Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

ԵԱՀԿ 57 պետությունների կողմից Հայաստանի Օրհուս կենտրոնների ծրագիրը գնահատվել է լավագույնը

ԵԱՀԿ 57 պետությունների կողմից Հայաստանի Օրհուս կենտրոնների ծրագիրը 
գնահատվել է լավագույնը

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն ընդունել է Հայաստանում գործող բնապահպանական տեղեկատվության հասարակական (Օրհուս) կենտրոնների համակարգողներին և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչներին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, ողջունելով ներկաներին՝ նախարարը կարևորել է բնապահպանական խնդիրների վերաբերյալ հասարակության իրազեկվածության մակարդակի բարձրացումը, որպեսզի պետությունը կարողանա նպատակային և արդյունավետ քաղաքականություն իրականացնել: Նախարարը ողջունել է նաև օրենքների մշակման գործընթացում կենտրոնների ցուցաբերած ակտիվությունը, ինչը նպաստում է նոր օրենքների լիարժեքությանը և դրանք ժողովրդին արդյունավետ ծառայեցնելուն:

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի բնապահպանական և տնտեսական ծրագրերի պատասխանատու Տոմաս Դեմբսկին, ԵԱՀԿ ղեկավարության անունից շնորհակալություն հայտնելով հանդիպման առաջարկը ընդունելու համար, ներկայացրել է Հայաստանի Հանրապետությունում գործող 15 օրհուս կենտրոնների կատարած աշխատանքների արդյունքները: Նշվել է, որ ԵԱՀԿ 57 պետությունների կողմից Հայաստանի Օրհուս կենտրոնների ծրագիրը գնահատվել է լավագույնը և մի շարք երկրների ներկայացուցիչներ ժամանում են Հայաստան կենտրոնների ձևավորման և գործունեության փորձին ծանոթանալու համար:

ԵԱՀԿ շրջակա միջավայրի հարցերով ազգային ծրագրերի պատասխանատու Գոհար Ղազինյանը բարձրացրել է Օրհուս կենտրոնները պետական կառավարման հանձնելու ծրագիրը՝  ներկայացնելով վերջիններիս հիմնադրամի իրավակազմակերպական ձև տալու ՀՀ բնապահպանության նախարարության ներկայացրած նախագծի վերաբերյալ իրենց նկատառումները: Նախարար Արամայիս Գրիգորյանը, հաստատելով կենտորններին պետական աջակցություն ցուցաբերելու պատրաստակամությունը, առաջարկել է հարցի վերաբերյալ առաջիկայում մասնագիտական քննարկումներ կազմակերպել:

Օրհուս կենտրոնների համակարգողները նախարարին են ներկայացրել ոլորտում ընթացող գործընթացների մասին հանրության իրազեկման, բնապահպանական տեղեկատվության լիարժեքության ու մատչելիության, օրենսդրական դաշտին և բնօգտագործման ոլորտում վերահսկողական մեխանիզմներին առնչվող մի շարք այլ հարցեր:

Անդրադառնալով ոլորտում վերահսկողության իրականացման խնդիրներին՝ Արամայիս Գրիգորյանն օրենսդրական մեխանիզմների խստացմանը զուգահեռ նախանշել է նաև տնտեսվարողների հետ պայմանագրային հարաբերությունների մեջ մտնելու մեխանիզմի ձևավորման անհրաժեշտությունը, ինչը թույլ կտա բնապահպանական նորմերի պահպանման հարցում տնտեսվարողի նկատմամբ կիրառել պարտավորեցնող լրացույցիչ գործիքակազմ:

ԵԱՀԿ շրջակա միջավայրի հարցերով ազգային ծրագրերի պատասխանատու Գոհար Ղազինյանը ներկաների անունից հավաստիացրել է, որ իրենք կողջունեն և կաջակցեն նախարարի ձեռնարկած ոլորտի բոլոր բարեփոխումները:

Նախարար Արամայիս Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել բնապահպանական խնդիրների լուծման ուղղությամբ կենտրոնների ծավալած գործունեության և նախարարության նոր նախաձեռնություններին աջակցելու պատրաստակամության համար: Նախարարը նկատել է, որ Բնապահպանության նախարարությունը բնապահպանական հասարակական  կազմակերպությունների հետ ունի նույն առաքելությունը և կարևորել ոլորտի խնդիրների լուծման համար ջանքերի համատեղման անհրաժեշտությունն ու հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության էլ ավելի ինտենսիվացումը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am