Հովիկ Աբրահամյանը խոստացավ ընդունել Ֆիրդուսի և Բուզանդի փողոցների բնակիչներին
ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանը մոտեցավ և զրուցեց ՀՀԿ գրասենյակի մոտ հավաքված` Ֆիրդուսի և Բուզանդի փողոցի բնակիչների հետ, ովքեր պահանջում են լուծել իրենց բնակարանային խնդիրները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հովիկ Աբրահամյանը բնակիչների հետ զրուցեց մինչ ՀՀԿ գործադիր մարմնի նիստին մասնակցելու համար ՀՀԿ գրասենյակ մտնելը:
Քաղաքացիները ներկայացրեցին իրենց խնդիրը՝ նշելով, որ արդեն 6 տարի իրենք բնակարան չունեն, շենքն օտարվել է, իրենց խոստացել են նոր բնակարան տալ, սակայն մինչ օրս իրենք վարձով են ապրում, քանի որ «Գլենդել Հիլս» ընկերությունը չի կատարում պայմանագրով նախատեսված պարտականությունները:
Հովիկ Աբրահամյանը խոստացավ ապրիլի 18-ից սկսած ընդունել նրանց: «Ես խոստանում եմ, վաղը կընդունեմ ձեզ, կքննարկենք, կփորձենք լուծել ձեր խնդիրը»,- ասաց Աբրահամյանը՝ ընդգծելով, որ վաղը կընդունի Բուզանդի փողոցի բնակիիչներին, իսկ հաջորդ օրը՝ Ֆիրդուսի փողոցի բնակիչներին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում