Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

ԼՂՀ-ն միակ չճանաչված պետությունը չէ, որ «դե ֆակտո» դառնում է ԵՏՄ տարածքի մի մասը. Գագիկ Մինասյան

ԼՂՀ-ն միակ չճանաչված պետությունը չէ, որ «դե ֆակտո» դառնում է ԵՏՄ տարածքի մի 
մասը. Գագիկ Մինասյան

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական տարածքին Հայաստանի անդամակցումը տնտեսական լայն հեռանկարներ է բացում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համար: Լեռնային Ղարաբաղը, չդառնալով ԵՏՄ անդամ, «դե ֆակտո» դառնում է Եվրասիական տնտեսական տարածքի մի մասը, և այնտեղ արտադրվող ապրանքներն ունենալու են նույն կարգավիճակը, որն ունեն միության անդամ մյուս երկրներում արտադրվող ապրանքները: Ադրբեջանում սա շատ լավ են հասկանում և փորձում են ամեն գնով խոչընդոտել Եվրասիական տնտեսական տարածքին Հայաստանի անդամակցության գործընթացը: Այս մասին հունիսի 3-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը: «Հայաստանի Հանրապետությունը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը մեկ միասնական տնտեսական տարածք են, և մեր միջև մաքսակետ չի կարող լինել: Ադրբեջանը շատ լավ հասկանում է այս ամենը և ամենատարբեր եղանակներով փորձում է խոչընդոտել գործընթացը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Մինասյանը՝ հավելելով, որ Լեռնային Ղարաբաղը միակ չճանաչված հանրապետությունը չի լինելու, որ չհանդիսանալով ԵՏՄ անդամ, «դե ֆակտո» դառնալու է ԵՏՄ տարածքի մի մասը՝ հիշեցնելով, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն արդեն ստորագրել է համաձայնագրերը, որոնցով վերացվել են մաքսային սահմանները Ռուսաստանի և Աբխազիայի, ինչպես նաև Ռուսաստանի և Հարավային Օսիայի միջև:

Անդրադառնալոեվ Աստանայում Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հայտարարությանը, թե Հայաստանը պետք է Եվրասիական տնտեսական տարածքին միանա այն սահմաններով, որով անդամակցել է Առևտրի համաշխարհային կազմակերպությանը՝ Գագիկ Մինասյանը նշեց, որ Նազարբաևն արդեն երկրորդ անգամ է բարձրաձայնում այդ հարցը՝ ցույց տալով, որ լիովին պաշտպանում է ադրբեջանական շահերը: «Այստեղ հարկ է նշել, որ Նազարբաևը Հայաստանի սահմանների հարցը բարձրացրել էր նաև Մոսկվայում, երբ Հայաստանը ստորագրում էր Մաքսային միության անդամակցության ճանապարհային քարտեզը: Սակայն այդ ժամանակ Ռուսաստանի և Բելառուսի ղեկավարները քննարկեցին և մերժեցին նրա առաջարկները, և Հայաստանն առանց խնդիրների ստորագրեց ճաապարհային քարտեզը: Աստանայում արդեն Նազարբաևն այդ հայտարարությունն արեց ոչ թե իր, այլ Ադրբեջանի նախագահի անունից, քանի որ մեկ անգամ արդեն պարտություն կրել էր և ցանկալի չէր երկրորդ անգամ պարտվել»,- ասաց Մինասյանը՝ ընդգծելով, որ Նազարբաևի հայտարարությունը տհաճ էր, սակայն Հայաստանի համար ոչ վնասակար:

Գագիկ Մինասյանը նշեց, որ Նազարբաևի հայտարարությունն ինչ-որ տեղ նաև օգտակար էր մեզ համար: «Երբ մենք ասում ենք Հայաստան, պատկերացնում ենք Հայաստանը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Հիմա արդեն մենք տեսնում ենք, որ միջազգային պայմանագրերում էլ, երբ խոսքը գնում է Հայաստանի մասին, քննարկում են` Հայաստան ասելիս հասկանալ միայն ՄԱԿ-ի ամրագրած սահմաններով Հայաստա՞ն, թե՞ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ միասին: Սա ևս շատ կարևոր է մեզ համար»,- ասաց Մինասյանը:

Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում մայիսի 29-ին Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը ստորագրել են Եվրասիական միասնական տնտեսական տարածքի ձևավորման մասին պայմանագիրը: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը խնդրել է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագրի ստորագրման ժամկետ սահմանել հունիսի 15-ը: ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտնիը հայտարարել է, որ Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամակցության պայմանագիրը կստորագրի ամենամոտ ժամանակներում: Նիստի ժամանակ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը հիշատակել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևից ստացած նամակի մասին, որում ասվում է, իբր Հայաստանը Եվրասիական տնտեսական միությանը կարող է միանալ միայն այն սահմաններով, որոնցով մտել է Առևտրի համաշխարհային կազմակերպություն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am