Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ադրբեջանն օգտագործում է իսլամական համերաշխության գաղափարը ԼՂ հարցում աջակցություն ստանալու համար. Արաքս Փաշայան

Ադրբեջանն օգտագործում է իսլամական համերաշխության գաղափարը ԼՂ հարցում 
աջակցություն ստանալու համար. Արաքս Փաշայան

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արաբագետ Արաքս Փաշայանի «Իսլամն Ադրբեջանում. անցյալը և ներկան» վերջերս հրատարակված մենագրությունն առաջին փորձն է` առանձին աշխատության շրջանակներում քննարկելու Ադրբեջանի ներքին և արտաքին քաղաքականության մեջ իսլամին առնչվող խնդիրները: Երկրի հասարակական, քաղաքական և սոցիալական կյանքում իսլամի դերակատարությանը, «ադրբեջանական իսլամի» առանձնահատկություններին, Ադրբեջանում արտաքին իսլամական ազդեցությունների (հատկապես թուրքական, իրանական և արաբական) ու դրանց ունեցած նշանակությանն մասին պատմելուցուց զատ լայն անդրադարձ է կատարվել նաև Իսլամական համագործակցություն կազմակերպության աջակցությանն Ադրբեջանին Ղարաբաղյան հակամարտության հարցում:

«Կարծում եմ, հայ արևելագիտության մեջ ադրբեջանագիտական հետազոտությունները պետք է գնալով ավելի մեծ տեղ զբաղեցնեն: Ադրբեջանին առնչվող շատուշատ գործընթացներ կարիք ունեն ավելի լայն ուսումնասիրության: Տարիներ շարունակ Ադրբեջանի ներքին և արտաքին քաղաքականության հետ կապված առանձին խնդիրների պարզաբանումներ մեզանում բաց են մնացել: Մենք պետք է փորձենք մեզ համար ստեղծել այդ պետության հնարավորինս ճշգրիտ պատկերը, որի հետ երկու տասնամյակից ավելի է` պատերազմական ու լարված հարաբերությունների մեջ ենք»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Փաշայանը: Նա ընդգծեց, որ Ադրբեջանում կրոնի ուսումնասիրությունը հատկապես կարևոր է այդ երկրի ներքին ու արտաքին քաղաքականության առանձնահատկությունները հասկանալու համար:

«Փաստ է, որ Ադրբեջանի հասարակական-քաղաքական գործընթացներում մեծացել է իսլամական գործոնի նշանակությունը: Եթե 1991թ. անկախությունից hետո իսլամն աշխարհիկ Ադրբեջանի համար առավելապես դիտարկվում էր որպես մշակութային և հոգևոր-արժեքների բաղկացուցիչ, իսկ ազգային տեսլականի համար` լուսանցքային մի տարր, ապա հետագա տարիներին Ադրբեջանում իսլամական վերածնունդը դարձավ անխուսափելի: Աստիճանաբար, թե’ ներքին և թե’ արտաքին գործոնների ազդեցությամբ ադրբեջանական հասարակության մեջ ի հայտ եկան իսլամական ինքնություններ ունեցող սոցիալական տարբեր շերտեր, որի ապացույցն օրինապահ հավատացյալների, այդ թվում՝ կրոնական գլխաշոր կրող աղջիկների և կանանց թվի հարաճուն ավելացումն է, հետաքրքրության աճն իսլամի նկատմամբ, իսլամական գիտելիքի շրջանակների ընդլայնումը, իսլամական արժեքների ու կենսակերպի աստիճանական որդեգրումը: Ադրբեջանում պահանջարկ ձեռք բերեց իսլամական գրականությունը, մեծացան իսլամական հռետորաբանության նշանակությունը, կրոնասիրության ծավալները, բացվեցին իսլամական ոճի հագուստներ և այլևայլ իսլամական պարագաներ վաճառող կրպակներ, «հալալ սննդի» խանութներ և այլն»,- իր խոսքում ասաց արաբագետը:

Հանդես գալով որպես «իսլամական պետություն», Ալիևյան կլանը, դիտարկեց պետությանը որպես միջազգային իսլամական ընտանիքի լիիրավ անդամ և սկսեց իր այդ դիմագիծն օգտագործել ղարաբաղյան հարցն իսլամական աշխարհում բարձրաձայնելու ու այդ խնդրում աջակցություն ստանալու համար: «Ավելի քան երկու տասնամյակ Իսլամական համագործակցություն կազմակերպությունը պարբերաբար անդրադարձել է Ղարաբաղյան հիմնախնդրին` որդեգրելով կոշտ հակահայկական դիրքորոշում: Օգտագործելով իսլամական համերաշխության գաղափարը` Ադրբեջանը կարողացավ լայնորեն ամրապնդել նաև իր դիրքերն արաբական իսլամական աշխարհում»,- ասաց Փաշայանը:

Նա հայտնեց, որ իր հետագա ուսումնասիրությունները նույնպես վերաբերելու են տարածաշրջանային զարգացումներում իսլամական գործոնի ուսումնասիրությանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am