ԱՄՆ Հայ դատը դեմ է Թուրքիայում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Ջոն Բասի թեկնածությանը
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգները 2015 թվականի ապրիլի 24-ին Անկարայում պետք է լինի ճշմարտության աներկբա և պարտադրող ձայնը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կողմից Թուրքիայում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Ջոն Բասին առաջադրելու առիթով նման հայտարարությամբ է հանդես եկել Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:
«Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը չի կարող սատարել Ջոն Բասի թեկնածությունը Թուրքիայում ԱՄՆ դեսպանի պաշտոնում` հիմնվելով Սենատում նրա արած ելույթների վրա, որոնք Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին Նախագահ Օբամայի խախտած խոստման մի մասն են և ավելի են ամրապնդում Թուրքիայի «բերանը փակող» գերակայությունն ԱՄՆ կառավարության վրա»,- ասել է Համբարյանը:
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը Բասի թեկնածությունը քվերակության կդնի այսօր` հուլիսի 29-ին:
Հայ դատի գործադիր տնօրենը նաև անընդունելի է համարում փաստը, որ Օբամայի` Հայոց ցեղասպանությունը ճանաչելու խոստումից վեց տարի և Թուրքիայի կողմից հայ-թուրքական արձանագրություններից հրաժարվելուց հինգ տարի անց, ապա նաև Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցից ընդամենը մեկ տարի առաջ ԱՄՆ-ի դեսպանի թեկնածուն Հայոց ցեղասպանության մասին Սենատի հարցադրումներին ի պատասխան խոսում է թուրքական ժխտողական հռետորաբանության լեզվով` վկայակոչելով «ընդհանուր պատմության» մասին բարբաջանքը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում