Երևանյան բեսթսելեր 2/20. Հերման Հեսսեի գիրքը հայտնվել է վարկանիշային աղյուսակում
ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակն այս շաբաթ գլխավորում է երկար հիվանդությունից հետո ապրիլի 17-ին կյանքի 88-րդ տարում վախճանված կոլումբիացի գրող Գաբրիել Գարսիա Մարկեսի «100 տարվա մենություն» ստեղծագործությունը:
Մարկեսի մեկ այլ`«Վերհիշելով իմ տխուր պոռնիկներին» հայտնի վիպակը երկրորդ հորիզոնականում է: «Այն անդիմադրելի ուժը, որը շարժում է աշխարհը, ամենևին երջանիկ սերը չէ, քանի որ սերը դժբախտ է». այս միտքը Մարկեսի վիպակից է, որը դարձել է թևավոր արտահայտություն: Գիրքը 2010 թ. ռուսերենից թարգմանել է Հովհաննես Այվազյանը: Երկը լայն ճանաչում է գտել Հայաստանում` գրեթե միշտ հայտնվելով բեսթսելերների շարքում:
Երրորդ հորիզոնականում է Անտուան դը Սենտ Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը» ստեղծագործությունը: Գիրքն առաջին անգամ հրատարակվել է 1943-ին և համարվում է Էքզյուպերիի ամենահայտնի երկը: Այն վերջերս լույս է ընծայել «Անտարես» հրատարակչությունը: Գրախանութներում արդեն մնացել են ստեղծագործության հաշված օրինակներ: «Փոքրիկ իշխանը» թարգմանվել է ավելի քան 190 լեզվով և վաճառվել ավելի քան 80 միլիոն տպաքանակով:
Բեսթսելերների ցանկում ընդգրկված հաջորդ գիրքը ամերիկացի գրող Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդի «Մեծն Գեթսբին» է, որն առաջին անգամ լույս է տեսել 1925 թ. և համարվում է ամերիկյան գրականության մեջ «ջազի դարաշրջանին» բնորոշ ստեղծագործություններից մեկը:
Գերմանացի գրող Բերնհարդ Շլինկի «Ընթերցողը» վեպը հինգերորդ հորիզոնականում է: Այն տպագրության առաջին իսկ օրվանից ուշադրության արժանացավ ընթերցողների կողմից: Վեպը ներկայացնում է տասնհինգամյա պատանու և երեսունվեցամյա կնոջ սիրո պատմությունը, որն ընդհատվում է այդ կնոջ անսպասելի անհետացմամբ: Տարիներ անց պատանին, որն արդեն իրավաբանություն էր ուսանում, կնոջը հանդիպում է դատարանում: Պարզվում է, նա հսկիչ է եղել համակենտրոնացման ճամբարում: Վեպում յուրօրինակ ձևով քննարկվում են Հոլոքոստի, նացիոնալ-սոցիալիստական ժամանակների իրողությունները, մեղքի և քավության խնդիրները:
Գրիգոր Նարեկացու` «Նաիրի» հրատարակչության լույս ընծայած «Մատյան ողբերգության» ժողովածուն այս անգամ վեցերորդ հորիզոնականում է:
Օսկար Ուայլդի «Դորիան Գրեյի դիմանկարը» վարկանիշային աղյուսակի հաջորդ հորիզոնականը զբաղեցրած գիրքն է: Ստեղծագործությունը հեղինակի ամենանշանավոր գործերից մեկն է, նաև համարվում է աշխարհի ամենաընթերցվող վեպերից մեկը: Առաջին անգամ շարունակաբար հրատարակվել է 1890 թ. անգլիական թերթերից մեկում։ Առանձին գրքով տպագրվել է միայն 1891-ին:
Վարկանիշային աղյուսակում տեղ է գտել նաև Ռեյ Բրեդբերիի «451° ըստ Ֆարենհայթի» վեպը, որը հայերեն է թարգմանել Հայաստանի գրողների միության նախկին նախագահ երջանկահիշատակ Լևոն Անանյանը: Ռեյ Բրեդբերին ամերիկյան հայտնի ֆանտաստ գրող է, որն իր ստեղծագործության մեջ միահյուսում է ֆանտաստիկայի, հեքիաթի ու փիլիսոփայական այլաբանության տարրերը: «451° ըստ Ֆարենհայթի» վեպում և պատմվածքներում հեղինակը պատկերում է գիտատեխնիկական հեղափոխության բուռն աճի և մարդու բարոյական «հասունացման» խզման հնարավոր հետևանքները, մտորում ապագայի քաղաքակրթության մասին:
Վարկանիշային աղյուսակում նոր գիրք է հայտնվել: «Անտարես»-ը հրատարակել է Հերման Հեսսեի «Տափաստանի գայլը», որն այս շաբաթ իններորդ հորիզոնականում է: Գերմանացի մեծանուն գրող Հերման Հեսսեի այս վեպը նրա ամենաճանաչված ստեղծագործությունն է, որը ներկայացնում է 20-րդ դարասկզբի եվրոպական ճգնաժամի համապատկերը:
«Երևանյան բեսթսելերն» այս շաբաթ եզրափակում է արձակագիր, դրամատուրգ Վրեժ Իսրայելյանի ստեղծագործություններն ամփոփող «Վաղ, թե ուշ» գիրքը: Հունիսի 20-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում անցկացվեց գրքի շնորհանդեսը, որն իր ներկայությամբ պատվեց Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը:
Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Նոր գիրք» (093-60-40-64), «Նոյյան տապան» (56-81-84), «Հայ գիրք» (54-07-06), «Էդիթ Պրինտ» (57-70-09), «Բյուրոկրատ» (50-01-52), «Բուկինիստ» (53-74-13), «Արտ բրիջ» (58-12-84) և «Զանգակ» (23-25-28) գրախանութները: Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը:
Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ 1 *Գաբրիել Գարսիա Մարկես
«100 տարվա մենություն»
Բուկինիստ 15 2 -1
Գաբրիել Գարսիա Մարկեսի
«Վերհիշելով իմ տխուր պոռնիկներին»
ՎԱ-ՀԱ 10 3 -1
Անտուան դը Սենտ Էքզյուպերիի
«Փոքրիկ իշխանը»
Անտարես 10 4 +1Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդի
«Մեծն Գեթսբին»
Զանգակ 8 5 +5
Բերնհարդ Շլինկ
«Ընթերցողը»
Զանգակ 8 6 -2
Գրիգոր Նարեկացու
«Մատյան ողբերգության»
Նաիրի 6 7 -1
Օսկար Ուայլդ
«Դորիան Գրեյի դիմանկարը»
Էդիթ Պրինտ 6 8 -2
Ռեյ Բրեդբերի «451° ըստ Ֆարենհայթի»
Ապոլոն 6 9 ՆորՀերման Հեսսե
«Տափաստանի գայլը»
Անտարես 6 10 -1Վրեժ Իսրայելյան
«Վաղ, թե ուշ»
Լուսակն 6
Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:
«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը
- «Երևանյան բեսթսելեր». «Երեք խոզուկները» ՝ առաջատար. մանկական. մարտ,
2024
- Հայաստանի վարչապետն ընդունել է Վրաստանի արդարադատության
նախարարին
- «Երևանյան բեսթսելեր»․ «Ջունգլիների գիրքը» ՝ առաջատար. մանկական.
փետրվար, 2024
- «Երևանյան բեսթսելեր». «Ատոմային սովորություններ» գիրքն ՝ առաջատար.
փաստավավերագրական, հունվար, 2024
- «Երևանյան բեսթսելեր». «Բվիկ Բուուի արկածները» ՝ առաջատար. մանկական.
հունվար, 2024