Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Հայկական կողմը պահանջում է Կարեն Պետրոսյանի դիակի վերադարձ առանց նախապայմանի, բայց պատրաստ է նաեւ այլ սցենարի

Հայկական կողմը պահանջում է Կարեն Պետրոսյանի դիակի վերադարձ առանց 
նախապայմանի, բայց պատրաստ է նաեւ այլ սցենարի

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական գերության մեջ սպանված Կարեն Պետրոսյանի դիակի վերադարձի վերաբերյալ ադրբեջանական կողմը որեւէ արձագանք չի տվել: Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները բանակցություններում ներգրավված են որպես միջնորդ. միջազգային այդ կառույցի միջնորդական մանդատն ընդունելի է եւ Հայաստանի, եւ Ադրբեջանի իշխանությունների համար: Ու թեեւ հայկական կողմը հակված է անմիջական բանակցությունների, սակայն ադրբեջանական կողմը 5-6 տարի որեւէ ուղղակի կապի մեջ չի մտնում, խուսափում է անմիջական բանակցություններից: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի աշխատանքային խմբի ղեկավար Արմեն Կապրիելյանը վկայակոչեց ոլորտը կարգավորող Ժնեւյան կոնվենցիաներն ու դրանց երկու լրացուցիչ արձանագրությունները, որոնք միջազգային մարդասիրական իրավունքի հիմքն են եւ դրանցով են կարգավորվում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում գերիների, պատանդների, անհայտ կորածների հարցերը: «Միջազգային մարդասիրական իրավունքն ընդունում է պետության բարի կամքի դրսեւորումը, եւ Ադրբեջանը պետք է հենց առանց նախապայմանների վերադարձներ Կարեն Պետրոսյանի դին, սակայն քանի որ ադրբեջանցիների հետ գործ ունենք, նրանք մշտապես նախապայմանների լեզվով են խոսում: Չենք բացառում, որ այս անգամ էլ նրանք նախապայման կառաջադրեն եւ փոխանակման մասին կխոսեն: Թեեւ մենք պահանջել ենք, որ Ադրբեջանն արձագանքի եւ գործի առանց նախապայմանների, սակայն տարիների փորձը ցույց է տալիս, որ այդ երկիրն ընդունակ չէ բարի կամքի դրսեւորման»,-ասաց Կապրիելյանը` նշելով, որ միջազգային իրավունքը «փոխանակում» բառը չի ընդունում. ԿԽՄԿ-ն, օրինակ, «միաժամանակյա հանձնում» տերմինն է գործածում:

Ինչեւէ, հայկական կողմը չի բացառում փոխանակման տարբերակը: Հայկական կողմի բարի կամքի դրսեւորման մասին է վկայում նաեւ այն, որ, օրինակ, 2010թ. ադրբեջանական գերության մեջ սպանված հայ հովիվ Մանվել Սարիբեկյանի դիակի հանձնման ժամանակ հայկական կողմը հանձնեց Հայաստանի սահմանը ապօրինի հատած ադրբեջանցի Էլդար Թաղիրովին: 

Ադրբեջանը ձգձգում է դիակի հանձնման գործընթացը, որպեսզի հնարավորություն չտա հայկական կողմին բացահայտելու Կարեն Պետրոսյանի մահվան իրական հանգամանքները: Առկա տեղեկատվությունը նրա հանդեպ դաժան ու անմարդկային վերաբերմունքի հիմնավոր կասկածներ է ծնում: ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովը պաշտոնապես պահանջել է անկախ միջազգային փորձագետների կողմից դիակի դատաբժշկական փորձաքննություն` մահվան պատճառները պարզելու համար: 

Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղում գտնվող ադրբեջանցի երկու դիվերսանտներին, ապա Արմեն Կապրիելյանը, վկայակոչելով ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի խոսքերը, նշեց, որ նրանք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում կատարել են քրեական մի շարք հանցագործություններ եւ պետք է իրենց պատիժն ստանան ԼՂՀ քրեական օրենսգրքի ողջ խստությամբ:

ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանը օգոստոսի 7-ին, դեռևս չպարզված հանգամանքներոււմ, հատել էր հայ-ադրբեջանական պետական սահմանը և հայտնվել ադրբեջանական գերության մեջ: Չնայած ադրբեջանական իշխանությունների զանազան մեկնաբանություններին, ՀՀ պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտարարել է, որ Կարեն Պետրոսյանը չի հանդիսանում ՀՀ ԶՈՒ զինծառայող: Կարեն Պետրոսյանի հարազատների հավաստմամբ, ինչպես նաև նրա բժշկական փաստաթղթերի համաձայն, վերջինս առողջական խնդիրներ, առավել ևս սրտանոթային հիվանդություններ չի ունեցել և եղել է փաստացի առողջ: Ադրբեջանական կողմը, չբավարարվելով գերեվարված ՀՀ քաղաքացու նկատմամբ կիրառված ակնհայտ անմարդկային վերաբերմունքով, ենթարկել է Կարեն Պետրոսյանին նվաստացումների, տանջանքների և կտտանքների` հասցնելով նրան մահվան. այս ամենի ապացույցը ադրբեջանական լրատվամիջոցներով շրջանառվող տեսանյութերն ու լուսանկարներն են: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am