Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Չնայած լեզվական խոչընդոտներին` սիրիահայ աշակերտը սիրում է հայկական դպրոցը

Չնայած լեզվական խոչընդոտներին` սիրիահայ աշակերտը սիրում է հայկական դպրոցը

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Նար-Դոսի անվան թիվ 14 դպրոցում այս ուսումնական տարում սովորում է 65 սիրիահայ աշակերտ: Դպրոցի տնօրենի` Արուսյակ Բարսեղյանի խոսքով` երեխաներն այնքան լավ են տիրապետում արևելահայերենին ու այնքան ակտիվ են, որ երբեմն դժվար է տարբեր նրանց հայաստանբնակներից: «Արմենպրես»-ը զրուցեց դպրոցի տնօրենի, սիրիահայ աշակերտուհու և նրա մայրիկի հետ:

«Երկու տարի առաջ Կիլիկյան վարժարանը սկսեց գործել մեր դպրոցում, որտեղ սովորում էին մոտ 300 սիրիահայ աշակերտներ`իրենց արաբական ծրագրով, այդ տարի երեխաները նույնիսկ կիսատ-պռատ էին արևմտահայերենին տիրապետում, դրա համար իրենց ուսուցիչներով ու իրենց ծրագրով եկան Հայաստան և մեր դպրոցն ընտրվեց: Սակայն, երբ նախարարությունը որոշեց, որ Կիլիկյան վարժարանը չպետք է գործի, այլ երեխաները պետք է հաճախեն հանրակրթական դպրոցներ, սովորեն հանրակրթական ծրագրով, այդ դեպքում խնդիրներ առաջացան, երեխաներից շատերը արաբախոս էին, ընդհանապես չէին կարողանում արելահայերենով հաղորդակցվել, յուրացնել դասերը: Մյուս կողմից էլ` երեխաների ծնողները, մտածելով` եթե հանրակրթական ծրագիր և դպրոց, ապա ընտրեն իրենց տարածքի դպրոցները, այդ պատճառով մեզ մոտից երեխաների մեծ մասը տեղափոխվեց վարչական այլ շրջանների դպրոցներ: Ներկայում մեզ մոտ 65 աշակերտ է սովորում: Նախորդ ուսումնական տարվա վերջին նրանց թիվը 55 էր, այս տարի ևս 10-ով ավելացավ»,-հայտնեց դպրոցի տնօրենը` հավելելով, որ այժմ երեխաները շատ լավ ընտելացել են և տիրապետում են արևելահայերենին: «Գերազանցիկներ ունենք, «Կենգուրու»-ի հաղթող երկու սիրիահայեր ունենք, ինչը շատ ուրախալի է: Նախարարության և մեր ջանքերով մեր դպրոցում արաբերեն են անցնելու երեխաները, արդեն պաշտոնական դասավանդվելու է լեզուն առաջին դասարանից: Քանի որ մեզ մոտ էին սիրիահայ երեխաները, մենք դիմում գրեցինք ԿԳ նախարարին ու նա չմերժեց: Մեր դպրոցը արաբերեն լեզվի խորացված դասեր կանցկացնի, որը նրանց կդասավանդեն իրենց վարժարանի ուսուցիչները»,-նշեց Արուսյակ Բարսեղյանը:

Տնօրենի տեղեկացմամբ` դպրոցում 1-9-րդ դասարանցիների համար գործում է արաբերենի խմբակ: «Ունենք նաև երկարօրյա խմբակ, դա ստեղծվեց այն ժամանակ, երբ երեխաները չէին հասկանում ֆիզիկայի, մաթեմատիկայի տերմինները, ռուսաց լեզվին ընդհանարպես չէին տիրապետում: Այդ խմբակը ստեղծեցինք դասապատրաստման նպատակով, դասերից հետո մինչև 16:00-ն ուսուցչուհին` Սոֆա Պողոսյանը, բավականին սրտացավորեն պարապում է այն երեխաների հետ, ովքեր չեն առաջադիմում: Արդյունքներն էլ տեսանք, որ շատ գոհացուցիչ են»,-նշեց  տնօրենը:

