Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Նախագահը վստահ է, որ մրցանակակիր դպրոցականները տարիներ հետո կլինեն ՀՀ նախագահականում այլ կարգավիճակով

Նախագահը վստահ է, որ մրցանակակիր դպրոցականները տարիներ հետո կլինեն ՀՀ 
նախագահականում այլ կարգավիճակով

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իր նստավայրում հյուրընկալեց «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական մրցույթի հաղթողներին, 2013-2014 ուստարվա մեդալակիր շրջանավարտներին, միջազգային օլիմպիադաներում հաղթած աշակերտներին: Նախագահ Սարգսյանը ողջունելով ներկա և նախկին դպրոցականներին, հպարտություն հայտնեց` անվանելով նրանց հերոսներ: «Ապրեք, դուք մեր երկրի ապագան եք, մենք բոլորս ձեզնով հպարտանում  ենք: Հպարատանում ենք ոչ ավելի քիչ, քան ձեր ծնողները, ուսուցիչները: Երանի թե մեր բոլոր քաղաքացիները ձեզ նման պարտաճանաչ լինեին ու ձեզ նման արդյունավետ աշխատեին ու սովորեին: Շատ կարևոր եմ համարում, որ ձեր ձեռքբերումները լինեն շարունակական»,-ասաց Սերժ Սարգսյանը:


Նրա խոսքով` պետք է անընդհատ աշխատել, ջանք գործադրել ու կատարելագործվել: «Քիչ չեն օրինակները,երբ դպրոցականն ուսման ընթացքում չի փայլում իր հաջողություններով, բայց ապագայում իր աշխատասիրությամբ, իր նպատասկասլացության շնորհիվ հասնում է մեծ հաջողությունների: Բայց, ցավոք սրտի, քիչ չեն նաև օրինակները, երբ գերազանց սովորող աշակերտները բավարարվում են այդ հաջողություններով, իրենց համարում են ամենագետ և դադարում են մեծ ջանքեր գործադրելուց: Ակնհայտ է, թե արդյունքներն այս դեպքերում ինչպիսին են լինում: Սրանք ձեր առաջին հաջողություններն են, բոլորդ պետք է հասկանաք, որ պետք է մեծ ջանքեր գործադրել»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ընդգծեց Նախագահը` շեշտելով, որ ժամանակակից աշխարհում չկա մի մասնագիտություն, որը վերապատրաստման կարիք չունենա:

«Վերապատրաստվում են աշխարհահռչակ բժիշկները, ակադեմիկոսները, բոլորը, քանի որ ժամանակակից աշխարհը շատ արագ է զարգանում, գիտելիքի քանակը մեծ է և, որքան մարդիկ սովորում են, այնքան շատ էլ հասկանում են, թե որքան քիչ բան գիտեն: Սա շատ կարևոր է»,-նշեց Սերժ Սարգսյանը:

Դիմելով դպրոցը գերազանցությամբ ավարտած նախկին աշակարտներին` Նախագահը նշեց, որ նրանք բավականաչափ բարձր նշաձող են սահմանել ու այլևս իրավունք չունեն դրանից ցածր արդյունքներ ցուցաբերել:

««Կենգուրու» մրցույթի հաղթողներին ցանկանում եմ, որ մեծ պատասխանատվությամբ և պատվով պատրաստ լինեք շարունակելու այն մարաթոնն ու էստաֆետը, որ սկսել ու շատ մեծ պատասխանատվությամբ տանում են ձեզնից ավագները: Ես վստահ եմ, որ այս փոքրիկներից շատերը տարիներ հետո լինելու են այս դահլիճում և արդեն այլ կարգավիճակում: Միջազգային առարկայական օլիմպիադաների մրցանակակիրներին ցանկանում եմ ասել` դուք հրաշք եք կամ  էլ հրաշագործ: Ես ձեզնով հպարտանում եմ, ձեզնով հպարտանում է մեր ողջ ժողովուրդը: Այս օրերի ընթացքում բազմիցս առիթ եմ ունեցել իմ հպարտությունն ու ուրախությունը հայտնել ի լուր ողջ աշխարհի: Երբ երկու տարի առաջ ձեզանից ավագները կարողացան միջազգային առարկայական օլիմպիադաներում նվաճել 16 մեդալ, շատերը դա համարում էին պատահականություն, ոմանք էլ նույնիսկ իրենց թույլ էին տալիս դրա մասին բարձրաձայն արտահայտվել: Նույն այնպես, ինչպես մենք առաջին անգամ դարձանք համաշխարհային շախմատային օլիմպիադայի հաղթողներ, բոլորն էլ ասում էին պատահակություն է: Այնուհետև կյանքը ցույց տվեց, որ դա պատահականություն  չէ: Այս տարի էլ, երբ  դուք նվաճեցիք 16 մեդալ, դուք հերոսություն արեցիք: Դա շատ ավելին է, քան մեր անմիջական հարևանները միասին արեցին: Ձեր նվաճած մրցանակները գրեթե այնքան են, որքան մեզնից քսան, երեսուն անգամ ավելի բնակչություն ունեցող երկրներինն է»,-հավելեց Սերժ Սարգսյանը:

Երկրի Նախագահն ուրախալի համարեց այն հանգամանքը, որ դահլիճում հավաքված երեխաները կարողանում են ցանկացած խնդրի լուծում գտնել` միևնույն ժամանակ կարևորելով փաստը, որ նրանցից յուրաքանչյուրն ունի ինքնուրույն մտածողություն: «Մեր արվեստագետներից մեկն ասել է` որպեսզի ունենաս պետական մտածողություն, ապա առնվազն պետք է ունենաս սեփական մտածողություն: Ես վստահ, որ ձեր սեփական մտածողությունը վերածվելու է պետական և քաղաքացիական մտածողության»,-ավելացրեց Սերժ Սարգսյանը:

«Կենգուրու» միջազգային մաթեմատիկական մրցույթը Հայաստանում անցկացվում է 2009 թվականից: 2014-ին մրցույթին մասնակցել է 3-12-րդ դարսարանի 43 հազար 827 աշակերտ ՀՀ և Արցախի 1040 դպրոցներից:

2013-2014  ուսումնական տարվա ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների մեդալակիր շրջանավարտները 47-ն են: 2014 թվականի դպրոցականների միջազգային վեց օլիմպիադաների մեդալակիրները 16-ն են:



Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am