Տնտեսություն

Հայաստան ներմուծված գյուղմթերքն անվտանգ է. ՍԱՊԾ-ը խորհուրդ է տալիս առավել ուշադրություն դարձնել տեղական արտադրանքին

3 րոպեի ընթերցում

Հայաստան ներմուծված գյուղմթերքն անվտանգ է. ՍԱՊԾ-ը խորհուրդ է տալիս առավել ուշադրություն դարձնել տեղական արտադրանքին

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստան ներմուծվող գյուղատնտեսական մթերքները անցնում են փորձաքննության երկու փուլ, և դրանցում պեստիցիդների կամ նիտրատների առկայության դեպքում խմբաքանակը հետ է ուղարկվում: Այս մասին լրագրողների հետ հանդիպման շամանակ նշեց ՀՀ գյուղատհտեսության նախարարության սննդի անվտանգության պետական ծառայության բուսասանիտարիայի տեսչության պետ Արթուր Նիկոյանը` վստահեցնելով, որ Հայաստան ներկրվող գյուղմթերքն անվտանգ է: «Այս տարի ներմուծված ապրանքատեսակներում էական խախտումներ չեն հայտնաբերվել: Մեկ դեպք է եղել, երբ ներկված ձմերուկում նիտրատների չափաբաժինը գերազանցել է սահմանված չափաքանակը: Սակայն այդ պարագայում կասեցվել է ապրանքատեսակի մուտքը Հայաստան»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Նիկոյանը:

ՍԱՊԾ բուսասանիտարիայի տեսչության պետի խոսքով, շուրջ մեկ տարի առաջ սահմանային հսկիչ կետերում ներդրված ստուգման համակարգը թույլ է տալիս հսկողություն իրականացնել ներմուծված ապրանքնատեսակներում նիտրատների և պեստիցիդների քանակության մասով: «Թող զարմանալի չթվա, բայց մեկ տարվա արդյունքում գրեթե խախտումներ չեն եղել: Դա կախված է նրանից, որ մեր երկիր ներկրվող ապրանքների համար նախօրոք ուղարկվում է կանոնակարգերի վերաբերյալ տեղեկանք, որտեղ նշվում են այն պահանջները, որոնք անհրաժեշտ են ներմուծման համար»,- ասաց նա:

Արթուր Նիկոյանի խոսքով, վերահսկողության մեխանզմներ են ներդրվել նաև տեղական արտադրանքների մշտադիտարկումների համար, սակայն ռեսուրսների սակավությունը թույլ չի տալիս հսկողություն իրականացնել ողջ դաշտում: «Տեղական արտադրության մասով հսկողությունը ավելի դժվար է իրականցնել, և խախտումներն ավելի հավանական են դառնում: Մենք չենք կարող ստուգել ամբողջ գյուղատնտեսական արտադրանքը և յուրաքանչուրի համար գնահատական տալ: Այս պարագայում ներմուծված ապրանքների վրա հսկողությունն ավելի արդյունավետ է իրականացվում»,-ասաց բուսասանիտարիայի տեսչության պետը:

Նիկոյանը անդրադարձավ նաև հասարակության կողմից բարձրացվող այն խնդրին, որ գյուղմթերքները հաճախ համային տարբերություն են դրսևորում կամ դրանցից դեղի համ է զգացվում: «Հանրության մեջ կարծիք կա, որ եթե տվյալ բուսատեսակից ինչ-որ համ է գալիս, ապա դա պեստիցիդների ավելցուկով է պայմանավորված, սակայն դա չի կարող պայմանավորված լինել դրանով, քանի որ պեստիցիդները և նիտրատները համային տարբերություն չեն դրսևորում»,- ասաց նա:

Արթուր Նիկոյանը գյուղացիներին խորհուրդ տվեց չգերազանցել թունաքիմիկատների և պարարտանյութերի չափաքանակը և ուշադրություն դարձնել թունաքիմիկատների օգտագործման կանոններին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում