Քաղաքականություն

Հայաստանի եզդիներն իրենց եղբայրների ցեղասպանության մեջ մեղադրում են Էրդողանին, Թալաբանիին և Բարզանիին

3 րոպեի ընթերցում

Հայաստանի եզդիներն իրենց եղբայրների ցեղասպանության մեջ մեղադրում են Էրդողանին, Թալաբանիին և  Բարզանիին

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում բնակվող եզդի առաջնորդների տեղեկություններով, եզդիների հանդեպ քրդական կազմակերպությունների կողմից սպանդներ են տեղի ունեցել բոլոր ժամանակներում, իսկ Հյուսիսային Իրաքում մինչ օրս տեղի ունեցող վերջին ցեղասպանությունը 74-րդնէ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, օգոստոսի 19-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց Եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանը:«Իրաքում եզդիները մշտապես ենթարկվել են խոշտանգումների, այնտեղ մեկ միլիոն երեք հարյուր հազար եզդի է ապրում: Մենք այնտեղ ունենք մեր քաղաքը՝ Սինջարը, ուր արդեն մարդ չի մնացել»,- տեղեկացրեց Թամոյանը` պարզաբանելով, որ անտեր թողնված դիակների պատճառով համաճարակ է բռնկվել, և բոլորն, այդ թվում` իսլամիստները լքում են քաղաքը:

Թամոյանի խոսքով, իսլամիստների նպատակը Քուրդստան ստեղծելն է, որի համար վերացնում են քրիստոնյաներին և արևապաշտ եզդիներին: Ընդհամենը երեք օր առաջ քրդերը 81 կնոջ են բռնաբարել և հետո գնդակահարել, միայն իրենց հավատքի համար սպանում են երեխաների, կանանց, հղիներին:

Եզդիների շեյխ Բրո Հասանյանը համոզված է, որ եզդի ժողովուրդը դարձել է տերությունների ղեկավարաների քաղաքական շահերի զոհը և այսօր մատնված է անտարբերության:«21-րդ դարում եզդիների դեմ ցեղասպանություն է իրականացվում, որի պատասխանատվությունը կրում են Թուրքիայի նախագահ Էրդողանը, Իրաքի նախկին նախագահ Թալաբանին և Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության ղեկավար Բարզանին: Եզդի ժողովուրդը հույս ուներ, որ իր հոգևոր առաջնորդները և ղեկավարները միջոցներ կձեռնարկեին, սակայն մեր առաջնորդն իր ժողովրդին լքեց ամենածանր պահին: Զարմանալի է, թե ինչպես կարելի է մի ազգի բնաջնջել ընդամենը նրա հավատքի համար: Ցեղասպանություն է արվել նաև հայ ժողովրդի նկատմամբ` քրիստոնյա լինելու համար, հրեաների նկատմամբ, իսկ այս դարի սկզբին նույն մարդասպանությունների զոհն է դարձել եզդի ժողովորդը»,- նշեց Հասանյանը:

Բանախոսները շնորհակալություն հայտնեցին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին, վարչապետ Հովիկ Աբրահամյանին և հայ ժողովրդին առաջին օրից եզդի ժողովրդին սատարելու և աջակցելու համար: Նրանք նաև նշեցին, որ, թեև Հայաստան եզդի փախստականներ չեն եկել, իրենք սեփական ջանքերով կկարողանան Հայաստանում ընդունել մոտ 150 ընտանիքի:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում