք զգում, ստեղծագործական առումով ինչ ցանկանում ենք, ստացվում է, հաջողվում, ես շատ գոհ եմ»,-հավելեց նա:

Գրեթե մեկ ու կես տարի առաջ Երևանի Ռուսական արվեստի թանգարանում տեղի ունեցավ հայ մեծանուն կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի անվան լարային քառյակի առաջնելույթ-շնորհանդեսը: Քառյակն արդեն մեկ տարուց ավելի ակտիվ գործունեություն է ծավալում: Իրականացրել է բազմաթիվ բարեգործական համերգներ, վարպետության դասեր տվել, մասնակցել միջազգային միջոցառումների:

Էդվարդ Միրզոյանի անվան լարային քառյակի ստեղծման գաղափարը դեռևս տարիներ առաջ հղացել էին երիտասարդ հայ երաժիշտները: Հայտնի երաժիշտներ, բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիրներ`«Նոր Ռուսաստան» պետական սիմֆոնիկ նվագախմբի (գլխավոր դիրիժոր եւ գեղարվեստական ղեկավար` Յուրի Բաշմետ) և Հայաստանի պետական ​​սիմֆոնիկ նվագախմբի (գլխավոր դիրիժոր և գեղարվեստական ղեկավար` Էդուարդ Թոփչյան) մենակատարների սերտ համագործակցության արդյունքում գաղափարն իրականացվեց 2013 թվականի փետրվարին. ստեղծվեց Է. Միրզոյանի անվան լարային քառյակը, որն հնչեցնում և հանհրահռչակում է մեծ հայ կոմպոզիտորի, ինչպես և այլ հայ, օտարազգի կոմպոզիտորների ստեղծագործությունները:

Է. Միրզոյանի անվան լարային քառյակի կազմում ընդգրկված երաժիշտները կամերային երաժշտության միջազգային բազմաթիվ մրցույթների դափնեկիրներ են:

Արամ Ասատրյանը (ջութակ) ՀՊՖՆ երկրորդ կոնցերտմեյստերն է, «Սերենադ» կամերային նվագախմբի առաջին ջութակը, բազմաթիվ փառատոնների և համերգների մասնակից` Հայաստանում և արտերկրում:

Սոնա Ազարյանը (ջութակ) «Նոր Ռուսաստան» ՊՍՆ մենակատար է և «Նոր Ռուսաստան» նվագախմբի մենակատարների քառյակի» հիմնադիր, Մոսկովյան ֆիլհարմոնիայի և կամերային երաժշտության ռուսական բազմաթիվ փառատոնների մշտական մասնակից: Քառյակում հանդես են գալիս նաև Արմեն Թորոսյանը (ալտ) և Վահան Գրիգորյանը (թավջութակ): 

«Սերենադ» կամերային նվագախմբի կազմում երաժիշտները միասին շահել են բազմաթիվ մրցանակներ: Նրանք մասնակցել են բազմաթիվ փառատոնների` Հունաստանում, Շվեյցարիայում, Ֆրանսիայում և այլուր: Երաժիշտներից յուրաքանչյուրն ունի մեծ թվով մրցանակներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am