Արուսյակ Բարսեղյանի հավաստիացմամբ` երեխաների ինտեգրումը դպրոցին այնքան սահուն է ընթացել, որ լրացուցիչ ջանքեր գործադրելու կարիք չի լինելու: «Ինչ միջոցառումներ, որ իրականացնում ենք, այդ երեխաներին ընդգրկում ենք դրանցում: Բավականին ընդունակ են, շատ սիրով են մասնակցում բոլոր միջոցառումներին: Նույնիսկ վերջին դասալսման ժամանակ հետաքրքրվեցի, թե նրանցից ով էր սիրիահայ, քանի որ բոլորն էլ ակտիվ մասնակցում էին ու այնքան լավ էին արևելահայերենով խոսում, որ չէի տարբերում նրանց»,-հայտենց տնօրենը:

Մառլա Սարգիսը նույն դպրոցի 6-րդ դասարանի աշակերտուհի է, Կիլիկյան վարժարանից դեռևս անցյալ ուսումնական տարի տեղափոխվել է Նար-Դոսի անվան դպրոց: Մառլան սովորում է 35 հոգանոց դասարանում, ուր ընկերություն է անում հավասարապես թե սիրիահայ, թե հայաստանաբնակ աղջիկների հետ: «Իմ ընկերուհիներն են Սերլին, Անին, Սինդիան, Մեղրին, Լիլիթը, Սյուզին»-ասաց նա:

Դասարանի 5 տղաների հետ էլ միայն «կռվում է»: Մառլա Սարգիսի խոսքով` Հայաստանում մի փոքր բարդ է դասերը սովորելը լեզվական խոչընդոտների պատճառով: «Սիրիայի ու Հայաստանի դպրոցների միջև շատ տարբերություն չկա, այստեղ էլ պայմանները, ուսուցիչները լավն են:  Ուղղակի այստեղ մի քիչ դժվար է, այնտեղ էլ դժվար էր, բայց այնտեղ ավելի հեշտ էր մեզ համար, քանի որ այնտեղ ենք ծնվել, մեծացել»,-ասաց աղջնակը: Մառլան իր ընկերների հետ մասնակցում է նաև դպրոցում կազմակերպվող միջոցառումներին, հաճախում է նաև հայկական պարերի խմբակ:

Մառլան առարկաներից ամենաշատն անգլերենն է սիրում, բայց դեռ չի որոշել ինչ է ուզում դառնալ: «Հնարավոր է անգլերենի գծով շարունակեմ»,-նշեց նա:

Մառլայի առօրյան նման է մյուս բոլոր երեխաների առօրյային: Հաճախում է դպրոց, հետո գնում տուն, պատրաստում դասերը, երեկոյան էլ բակում ընկերների հետ բռնոցի, պարան, գնդակ խաղում: Հարցին ի պատասխան` արդյոք, կարոտում է Սիրիան ու կցանկանար գնալ, շրջել` Մառլան ասաց. «Կարոտում եմ այնտեղ, կուզենայի գնայի, բայց էլի հետ գայի Հայաստան»:

Մառլայի մայրիկը` Արշալույս Քեշիշյանը, ով հինգ երեխաների մայր է, արդեն հարմարվել է Հայաստանի ապրելակերպին: Տիկին Արշալույսը շատ կցանկանար, որ երեխաները շարունակեին խորացված արաբերեն ուսումնասիրել, քանի որ ներկայում դժվարություններ ունեն հայերենով դասերը պատրաստելու հետ: «Ամեն ինչ հայերեն դարձավ ու արդեն դժվար է: Մենք դպրոցից հայերեն գիտեինք, բայց այս հայերենը բարդ է թե մեր, թե փոքրիկների համար: Մենք կցանկանայիք, որ շարունակեին արաբերենը  խորացված անցնել, իսկ հայերենի դասերը շատացնեին»,-ասաց Արշալույս Քեշիշյանը:

Նրա ավագ դուստրն ընդունվել է Երևանի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետը, իսկ մյուս աղջիկները ևս ցանկանում են համալսարանում սովորել:

Նար-Դոսի անվան  թիվ 14 դպրոցում սովորում է 405 աշակերտ: Դպրոցում սեպտեմբերի 5-ին կբացվի նոր տեխնոլոգիաներով համալրված համակարգչային սենյակ:

Լուսանկարում` Մառլա Սարգսը (ձախից) ընկերուհու` Անի Քեշիշյանի հետ


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am