Երևանում՝ 11:07,   9 Հունիս 2024

Եվրասիական հանձնաժողովը կողմերին է ուղարկել նախապատրաստած պայմանագիրը ներպետական համաձայնեցման համար. Շավարշ Քոչարյան

Եվրասիական հանձնաժողովը կողմերին է ուղարկել նախապատրաստած պայմանագիրը 
ներպետական համաձայնեցման համար. Շավարշ Քոչարյան

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական հանձնաժողովը կողմերին է ուղարկել Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու վերաբերյալ նախապատրաստված պայմանագիրը ներպետական համաձայնեցման համար: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանն ասաց, որ այժմ պետք է տեղի ունենա պայմանագրի ներպետական համաձայնեցում, ինչին կհաջորդի արդեն համաձայնագրի ստորագրումը:

«Ոչ ոք չի ասել, որ հուլիսի 1-ին Հայաստանը կստորագրի Եվրասիական տնտեսական միությանը միանալու համաձայնագիրը: Որոշումը, որ կայացրել է Բարձրագույն մարմինը` Եվրասիական տնտեսական հանձնաժողովը, այն է` մինչեւ հուլիսի 1-ը նախապատրաստվել ստորագրման համար: Երեկ, Եվրասիական հանձնաժողովը կողմերին է ուղարկել արդեն նախապատրաստած պայմանագիրը ներպետական համաձայնեցման համար: Այդ տեսակետից, տեղի է ունենում այն, ինչ նախատեսված էր»,- ասաց Շավարշ Քոչարյանը:

Փոխնախարարն ասաց, որ ստորագրման օրվա մասին չի եղել հստակ որոշում: «Եղել է որոշում նախապատրաստման վերաբերյալ, եւ երեկ այն ուղարկվել է ներպետական համաձայնեցման: Քանի որ հարցերը հիմնականում խորությամբ քննարկվել են` հույս ունենք, որ ներպետական համաձայնեցումը շատ երկար չի տեւի: Երբ դա ավարտվեց, կարելի է խոսել ժամկետների մասին»,- ասաց Շավարշ Քոչարյանը:

Անդրադառնալով շրջանառվող տեսակետերին, որ ԵՏՄ անդամ երկու պետությունները` Բելառուսը եւ Ղազախստանը դեմ են Հայաստանի անդամակցությանը, ՀՀ ԱԳ փոխնախարարն ասաց. «Եթե այդպես լիներ, ապա երեկ համաձայնագիրը չէր ուղարկվի, որովհետեւ եթե որեւէ մեկը դեմ է, ապա ինքը կարող է որեւէ հարցի շուրջ ստեղծել անհաղթահարելի խոչընդոտ: Իսկ հարցերը հարյուրավոր են: Այնպես որ, նման բան չկա»,- ասաց Շավարշ Քոչարյանը: 

Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը մայիսի 29-ին Աստանայում ստորագրեցին Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիրը, այն ուժի մեջ կմտնի 2015թ․ հունվարի 1-ից: Հայաստանը, որ հայտ է ներկայացրել է Մաքսային միության անդամ դառնալու, ստեղծել է ճանապարհային քարտեզ եւ համաձայնեցրել բոլոր հարցերը: ԵՏՄ-ն կլինի վերպետական տնտեսական տարածք, որի անդամ երկրները միմյանց հետ կիրականացնեն առեւտուր սահմանված հատուկ մաքսատուրքերով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am