1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Մայր Աթոռում Գևորգ Զ կաթողիկոսի անվան միջեկեղեցական կենտրոն է բացվել

Մայր Աթոռում Գևորգ Զ կաթողիկոսի անվան միջեկեղեցական կենտրոն է բացվել

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ ապրիլի 28-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել երանաշնորհ Գևորգ Զ Չորեքչյան Կաթողիկոսի անվան միջեկեղեցական կենտրոնի բացման հանդիսավոր արարողությունը: Նորաբաց շենքում գործելու են Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժինը, Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակը և Հայաստանյան Կլոր սեղան միջեկեղեցական բարեգործական հիմնադրամը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, բացմանը ներկա են եղել Մայր Աթոռի միաբանները, Հելսինկիի միտրոպոլիտ Ամբրոսիոսի գլխավորած Ֆին Ուղղափառ Եկեղեցու պատվիրակությունը, ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելը, Կլոր սեղան հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները հիմնադրամի պաշտոնեությունը և այլ հյուրեր:

Նորակառույց կենտրոնի օրհնության կարգը կատարվել է ձեռամբ Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի, Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն, Արթիկի թեմի առաջնորդ Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանի և Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի: Արարողությունից անմիջապես հետո Ամենայն Հայոց կաթողիկոսն ու Կլոր սեղան հիմնադրամի տնօրեն Կարեն Նազարյանը հատել են բարեզարդված կառույցի մուտքի ժապավենը:

Այնուհետև միջեկեղեցական կենտրոնի դահլիճում ներկաներին ողջունել է Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը` անդրադառնալով նորաբաց կառույցի կարևոր դերակատարությանը միջեկեղեցական հարաբերությունների արդյունավորման գործում: Սրբազանն երախտագիտություն է հայտնել Ամենայն Հայոց Հայրապետին Մայր Աթոռի միջեկեղեցական կառույցների արդյունավոր գործունեության համար նման պայմաններ ստեղծելու կապակցությամբ: Այս առիթով Հովակիմ եպիսկոպոսը նաև ներկայացրել է Կլոր սեղան հիմնադրամի տնօրեն տիար Կարեն Նազարյանի գործադրած ջանքերն ի նպաստ կառույցի հաստատման, ինչպես նաև Հայաստանում դիակոնիայի զարգացման, տարածաշրջանում խաղաղասիրական գործունեության, Հայ Եկեղեցու միջեկեղեցական հարաբերությունների ոլորտում  ունեցած շարունակական ներդրումը:

Բացման խոսքից հետո «Էջ Միածինն ի Հօրէ» շարականի երգեցողության ներքո ներս է բերվել Հայրապետական սրբատառ կոնդակը, որով Ամենայն Հայոց կաթղիկոսի կողմից տիար Կարեն Նազարյանին շնորհվել է Հայ Եկեղեցու «Սուրբ Ներսես Շնորհալի» պատվո բարձր շքանշան` ազգային-եկեղեցական կյանքում աստվածասեր հոգով մատուցած գովելի ծառայությունների համար:

Հայրապետական կոնդակում, որն ընթերցվել է Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի կողմից, մասնավորապես ասված է.

«Հարգարժան պարոն Նազարյան,

…Գոհունակություն է Հայոց Հայրապետիս համար անդրադառնալ, որ երկնառաք հաջողություններով բարեզարդ է ազնիվ հայորդուդ աստվածօրհնյալ կյանքը, որը դարձրել եք ծառայություն հավատավոր մեր ժողովրդին և սիրո սպասավորություն մեր Սուրբ Եկեղեցու  Քրիստոսավանդ առաքելության իրագործմանը: Երկար տարիներ Դուք, որպես տնօրենը Հայաստանյան Միջեկեղեցական Բարեգործական Կլոր Սեղան հիմնադրամի, եռանդուն մասնակցություն եք բերում միջեկեղեցական հարաբերությունների զարգացման ու արդյունավորման, Եկեղեցիների գործակցության արգասավորման առաքելության մեջ: Ձեր ջանադիր գործունեությամբ նաև մեծապես նպաստում եք հայրենի մեր երկրի համայնքներում բարօր ու ապահով ապրելակերպի հաստատմանը, սոցիալական ծառայության մատուցմանը, հոգևորականների, բարեսիրական կազմակերպությունների խնամատար սպասավորությանը զորակցելուն, խթանելով նաև երկխոսությունը մեր տարածաշրջանում խաղաղության պահպանման ու ամրապնդման համար: Աստվածահաճո Ձեր ծառայությանց ու վաստակի բարձր գնահատանքով Հայրապետական այսու Կոնդակով շնորհում ենք Ձեզ Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու «Սուրբ Ներսես Շնորհալի» պատվո բարձր շքանշանը:

Մաղթում ենք, որ նույն կորովով և նորոգ քաջալերությամբ նորանոր ձեռքբերումներով շարունակեք Ձեր կարևոր գործունեությունը»:

Շքանշանի հանձնումից հետո իր սրտի խոսքն է ասել Կարեն Նազարյանը` շնորհակալություն հայտնելով Նորին Սրբությանը բարձր պատվի արժանացնելու համար: Նա վստահություն է հայտնել, որ Հայրապետի տեսիլքով հաստատված կենտրոնը նոր խթան կհանդիսանա` ավելի մեծ եռանդով և ավյունով իրագործելու միջեկեղեցական ծրագրերը, հզորացնելու Հայ եկեղեցու կապերը հասարակական տարբեր հաստատությունների հետ:

Վերջում Ամենայն Հայոց Հայրապետն իր գնահատանքն ու հայրական պատգամն է փոխանցել ներկաներին: Իր ուրախությունը հայտնելով Չորեքչյան Հայրապետի անվան կենտրոնի բացման առիթով` Նորին Սրբությունը շնորհավորել է Բագրատ և Հովակիմ եպիսկոպոսներին, տիար Կարեն Նազարյանին և գրասենյակների պաշտոնեությանը` մաղթելով Աստծո զորակցություն ու երկնառաք շնորհներ նրանց տերունապատվեր քրիստոնեական առաքելությանը:

Գարեգին Բ Կաթողիկոսն իր գնահատանքն է հայտնել միջեկեղեցական կառույցներին վերջին տարիներին միջեկեղեցական ոլորտում իրականացրած լայնածավալ գործունեության համար` գոհունակությամբ հաստատելով, որ ժրաջան աշխատանքի շնորհիվ տարբեր հարցերի ու խնդիրների առնչությամբ Հայ Եկեղեցին իր տեսակետը հնչեցնում է բոլոր միջեկեղեցական  ամբիոններից: Հայոց Հայրապետը հույս է հայտնել, որ, օժտվելով նման պայմաններով, կառույցների ծառայությունն ավելի արգասաբեր կդառնա փոխհասկացողության խթանումով և փոխգործակցության զորացմամբ Եկեղեցիների  և կրոնական կազմակերպությունների մերձեցման գործում:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]