Երևանում՝ 11:07,   10 Մայիս 2024

Արարատյան հայրապետական թեմի երիտասարդներն անցկացրին Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված երրորդ միջոցառումը

Արարատյան հայրապետական թեմի երիտասարդներն անցկացրին Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված երրորդ միջոցառումը

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արարատյան հայրապետական թեմի  եկեղեցասեր երիտասարդներն Ազատության հրապարակում կազմակերպեցին միջոցառում՝ նվիրված Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին: Այն «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ»  ծրագրի երրորդ միջոցառումն էր, որը նախաձեռնել են ԱՀԹ Երիտասարդական միությունները՝  առաջնորդական փոխանորդ գերաշնորհ տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ: Հերթական միջոցառումն անցկացվեց հուլիսի 24-ի երեկոյան:  

«Արարատյան հայրապետական թեմի երիտասարդները որոշեցին Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ՝ ամեն ամսվա 24-ը որպես խորհրդանիշ ընտրելով, մեծ միջոցառումներ կազմակերպել: Սա արդեն երրորդ միջոցառումն է: Մեր երիտասարդները որոշեցին պատրաստել Ցեղասպանության քարտեզը՝ ներկայացնելով այն վայրերը, որտեղ հազարավոր մարդիկ են նահատակվել»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց տեր Պետրոս քահանա Մալյանը:

Թատերական հատվածն ուղեկցվեց մոմավառությամբ: Արյունը հանգցրեց մոմերը, սակայն դրան հաջորդեց հաղթական հատվածը, որի կենտրոնում «Հայր մեր»-ն էր՝ այսինքն Աստծո և ապագայի նկատմամբ հավատը: Երիտասարդները Թուրքիային կոչ հղեցին՝ արտասանելով «Հիշում ենք և պահանջում» բառերը:

«Ժողովուրդը հրաշալի է ընդունում մեր կազմակերպած միջոցառումները, անընդհատ մեզ գրում են, թե երբ կլինի հաջորդ միջոցառումը: Որոշել ենք՝ քանի դեռ եղանակները բարենպաստ են, բացօթյա միջոցառումներ կազմակերպել, իսկ այնուհետև կկազմակերպենք դրանք դահլիճներում: Ցանկություն ունենք նաև կազմակերպել հանդիպումներ ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետների և այն պետությունների ներկայացուցիչների հետ, որոնք չեն ճանաչել Հայոց Ցեղասպանությունը»,- նշեց տեր Պետրոսը:

«Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ» ծրագրի շրջանակներում մեկ տարի շարունակ ԱՀԹ երիտասարդները թեմի երիտասարդական կառույցների համակարգող տեր Պետրոս ավագ քահանա Մալյանի գլխավորությամբ ամեն ամսվա 24-ին կազմակերպելու են միջոցառումներ, բանախոսություններ, քննարկումներ, ուխտագնացություններ և այլն: Նախաձեռնության նպատակն է ողջ տարվա ընթացքում արթուն պահել Մեծ եղեռնի զոհերի հիշատակը և ոգեկոչման աղոթք առաքել առ Աստված:

Առաջին միջոցառումը կազմակերպվել էր մայիսի 24-ին՝ ականատեսի նամակների ու լուսանկարների հիման վրա ստեղծված «Արմին Վեգներ»  ֆիլմի ցուցադրությամբ (հեղինակ՝ Տիգրան Խզմալյան): Երկրորդ միջոցառումը հունիսի 24-ին, Ծիծեռնակաբերդում էր, ուր կատարվել էր հսկման ժամերգություն և հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ Մեծ եղեռնի զոհերի: Հաջորդ միջոցառումը տեղի կունենա օգոստոսի 24-ին:
 

Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Օսմանյան կայսրությունում ապրում էին երկու միլիոնից ավելի հայեր: Շուրջ մեկուկես միլիոն հայ սպանվեց 1915-1923թթ. ժամանակահատվածում, իսկ մնացածները կամ բռնի մահմեդականացվեցին, կամ ապաստանեցին աշխարհի տարբեր երկրներում: 1915թ. ապրիլի 24-ին սկիզբ առած ձերբակալություններով (հիմնականում` Օսմանյան կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլսում) եւ դրան հետեւած հարյուրավոր հայ մտավորականների ոչնչացումով սկսվեց հայ բնակչության բնաջնջման առաջին փուլը: Հետագայում աշխարհասփյուռ հայերը ապրիլի 24-ն սկսեցին նշել որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր:



Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am