Հասարակական

Շարմազանովը Հանրայինին առաջարկում է Հայաստանի հերոսների մասին տեսանյութեր հեռարձակել

2 րոպեի ընթերցում

Շարմազանովը Հանրայինին առաջարկում է Հայաստանի հերոսների մասին տեսանյութեր հեռարձակել

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը նկատում է Հանրային հեռուստառադիոընկերության գործունեության առաջընթացը: Այս մասին հայտնեց Շարմազանովն ԱԺ հարթակից «Հանրային հեռուստառադիոընկերության 2013թ. գործունեության վերաբերյալ» hարցի քննարկման ժամանակ: «Պետք է համեմատենք այս տարվա աշխատանքը մի քանի տարի առաջվա աշխատանքի հետ. չկա մի ոլորտ, որտեղ մենք դրական առաջընթաց արձանագրած չլինենք: Սկսենք լրատվական ոլորտի աշխատանքից. թե Հանրային հեռուսատեսության, թե ռադիոյի լրավական հաղորդումները ներկայացնում են համակողմանի տեղեկատվություն Հայաստանի ներքին, արտաքին քաղաքական կյանքի վերաբերյալ: Չկան գործիչներ, ում մուտքը այդ լրատվամիջոցներ ընդունելի չեն: Շատ դեպքերում ընդդիմադիր հատվածի մեր գործընկերներն ավելի շատ են լուսաբանվում»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` հայտնեց Շարմազանովը:

Անդրադառնալով մշակութային ու կրթական հաղորդումներին` ԱԺ փոխխոսնակը նշեց, որ դինամիկան հստակ տեսանելի է: «Պարոն Ջաղինյան, կարճ ժամանակահատված է, որ ղեկավարում եք Հանրային հեռուստառադիոընկերությունը, բայց այն հարցադրումները, որոնք մենք բարձրացրել ենք տարիներ առաջ, տեսնում ենք դրանց լուծումը»,-շեշտեց նա:

Էդուարդ Շարմազանովը վերահաստատեց իր առաջարկությունը, որ կարճ տեսանյութերի միջոցով ամենադիտվող ժամերին ներկայացվեն Հայաստանի ազգային հերոսներին` ֆիդայական շարժման ու Հայաստանի զարգացման համար ներդրում ունեցող անձանց վերաբերող նյութեր: «Քանի որ մոտենում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, կառաջարկեմ ցեղասպանության պատմությունը ներկայացնենք ոչ միայն զոհի կերպարով, այլ ցույց տանք մեր պատմության հերոսական էջերը` Սասունի ապստամբությունից մինչև Մուսա լեռան քառասուն օրը ցուցադրող տեսանյութերով»,-հավելեց Շարմազանովը:

Նա նաև խորհուրդ տվեց հաճախ ցուցադրել Հայաստանի, հայ մշակույթի վերաբերյալ վավերագրական ֆիլմերը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում