Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

Հոկտեմբերից Հայաստանը ծրագրում է ներգրավվել Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահ գործունեությանը

Հոկտեմբերից Հայաստանը ծրագրում է ներգրավվել Լիբանանում ՄԱԿ-ի 
խաղաղապահ գործունեությանը

ՎԱՇԻՆԳՏՈՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Զոհրաբ Մնացականյանը հուլիսի 28-ին մասնակցել է Անվտանգության խորհրդի «Խաղաղապահ գործողություններ. ՄԱԿ-ի և տարածաշրջանային գործընկերության գնահատում» խորագրով բաց քննարկումներին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից, իր ելույթում Հայաստանի դեսպանը կարևորել է ՄԱԿ-ի առանցքային դերը խաղաղապահ գործողությունների ծրագրավորման, համակարգման և իրագործման ոլորտներում` առանձնահատուկ ընդգծելով գործունեության հիմնական դերակատարների, այդ թվում Անվտանգության խորհրդի, Գլխավոր քարտուղարի և խաղաղապահ ուժեր տրամադրող պետությունների ու տարածաշրջանային կազմակերպությունների միջև համագործակցության շարունակականության անհրաժեշտությունը:

Դեսպան Մնացականյանը նաև նշել է Միավորված Ազգերի Կազմակերպության բացառիկ հնարավորությունները` խաղաղապահ գործունեության միջտարածաշրջանային համագործակցության ընդլայնման և խթանման հարցում: Խոսելով խաղաղապահ գործողություններում Հայաստանի փորձառության մասին` դեսպանն ընդգծել է այն զգալի ներուժը, որը երկիրը ձևավորել է վերջին երկու տասնամյակի ընթացքում` մասնավորապես հիշատակելով ՀՀ Զինված ուժերում խաղաղապահ ստորաբաժանման առկայության հանգամանքը:

Իր ելույթում դեսպան Մնացականյանը մասնավորապես նշել է. «Որպես խաղաղապահ գործողություններում ներգրավված երկիր` Հայաստանը կուտակել է զգալի փորձ` մասնակցելով Կոսովոյում և Աֆղանստանում ՆԱՏՕ-ի խաղաղապահ գործողություններին: Գալիք հոկտեմբերին Հայաստանը ծրագրում է ներգրավվել Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահ գործունեությանը, ինչը ՄԱԿ-ի շրջանակներում մեր մասնակցության ընդլայնման վառ ապացույցն է: Որպես ԵԱՀԿ անդամ պետություն` Հայաստանը դիտարկում է կազմակերպության հնարավոր դերակատարությունը խաղաղապահ գործողություններում` ըստ յուրաքանչյուր իրավիճակի, իսկ ՀԱՊԿ անդամ պետությունների հետ համագործակցում` խաղաղապահության նախապատրաստման գործում»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am