Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ֆրանսիան ողջունում է Էրդողանին Երեւան հրավիրելու Հայաստանի նախաձեռնությունը. Անրի Ռենո

Ֆրանսիան ողջունում է Էրդողանին Երեւան հրավիրելու Հայաստանի 
նախաձեռնությունը. Անրի Ռենո

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին 2015թ. ապրիլի 24-ին Հայաստան հրավիրելու եւ հրավեր-նամակը փոխանցելու Հայաստանի նախաձեռնությունը Ֆրանսիան գնահատում է դրական եւ ողջունում ցանկացած նախաձեռնությունը, որ կբերի երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորմանը: Այս մասին «Արմենպրես»-ին ասաց ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոն: «Ֆրանսիան ողջունում է ցանկացած նախաձեռնություն, որը կնպաստի Հայաստանի և Թուրքիայի մերձեցմանն ու երկխոսությանը` ի նպաստ երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման»,- ընդգծեց դեսպանը:

Օգոստոսի 28-ին Անկարայում կայացած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալությանը ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Թուրքիայի նախագահին է փոխանցել 2015թ. ապրիլի 24-ին Երևան այցելելու Սերժ Սարգսյանի հրավերը:

Մինչ այդ, մայիսի 27-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի չորրորդ նիստին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Թուրքիայի նախագահին հրավիրել էր Հայաստան 2015թ. ապրիլի 24-ին:

«Եթե Թուրքիայի իշխանություններին հետաքրքրում է ճշմարտությունը, ուրեմն նրանք պետք է գան Հայաստան և ապրիլի 24-ին լինեն հայ ժողովրդի կողքին: Չեմ կարծում, թե դրանից հետո նրանք արխիվներ այցելելու մասին միտք հնչեցնել կկարողանան: Օգտվելով այս առիթից` պաշտոնապես հրավիրում եմ Թուրքիայի Նախագահին, ով էլ որ ընտրվի առաջիկա ընտրությունների ժամանակ, այցելելու Հայաստան 2015 թվականի ապրիլի 24-ին և առերեսվելու Հայոց Ցեղասպանության պատմության խոսուն վկայություններին»,- հայտարարել էր ՀՀ նախագահը:

Ապրիլի 24-ին Փարիզում կայացած ոգեկոչման արարողության ժամանակ էլ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն է հայտարարել, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը կնշի Երեւանում` Ծիծեռնակաբերդի բարձունքում: Ֆրանսիայի նախագահը Երեւան կատարած պետական այցի շրջանակում վերահաստատեց 2015թ. ապրիլի 24-ին Երեւան այցելելու իր պատրաստակամությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am