Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Ադրբեջանը հույս ունի Հարավային Կովկասում խաղաղության հեռանկարն ավելի թանկ «վաճառել» գերտերություններին. քաղաքագետ

Ադրբեջանը հույս ունի Հարավային Կովկասում խաղաղության հեռանկարն ավելի թանկ 
«վաճառել» գերտերություններին. քաղաքագետ

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումն ու սահմանին լարվածության պահպանումը բացատրում է Հարավային Կովկասում գերտերությունների դերի թուլացմամբ: «Ակնհայտ է, որ Ադրբեջանում հասկացել են, որ Հարավային Կովկասում խաղաղությունը պահպանելու երկու գործոններից մեկը` արտաքին ճնշման գործոնը, այս պահին բավական թույլ է և, ըստ էության, չի գործում` կախված Ուկրիանայի ճգնաժամի ու դրանից բխող ռուս-ամերիկյան հակամարտության սրումից: Քանի որ համագործակցությունը երկու գերտերությունների միջև տարածաշրջանում փաստացի բացակայում է, դա հնարավորություն է տալիս Ադրբեջանին ավելի ազատ գործելու` առանց պատասխանատվության առջև կանգնելու»,-ասաց քաղաքագետը:

Հրանտ Մելիք-Շահնազարյանի դիտարկմամբ` Ադրբեջանը, տեսնելով հետխորհրդային երկրների շրջանում ազդեցության գոտիների վերափոխման գործընթացը, լարված է պահում իրավիճակն այն հույսով, որպեսզի հետագայում խաղաղության հեռանկարն ավելի թանկ «վաճառի» արտաքին գործընկերներին: «Դա կլինի Միացյալ Նահանգները, թե Ռուսաստանը այս պահին պաշտոնական Բաքվի համար որևէ նշանակություն չունի: Կախված Ուկրաինայում աշխարհաքաղաքական զարգացումներից, պարզ կդառա, թե որի պոտենցիալն է ավելի և որը կարող է հավակնել Հարավային Կովկասում ավելի ազդեցիկ լինելու դերակատարությանը»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց բանախոսը:

Քաղաքագետի կարծիքով` վաղուց հասունացել է պահը, որպեսզի հայկական դիվանագիտությունն ակտիվ գործի ու պահանջների լեզվով խոսի: «Տեսնում ենք, որ գործում է միայն ռազմական ուժով Ադրբեջանի սադրիչ քաղաքականությունը զսպելու մեխանիզմը: Հայկական դիվանագիտությունը պասիվ վիճակում է, որևէ կերպ չի նպաստում Ադրբեջանի քաղաքականության կանխմանը: Պետք է լինենք պահանջկոտ, պահանջենք բոլոր գործընկերներից, որ հստակ գնահատականներ տրվեն Արդրբեջանի ռազմական գործողություններին: Անվտանգության ապահովման համար պետք է դիմել կտրուկ քայլերի, ընդհուպ, հայտարարեն բանակցային գործընթացը դադարեցնելու մասին»,-շեշտեց քաղաքագետը:

Հրանտ Մելիք-Շահնազարյանն առաջարկում է հայկական դիվանագիտության գործողությունների մեջ շեշտադրումների փոփոխություն կատարել ու «միջազգային հանրություն» հավաքական դերակատարի հետ հարաբերությունները փոխարինել Մինսկի խմբի համանախագահ երկրներից ամեն մեկի հետ առանձին-առանձին հարաբերություններով: «Փորձել այս աշխատանքի արդյունքը դարձնել այն, որ հստակ դատապարտումներ ու ճնշումներ լինեն Ադրբեջանի վրա յուրաքանչյուր պետության կողմից, որպեսզի այն կասեցնի դիվերսիոն գործողություններն ու քաղաքացիական անձանց վրա կրակոցները»,-ասաց քաղաքագետը` շեշտելով, որ ՀՀ արտաքին քաղաքականության համար մեկ խնդիրը պետք է լինի վերոնշյալը:

Վերջին շրջանում ադրբեջանական կողմը տարբեր միջոցներով լարվածության մեջ է պահում Հայաստանի Հանրապեպության և Արցախի կողմից սահմանները: Յուրաքանչյուր անգամ հայ զինվորներին հաջողվում է սեփական կյանքի գնով անառիկ պահել հայկական սահմանները` հակառակորդին շպրտելով ելման դիրքեր: Վերջին դեպքն արձանագրվել է հենց այսօր` հուլիսի 31-ին հակառակորդը ձեռնարկել է հարձակում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսիային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետի ուղղությամբ: Դիրքապահ անձնակազմի կողմից հանդիպելով կազմակերպված դիմադրության, հակառակորդը կրելով բազմաթիվ կորուստներ` հետ է շպրտվել ելման դիրքեր: Ցավոք, գործողության արդյունքում, զոհվել են ՊԲ երկու զինծառայողներ: Միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am