«Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» ցուցահանդեսը նվիրված էր Սուրբ Հարության տոնին
ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» խորագրով ցուցահանդեսը Հյուսիսային պողոտայում համախմբել էր բազմաթիվ սիրիահայերի, որոնք հանրության դատին էին ներկայացրել իրենց ձեռքի ստողծածը: Ավանդական դարձած միջոցառմանը ցուցադրվում և վաճառվում էին տարատեսակ սննդատեսակներ, համեմունքներ, Զատկի պարագաներ, զարդեր, նկարներ, հագուստեղեն, անգամ փուչիկներ: Ցուցահանդես-տոնավաճառը կազմակերպել էին ՀՀ սփյուռքի նախարարությունը և «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպությունը: Միջոցառումն այս անգամ նվիրված էր Սուրբ Հարության տոնին:
ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանը խոստովանեց, որ շատ է սիրում սիրիահայերի պատրաստած ցանկացած բան: «Սիրիահայերը ստեղծագործ մարդիկ են: Նրանք Հայաստանի սննդի ոլորտ հետաքրքիր մշակույթ են բերել, նույնիսկ մենք նախարարությունում ամեն օր օգտվում ենք իրենց պատրասատած ուտեստներից: Հատուկ ենք անում, որ իրենց էլ օգուտ տանք: Վերցրեցի համեմունքներ, հավի կոտլետներ և հումուս»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց Հրանուշ Հակոբյանը:
Նախարարի պաշտոնակատարն ընդգծեց, որ Զատկի սեղանին պատրաստվում է ներկած ձու դնել, կանաչի և ձուկ, որոնք հենց ինքն է պատրաստում: «Զատկի տոնը մեզ մոտ այնպես չէ տոնվում, ինչպես սփյուռքում: Սա համարվում է իրենց խոշորագույն տոներից մեկը և արմատավորվում է նաև Հայաստանում: Պատրաստում են այնպիսի բաներ, որ մենք չենք անում»,- նշեց Հակոբյանը` ընդգծելով, որ ցուցահանդեսին հնարավոր է գնել այնպիսի ապրանքներ, որոնք սեղաններին նորույթների կլինեն:
Շանթ Խայալյանը ցուցահանդեսին ներկայացել է Beauty products –ի օրգանական օճառներով, որոնք պատրաստում է անձամբ ինքը` օգտագործելով հին տեխնոլոգիաներ: «Ունենք երիցուկով, խնկածաղիկով, մաղադանոսով պատրաստված օճառներ: Մարդիկ հետաքրքրվում են, գնում` հասկանալով, որ բնական է, դառնում իմ մշտական հաճախորդները: Հաջորդ ամսվա ընթացքում վարունգի օճառ էլ կունենանք»,- մեզ հետ զրույցում նշեց Փայալյանը` ընդգծելով, որ օճառներով հետաքրքրվում են նաև արտասահմանցիները:
Ցուցահանդեսի մասնակիցները շնորահակալություն հայտնեցին նախարարությանը` միջոցառումը պարբերաբար կազմակերպելու համար:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում