Հասարակական

Էդմոն Մարուքյանն առաջարկում է վերականգնել քաղաքացիների՝ վարչական գործերով վճռաբեկ բողոքն անձամբ ներկայացնելու իրավունքը

3 րոպեի ընթերցում

Էդմոն Մարուքյանն առաջարկում է վերականգնել քաղաքացիների՝ վարչական գործերով վճռաբեկ բողոքն անձամբ ներկայացնելու իրավունքը

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը շրջանառության մեջ է դրել «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է վերականգնել վարչական գործերով քաղաքացիների և իրավաբանական անձանց վճռաբեկ բողոքն անձամբ ներկայացնելու իրավունքը:

Պատգամավորն «Արմենպրես»-ին տեղեկացրեց, որ նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել վարչական դատավարության օրենսգրքի 154-րդ հոդվածի 4-րդ մասը: Խնդրո առարկա օրենսգրքի 154-րդ հոդվածի 4-րդ մասով մասնավորապես նախատեսվում է, որ ֆիզիկական ու իրավաբանական անձինք վճռաբեկ բողոք կարող են բերել միայն փաստաբանի միջոցով: Այս կարգավորման նպատակն էր իրավաբանորեն գրագետ ու հիմնավոր վճռաբեկ բողոքների ապահովումը, սակայն նման լուծումը չի ծառայում այդ նպատակի իրագործմանը, ավելին, այդ ճանապարհով խախտվում է Սահմանադրությամբ ու Եվրոպական կոնվենցիայով երաշխավորված՝ քաղաքացիների դատարան դիմելու իրավունքը:

Նախագծի ընդունումը հիմնավորվում է նրանով, որ տվյալ դրույթը խախտում է իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքը, արդար դատաքննության իրավունքը, առանց օբյեկտիվ հիմքի ու ողջամիտ նպատակի խտրականություն սահմանում մասնավոր անձանց ու վարչական մարմինների միջև: Խնդիրը հիմնականում հանգում է նրան, որ վարչական գործերով անվճար փաստաբանական ծառայություններից օգտվելու հնարավորությունը մեր օրենսդրությամբ խիստ սահմանափակ է:

Հետևաբար, դատական պաշտպանության իրավունքից ու հնարավորությունից ուղղակիորեն զրկվում են բազմաթիվ քաղաքացիներ:

Ավելին, խտրական մոտեցում է ցուցաբերվում ֆիզիկական ու իրավաբանական անձանց և վարչական մարմինների միջև, քանի որ նորմը սահմանափակում է նախատեսում միայն առաջինների մասով, իսկ վարչական մարմնի անունից վճռաբեկ բողոք կարող է բերել անգամ իրավաբանական կրթություն չունեցող անձը:

Այսպիսով, գործող օրենսգրքի 154-րդ հոդվածի 4-րդ մասը հակասում է Սահմանադրության 14-րդ, 18-20-րդ հոդվածներին, ՄԻԵԿ 6-րդ հոդվածին և Եվրոպական դատարանի կողմից մինչ այժմ ձևավորված դատական պրակտիկային:

Առաջարկվող նախագծի ընդունմամբ քաղաքացիներն ու իրավաբանական անձինք ևս հնարավորություն կստանան վարչական գործերով անձամբ վճռաբեկ բողոք ներկայացնելու, հետևաբար, նրանց դատարանի մատչելիության իրավունքն այլևս չի խախտվի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում