Գեղարքունիքում «Պատիվ ունեմ...»-ի անդամներն այցելում են Արցախյան գոյամարտում զոհվածների շիրիմներին
ԳԱՎԱՌ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Հայաստանի Հանրապետության Անկախության տոնին ընդառաջ, ՀՀ Նախագահի գործընկեր կազմակերպության՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած դրամաշնորհային մրցույթի շրջանակներում, «Գեղարեգ» ԿՄ ՀԿ-ի կողմից հիմնադրված «Պատիվ ունեմ...» ռազմահայրենասիրական ակումբի նախաձեռնությամբ մեկնարեկել են այցելությունները Գավառի տարածաշրջանից Արցախյան ազատամարտում եւ սահմանի վրա գործողություններում զոհված հայորդիների շիրիմներին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Գեղարեգ» ԿՄ ՀԿ նախագահ Գրիգոր Դաշտոյանը, սեպտեմբերի 12-17-ը մի խումբ պատանիներ, երիտասարդներ, զոհվածների հարազատներ ու ծնողներ, Գավառի զինկոմիսարաիտի աշխատակիցներ այցելեցին Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ, Գավառ քաղաքի Արծվաքար եւ Հացառատ թաղամասի նախկին բնակիչ զոհվածների շիրիմներին: Նրանք ծաղիկներ դրեցին եւ խոնարհվեցին հերոս տղաների շիրիմներին:
Արծվաքարում նրանք այցելեցին հերոս-սակրավոր Գեորգի Մնացականյանի շիրիմին, Հացառատ թաղամասում` զոհված յոթ, Կարմկիրգյուղում` վեց հերոս տղաների շիրիմներին: Հացառատ թաղամասի` զոհվածների հուշահամալիրում տեղի ունեցավ նաեւ միջոցառում, որին մասնակցեցին Գավառի թիվ 8 միջնակարգ դպրոցի աշակերտները: Իսկ Կարմիրգյուղում ակումբի անդամներին, ԵԿՄ Գավառի տարածքային ստորաբաժանման պատանի երկրապահներին, ազատամարտիկներին եւ Գավառի զինկոմիսարիատի աշխատակիցներին միացան նաեւ Կարմիրգյուղի թիվ 1 եւ թիվ 2 միջնակարգ դպրոցների աշակերտները:
«Անկախությունը ձեռք է բերվել, առաջին հերթին, հերոս տղաների արյան գնով, եւ մենք պարտավոր ենք հիշել ու անմահացնել նրանց անունները: Նրանք իրենց կյանքը զոհեցին հանուն մեր հայրենիքի, ապագայի, Անկախության եւ ազատության», - նշեց Գրիգոր Դաշտոյանը: Այցելությունները կշարունակվեն Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի եւ դրան հաջորդող օրերի ընթացքում, որպեսզի բոլոր հերոսներն հիշվեն անուն առ անուն:
Խոսրով Խլղաթյան
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում