Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Սոնա Ռուբենյանը «Նոր ալիքի» առաջին մրցութային օրն ստացավ 67 միավոր

Սոնա Ռուբենյանը «Նոր ալիքի» առաջին մրցութային օրն ստացավ 67 միավոր

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Նոր ալիք» երիտասարդ կատարողների միջազգային մրցույթում այս տարի Հայաստանը ներկայացնող երգչուհի Սոնա Ռուբենյանը մրցութային առաջին օրը՝ հուլիսի 23-ին, կատարեց Մայլի Սայրուսի «Wrecking Ball» երգը և ստացավ 67 միավոր: Մեր պատվիրակը հանդես եկավ 10-րդ համարի ներքո: Առաջին՝«Համաշխարհային հիթի օր»-վա առթիվ բոլոր մասնակիցները հանրությանը ներկայացրին ամբողջ աշխարհում սիրված և հիթ դարձած գործեր: Հայ ակնդիրը հնարավորություն ստացավ համերգը դիտել «Շանթ» հեռուստաընկերության եթերում՝ Վարդուհի Ալեքսանյանի և Էրիկի մեկնաբանությամբ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Ձինտարի» համերգասրահում անցկացված երեկոյի առաջին հատվածը վարեց Մաքսիմ Գալկինը, ով իր հումորային համարներով և նմանակումներով զվարճալի և հետաքրքիր ակնթարթներ պարգևեց հանդիսատեսին: Երգիչ Տիմուր Ռոդրիգեզը մրցութային առաջին օրվա մեկնարկին կատարեց Ֆարել Ուիլյամսի՝ համաշխարհային հիթ դարձած «Happy» երգը: Այնուհետև ելույթներով հանդես եկան ռուսական շոուբիզնեսի հայտնի աստղերը, ինչպես նաև երեկոյի հատուկ հյուր՝ իտալական Il Volo խումբը: Երկրորդ՝ մրցութային հատվածը վարեցին Սերգեյ Լազարևը և Լիպան:

«Նոր ալիք» մրցույթի ժյուրիի կազմում հանդես եկան այնպիսի անվանի արտիստներ, ինչպիսիք են՝ Լեոնիդ Ագուտինը, Լայմա Վայկուլեն, Ֆիլիպ Կիրկորովը, Իգոր Նիկոլաևը, Վալերի և Կոնստանտին Մելաձեները: Ժյուրին ղեկավարում էր մրցույթի համահիմնադիր Իգոր Կրուտոյը:

«Նոր ալիք» մրցույթին այս տարի մասնակցում է 16 երգիչ և երգչուհի՝ 13 երկրներից: Յուրաքանչյուր մասնակցի ելույթից առաջ ցուցադրվում էր նաև պատվիրակի մասին պատմող փոքրիկ տեսանյութ:

«Շանթ» հեռուստաընկերությունն իր ակնդիրներին հնարավորություն ընձեռեց նաև Սոնայի ելույթից հետո տեսնել Հայաստանի պատվիրակին՝ Գարիկի, Անդրեի և պրոդյուսեր Աննա Թադևոսյանի ուղեկցությամբ: «Սոնան թագուհի է, և թագուհու նման նա դուրս եկավ բեմ, վստահ ելույթ ունեցավ, շատ գեղեցիկ, մաքուր, զգացմունքային: Նա նվիրեց իր սիրտը հանդիսատեսին և հեռուստադիտողին: Մենք բոլորս տեսանք, թե հանդիսատեսն ինչպես բուռն ընդունեց Սոնային: Նշեմ, որ դահլիճում ամենաշատը Հայաստանի երկրպագուներն են, և Հայաստանի եռագույնն ամենուրեք ծածանվում էր»,- նշեց Անդրեն:

Բացի այդ, Սոնային տեղեկացրին, որ իր երկրպագուներից մեկը wikipedia կայքում բացել է իր էջը:

Առաջին մրցութային օրվա արդյուքներով՝ առաջատարն է Վրաստանի ներկայացուցիչ Նուցա Բուզալաձեն՝ 76 միավորով: Սոնա Ռուբենյանը 9-րդ տեղում է: Ռուբենյանը մրցութային երկրորդ օրը հանդես կգա 6-րդ, իսկ երրորդ օրը՝ 13-րդ համարի ներքո:

Մրցույթը Յուրմալայում այս տարի անցկացվում է հուլիսի 22-27-ը: Մրցութային համերգների հեռարձակումից բացի ցուցադրվում են օրագրեր, որոնք հեռուստադիտողին հնարավորություն են ընձեռում ավելի լավ պատկերացում կազմել մրցույթի շրջանակներում հայ պատվիրակի առօրյայի մասին: Մրցույթի կանոնադրության համաձայն` մասնակիցը պետք է ներկայանա երեք երգով՝ միջազգային հիթ, երկրի հիթ և սեփական երգ: Մրցութային հաջորդ օրը՝ հուլիսի 24-ին, Սոնան Մհերի հետ կներկայացնի Արմեն Սմբատյանի «Հայաստան» երգը, որը կնվիրվի Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Միջազգային «Նոր ալիք» մրցույթը կազմակերպվում է ամեն տարի: Առաջին մրցույթը տեղի է ունեցել2002 թվականին Յուրմալայում: Մրցույթի ստեղծման գաղափարը պատկանում է Իգոր Կրուտոյին և Ռայմոնդ Պաուլսին: 2008 թվականից սկսած` ամեն տարի անցկացվում է նաև «Մանկական նոր ալիք»-ը, որի առաջին մրցույթը տեղի է ունեցել նոյեմբերի 28-ին և 29-ին`Մոսկվայում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am