Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Երևանյան բեսթսելեր 2/20. Հերման Հեսսեի գիրքը հայտնվել է վարկանիշային աղյուսակում

Երևանյան բեսթսելեր 2/20. Հերման Հեսսեի գիրքը հայտնվել է վարկանիշային 
աղյուսակում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակն այս շաբաթ գլխավորում է երկար հիվանդությունից հետո ապրիլի 17-ին կյանքի 88-րդ տարում վախճանված կոլումբիացի գրող Գաբրիել Գարսիա Մարկեսի «100 տարվա մենություն» ստեղծագործությունը:

Մարկեսի մեկ այլ`«Վերհիշելով իմ տխուր պոռնիկներին» հայտնի վիպակը երկրորդ հորիզոնականում է: «Այն անդիմադրելի ուժը, որը շարժում է աշխարհը, ամենևին երջանիկ սերը չէ, քանի որ սերը դժբախտ է». այս միտքը Մարկեսի վիպակից է, որը դարձել է թևավոր արտահայտություն: Գիրքը 2010 թ. ռուսերենից թարգմանել է Հովհաննես Այվազյանը: Երկը լայն ճանաչում է գտել Հայաստանում` գրեթե միշտ հայտնվելով բեսթսելերների շարքում: 

Երրորդ հորիզոնականում է Անտուան դը Սենտ Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը» ստեղծագործությունը: Գիրքն առաջին անգամ հրատարակվել է 1943-ին և համարվում է Էքզյուպերիի ամենահայտնի երկը: Այն վերջերս լույս է ընծայել «Անտարես» հրատարակչությունը: Գրախանութներում արդեն մնացել են ստեղծագործության հաշված օրինակներ: «Փոքրիկ իշխանը» թարգմանվել է ավելի քան 190 լեզվով և վաճառվել ավելի քան 80 միլիոն տպաքանակով:

Բեսթսելերների ցանկում ընդգրկված հաջորդ գիրքը ամերիկացի գրող Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդի «Մեծն Գեթսբին» է, որն առաջին անգամ լույս է տեսել 1925 թ. և համարվում է ամերիկյան գրականության մեջ «ջազի դարաշրջանին» բնորոշ ստեղծագործություններից մեկը:

Գերմանացի գրող Բերնհարդ Շլինկի «Ընթերցողը» վեպը հինգերորդ հորիզոնականում է: Այն տպագրության առաջին իսկ օրվանից ուշադրության արժանացավ ընթերցողների կողմից: Վեպը ներկայացնում է տասնհինգամյա պատանու և երեսունվեցամյա կնոջ սիրո պատմությունը, որն ընդհատվում է այդ կնոջ անսպասելի անհետացմամբ: Տարիներ անց պատանին, որն արդեն իրավաբանություն էր ուսանում, կնոջը հանդիպում է դատարանում: Պարզվում է, նա հսկիչ է եղել համակենտրոնացման ճամբարում: Վեպում յուրօրինակ ձևով քննարկվում են Հոլոքոստի, նացիոնալ-սոցիալիստական ժամանակների իրողությունները, մեղքի և քավության խնդիրները:

Գրիգոր Նարեկացու` «Նաիրի» հրատարակչության լույս ընծայած «Մատյան ողբերգության» ժողովածուն այս անգամ վեցերորդ հորիզոնականում է:

Օսկար Ուայլդի «Դորիան Գրեյի դիմանկարը»  վարկանիշային աղյուսակի հաջորդ հորիզոնականը զբաղեցրած գիրքն է: Ստեղծագործությունը  հեղինակի ամենանշանավոր գործերից մեկն է, նաև համարվում է աշխարհի ամենաընթերցվող վեպերից մեկը: Առաջին անգամ շարունակաբար հրատարակվել է 1890 թ. անգլիական թերթերից մեկում։ Առանձին գրքով տպագրվել է միայն 1891-ին:

Վարկանիշային աղյուսակում տեղ է գտել նաև Ռեյ Բրեդբերիի «451° ըստ Ֆարենհայթի» վեպը, որը հայերեն է թարգմանել Հայաստանի գրողների միության նախկին նախագահ երջանկահիշատակ Լևոն Անանյանը: Ռեյ Բրեդբերին ամերիկյան հայտնի ֆանտաստ գրող է, որն իր ստեղծագործության մեջ միահյուսում է ֆանտաստիկայի, հեքիաթի ու փիլիսոփայական այլաբանության տարրերը: «451° ըստ Ֆարենհայթի» վեպում և պատմվածքներում հեղինակը պատկերում է գիտատեխնիկական հեղափոխության բուռն աճի և մարդու բարոյական «հասունացման» խզման հնարավոր հետևանքները, մտորում ապագայի քաղաքակրթության մասին:

Վարկանիշային աղյուսակում նոր գիրք է հայտնվել: «Անտարես»-ը հրատարակել է Հերման Հեսսեի «Տափաստանի գայլը», որն այս շաբաթ իններորդ հորիզոնականում է: Գերմանացի մեծանուն գրող Հերման Հեսսեի այս վեպը նրա ամենաճանաչված ստեղծագործությունն է, որը ներկայացնում է 20-րդ դարասկզբի եվրոպական ճգնաժամի համապատկերը:

«Երևանյան բեսթսելերն» այս շաբաթ եզրափակում է արձակագիր, դրամատուրգ Վրեժ Իսրայելյանի ստեղծագործություններն ամփոփող «Վաղթե ուշ» գիրքը: Հունիսի 20-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում անցկացվեց գրքի շնորհանդեսը, որն իր ներկայությամբ պատվեց Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը: 

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Նոր գիրք» (093-60-40-64), «Նոյյան տապան» (56-81-84), «Հայ գիրք» (54-07-06), «Էդիթ Պրինտ» (57-70-09), «Բյուրոկրատ» (50-01-52), «Բուկինիստ» (53-74-13), «Արտ բրիջ» (58-12-84) և «Զանգակ» (23-25-28) գրախանութները: Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը: 

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 *

Գաբրիել Գարսիա Մարկես

«100 տարվա մենություն» 

 

 

Բուկինիստ 15
2 -1

Գաբրիել Գարսիա Մարկեսի

«Վերհիշելով իմ տխուր պոռնիկներին»

 

 

ՎԱ-ՀԱ 10
3 -1

Անտուան դը Սենտ Էքզյուպերիի

«Փոքրիկ իշխանը»

Անտարես 10
4 +1

Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդի

«Մեծն Գեթսբին»

 

Զանգակ 8
5 +5

Բերնհարդ Շլինկ

«Ընթերցողը»

 

 

Զանգակ 8
6 -2

Գրիգոր Նարեկացու

«Մատյան ողբերգության»

 

 

Նաիրի 6
7 -1

Օսկար Ուայլդ

«Դորիան Գրեյի դիմանկարը» 

 

 

Էդիթ Պրինտ 6
8 -2

Ռեյ Բրեդբերի 
«451° ըստ Ֆարենհայթի»

Ապոլոն 6
9 Նոր

Հերման Հեսսե

«Տափաստանի գայլը»

Անտարես 6
10 -1

Վրեժ Իսրայելյան

«Վաղ, թե ուշ»

 

 

Լուսակն 6

Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:

«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը 



Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am