Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Պոլսո Հայոց պատրիարքարանը Էրդողանի ուղերձի վերաբերյալ հայտարարություն է արել. մեկնաբանում է պատմաբանը

Պոլսո Հայոց պատրիարքարանը Էրդողանի ուղերձի վերաբերյալ հայտարարություն է 
արել. մեկնաբանում է պատմաբանը

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պոլսո Հայոց պատրիարքարանը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ` մեկնաբանելով Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ուղերձը հայերին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Անադոլու» գործակալությունը, տարածած հաղորդագրության մեջ պատրիարքարանը հայտնել է, որ այս հայտարարությունը կարող է հիմնաքար հանդիսանալ Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերություններում կառուցվելիք կամրջի համար:

«Մեր հարգարժան վարչապետն այս հայտարարությամբ նոր էջ բացեց հայ-թուրքական հարաբերություններում, Անատոլիայի սրտում պատերազմի ցավերը համտեսած մուսուլման և ոչ մուսուլման օսմանյան քաղաքացիների հիշատակին հարգանք դրսևորեց»,- նշվում է պատրիարքարանի տարածած հաղորդագրության մեջ: Պատրիարքարանը նաև կոչ է արել Թուրքիայի հակառակորդներին ճիշտ մեկնաբանել ուղերձը` հեռու մնալով ատելություն և թշնամանք սերմանող հայտարարություններից: «Թող Աստված ընդունի մեր աղոթքները և վիրավոր սրտերը, քարերից ու փշերից ազատելով, պտղատու հող դարձնի փոխադարձ սիրո և հարգանքի սերմերի համար»,- ասվում է հայտարարության եզրափակիչ մասում:

Մեկնաբանելով Պոլսո հայոց պատրիարքարանի տարածած հաղորդագրությունը` պատմական գիտությունների թեկնածու Արամ Անանյանն ասաց. «Տեղի ունեցածը վկայում է երկու երևույթի մասին: Առաջինն այն, որ Թուրքիայի քարոզչական գործիքներն այս պահին միտված են ավելի մեծ աղմուկ բարձրացնելու Էրդողանի`երեկվա ոչինչ չասող հայտարարությունից: Երկրորդը, տեսնելով, որ հայտարարությունը որևէ աջակցություն չգտավ հայերի կողմից, Թուրքիան փորձում է ստեղծել տպավորություն, թե Էրդողանի հայտարարությանը հայերի կողմից աջակցություն կա: Պոլսո Հայոց պատրիարքարանի հայտարարությունն առաջինը հենց այս խնդիրն է փորձում լուծել»:

Անանյանի հավաստմամբ` իրերի զարգացումը ցույց տվեց, որ Էրդողանը նաև անցած օրվա ընթացքում 3-4 հայտարարությամբ բացահայտեց իր հայտնի ուղերձի երկրորդ երեսը, որի մասին հայտարարության մեջ ոչ մի խոսք չկար: Այսինքն` ամբողջությամբ ապացուցվեց այն թեզիսը, որ դա ունի զուտ քարոզչական նպատակ, քանի որ եթե Թուրքիայի մղումները լինեին ազնիվ, ապա Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու հարյուրավոր գործիքներ կային:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am