ԱԺ փոխնախագահը եզդիների խնդիրը խորհրդարանական հարթակներում բարձրացնելու պատրաստակամություն է հայտնել
ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն օգոստոսի 23-ին հանդիպել է Եզդիների ազգային միության անդամների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել է Իրաքի հյուսիսում եզդիների հանդեպ իրականացվող բռնությունների հարցը եւ ներկայիս իրադրությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ԱԺ փոխնախագահն անընդունելի է համարել 21-րդ դարում ազգային եւ կրոնական անհանդուրժողականության պատճառով Իրաքի հյուսիսում եզդի բնակչության հանդեպ իրականացվող զանգվածային բռնությունները: Էդուարդ Շարմազանովը վստահեցրել է, որ խնդիրը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի, ինչպես նաեւ իշխող Հայաստանի հանրապետական կուսակցության ուշադրության կենտրոնում է, եւ Հայաստանը իր հնարավորությունների շրջանակում պատրաստ է աջակցել ու սատարել բարեկամ եզդի ժողովրդին:
Եզդիների ազգային միության նախագահ Ազիզ Թամոյանը ներկայացրել է տիրող իրադրությունը եւ շնորհակալություն հայտնել ՀՀ իշխանություններին աջակցության համար: Նա նշել է, որ խնդիրը միջազգային կառույցներում բարձրաձայնելու հարցում եզդիական համայնքը ակնկալում է Հայաստանի Հանրապետության աջակցությունը:
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը կարեւորել է միջազգային տարբեր կառույցներում եզդի ժողովրդի ողբերգական իրադարձությունների մասին բարձրաձայնումը՝ պատրաստակամություն հայտնելով խնդիրը բարձրացնել նաեւ խորհրդարանական հարթակներում:
Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռքբերվել առաջիկայում եւս պարբերաբար հանդիպել ու քննարկել խնդիրները:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում