Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Սերժ Սարգսյանը «Լույս»-ի շրջանավատներին կոչ է անում ստացած գիտելիքները ծառայեցնել Հայաստանի զարգացմանը

Սերժ Սարգսյանը «Լույս»-ի շրջանավատներին կոչ է անում ստացած գիտելիքները 
ծառայեցնել Հայաստանի զարգացմանը

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը իր նստավայրում ընդունեց «Լույս» հիմնադրամի շահառուներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Նախագահ Սերժ Սարգսյանը «Լույսի» 2014-2015 ուստարվա կրթաթոշակառուներին շնորհեց հավաստագրեր, լսեց «Լույս» հիմնադրամի անցյալ տարվա ուսանողների կողմից Հայաստանի և Արցախի մի շարք համայնքներում իրականացրած ծրագերի մասին, կոչ արեց ուսումն ստանալուց հետո գալ ու Հայաստանին ծառայեցնել իրենց գիտելիքները:

Սերժ Սարգսյանը, ողջունելով կրթաթոշակառուներին, նշեց, որ ավանդական դարձած հանդիպումներին ինքն անհամբերությամբ է սպասում, որոնցից միշտ դրական էներգիա է ստանում: «Այստեղ հավաքվածներդ, մեծ հաշվով, Հայաստանի ապագան եք, իսկ ապագայի հետ շփվելը և պատասխանատվություն է, և անհրաժեշտություն: Անշուշտ լավ անցյալ ունենալը, հերոսական երկարատև պատմություն ունենալը շատ լավ է, բայց որպեսզի երկարատև պատմություն ունենաս, միշտ պետք է հայացքդ ուղղես ապագային: Մեր ժողովուրդը միշտ այդպես է վարվել, կարող եմ բերել տասնյակ օրինակներ, սկսած Քրիստոնեության ընդունումից մինչև Երևանի Մերգելյանի անվան ինստիտուտում հաշվողական մեքենաների ստեղծումը: Եթե ժողովուրդն ունակ չէ վերցնելու առաջավորը, նա չի կարող երկարատև պատմություն ունենալ»,-ընդգծեց Նախագահը:

Նրա խոսքով` մեծ հաջողություն է լինել «Լույս» հիմադրամի շահառու, քանի որ նրանք աշխարհի լավագույն բուհեր ընդունվող մի քանի հազար ուսանողներից են: «Համոզված եմ, որ ձեր հաղթանակը մեր ժողովրդի հաղթանակն է, քանի որ յուրաքանչյուր հասարակության հաջողություն, հաղթանակ` հանրագումարն է անհատների հաղթանակների: Վերջին մի քանի շաբաթների ընթացքում ես նաև այլ առիթ եմ ունեցել հաղթանակների մասին խոսելու, ձեզանից կրտսերների հաջողության մասին, ովքեր Համաշխարհային դպրոցական օլիպիադաների մեդալակիրներ են դարձել: Մեր դպրոցականները 15 մեդալ են շահել: Եթե Վրասանի և Ադրբեջանի երեխաները միասին շահել են 11 մեդալ, ապա մերոնք` 15: Այս քանակը մի քիչ է զիջում մեր մյուս հարևանների` Իրանի ու Թուրքիայի դպրոցակների դրսևորած ցուցանիշին, ովքեր շահել են 18 մեդալ»,- նկատեց Սերժ Սարգսյանը` նշելով, որ այդ հաղթանակը նաև «Լույսի» շահառուներինն է, ովքեր կոգևորվեն այդ հաղթանակներից ու ձեռք կբերեն գիտելիքներ այն համոզմամբ, որ դրանք ծառայեցնեն Հայաստանի Հանրապետությանն ու հայ ժողովրդին:

Նախագահի դիտարկմամբ` «Լույս» հիմնադրամը ձևավորել է փոփոխություններ իրականացնելու ունակ երիտասարդների մի խումբ, կրիտիկական մի զանգված, որը կկարողանա Հայաստանն առաջ տանել ու դիմակայել մարտահրավերներին, որոնք, Հայաստանի մոտ շատ են: «Ցավոք սրտի, մեր ժողովուրդը հազարամյակների ընթացքում ունեցել է բազմաթիվ այդպիսի մարտահրավերներ: Նախագահը նշեց, որ փորձությանը պետք է նայել որպես մի նոր հնարավորության և մեջբերեց մտավորականներից մեկի ասույթը` «եթե փորձությունը չի սպանում մեզ, ապա ավելի ամուր է դարձնում»:

«Մենք պետք է ավելի ամուր լինենք: Այս տարիներին ոչ իմ և ոչ էլ «Լույս» հիմնադրամի հոգեբարձուների խորհրդի մյուս անդամների հետաքրքրությունը չի նվազել, մենք անկեղծ ասած, չէինք սպասում, որ այդքան երիտասարդներ կունենանք, ովքեր ոչնչով չեն զիջի ամենազարգացած երկրների իրենց հասակակիցներին: «Լույս» հիմադրամի շահառուները միայն Հայաստանի քաղաքացիները չեն, բայց ես վստահ եմ` որ երկրի քաղաքացի էլ լինեք, դուք պարտավոր եք ապրել Հայաստանով, ձեր ժամանակի մի հատվածը նվիրել Հայաստանին: Առանց Հայասանի կենսունակ սփյուռք չի կարող լինել, այնպես` ինչպես չի կարող լինել ուժեղ Հայաստան, առանց ուժեղ Սփյուռքի»,- շեշտեց Նախագահը:

Սերժ Սարգսյանը կոչ արեց նոր բարերաներ ներգրավել հիմնադրամի գործունեության մեջ, մարդիկ, ովքեր ցանկություն ունեն ներդրումներ կատարել Հայաստանի զարգացման ու հարատևման գործում: «Լույս» հիմնադրամի գործադիր տնօրեն Ժաքլին Կարաասլանյանն էլ տեղեկացրեց, որ «Լույս» հիմնադրամի նախորդ տարվա ուսանողները թիմային աշխատանքի միջոցով կարողացել են իրենց ստացած գիտելիքները կիրառելի դարձնել ու Հայաստանի մի շարք համայքներում ծրագրեր իրականացրել:

«Այս ծրագրի իմաստն այն է, որ սովորելն այսօր կարևոր է: Բայց ողջ աշխարհի մարտահրավերն այն է, թե ինչպես անցնել գիտելիքից` փորձի: Ամենաբարդն էլ թիմային աշխատանքն է, ի՞նչպես մարդիկ պետք է հասկանան իրար, բացահայտեն իրենց հմտությունները: Մարդու ամենաբարձր հատկությունը մարտահրավերները հաղթահարելն է, կրթությունը մի գործիք է, որը թույլ է տալիս դա անել»,- ասաց «Լույս»-ի տնօրենը` հավելելով, որ կատարված աշխատանքի միջոցով «Լույս»-ի նախորդ տարվա ուսանողները կներշնչեն այս տարվա շահառուներին, որ պետք է զարգացնել Հայաստանը ոչ թե գանգատվելով, այլ միասին աշխատանքով:

2014-2015 թթ. կրթաթոշակին արժանացել են յուրաքանչրյուր բուհից ոչ ավելի, քան 10 ուսանող, ովքեր առաջինն են դիմել ամբողջական փաթեթով: Այս տարի այդ պատվին է արժանացել 58 նոր ուսանող:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am