ԳՅՈՒՄՐԻ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ Ուլյանովսկի մարզում կկառուցվի հայկական եկեղեցի: Այս մասին սեպտեմբերի 17-ին Գյումրի կատարած այցի ժամանակ լրագրողներին տեղեկացրեց Ուլյանովսկի մարզի հայ համայնքի ղեկավար Կամո Քարխանյանը:
«Ի ուրախություն մեզ,10 օր առաջ թույլտվություն ենք ստացել հայկական եկեղեցի կառուցելու: Տարածքն օրհնվել է և ցանկապատվել: Շինարարական աշխատանքները կմեկնարկեն մոտ օրերս: Դա Ուլյանովսկի նահանգապետի խոստումն էր, որն ի կատար ածվեց: Եթե այսօր արդեն Ուլյանովսկում ունենք հնարավորություն նոր հայկական եկեղեցի կառուցելու՝ դա շատ լավ է: Այն կլինի մազրի առաջին եկեղեցին: Մինչ այս կար խաչքար, հայկական արվեստը ներկայացնող պատվանդան, բայց եկեղեցի չկար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց համայնքի ղեկավարը:
Կամո Քարխանյանն իր խոսքում կարևորեց նաև հայ համայնքի հանդեպ Ուլյանովսկի մարզի ղեկավարության պատրաստակամ վերաբերմունքը: Տեղի հայ համայնքն ունի մոտ 5 հազար անդամ:
Արմենուհի Մխոյան